Հայաստան՚ համահայկական հիմնադրամի բարերար Արմեն Շախազիզյանի նվիրատվությամբ վերակառուցվում է Ստեփանակերտի տուն-ինտերնատը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 20, 2011 13:06
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն Արցախում իրագործում է խոշորածավալ ծրագիր` Ստեփանակերտում ծերերի եւ հաշմանդամների տուն-ինտերնատի վերակառուցումը: Նախաձեռնությունը մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանինն է, ով այդ նպատակով նվիրաբերել է 400 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը համաֆինանսավոում է ԼՂՀ կառավարությունը:
Արցախի միակ տուն-ինտերնատում ներկայումս մշտապես բնակվում է շուրջ 100 ծեր ու հաշմանդամ, իսկ շուրջ 150 մարդ էլ խնամք է ստանում իրենց տներում: Բարերար Արմեն Շախազիզյանը Հիմնադրամի տնօրինության հետ կիսել էր իր մտահոգությունը միայնակ ու խնամքի կարիք ունեցող ծերերի հիմնախնդիրների շուրջ եւ պատրաստականություն հայտնել աջակցել այսօրինակ ծրագրերի:
Ներկայումս ընթացքում են հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները:
ՙՄեր մշտական բարերարների շարքը համալրվել է եւս մեկ արժանավոր հայորդով: Մոսկովյան գալա-ճաշկերույթին Արցախում ջրի խնդրին ուղղված հանգանակությանը 300 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերելուց բացի ՙԼուդինգ՚ ընկերության հիմնադիր Արմեն Շախազիզյանը որոշել էր նաեւ նպատակային նվիրատվություն կատարել, որպեսզի արցախցին ծերությունը արժանապատիվ, պայմաններում վայելելու հնարավորություն ունենա՚,- այս առիթով նշել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Տուն-ինտերնատի երկու մասնաշենքերը վերջին անգամ նորոգվել են 1988 թվականին: Ծերանոցի տնօրեն Իրինա Սարգսյանի հավաստմամբ. ՙԱհավոր վիճակում են հատկապես սանհանգույցները, կոյուղու համակարգը, ճաշարանը: Ամեն կերպ ջանում ենք կենցաղային անհարմարությունների բացը լրացնել մեր ծերերի նկատմամբ խնամքով ու հոգատար վերաբերմունքով: Կարծում եմ, որ վաղը Ստեփանակերտի ծերանոցը կդառնա ոչ թե վերջին հանգրվան, այլ վաստակած հանգստի այլընտրանքային վայր: Շնորհակալ ենք Հիմնադրամից եւ մեր բարերար Արմեն Շախազիզյանից խնդրի առաջնահերթությունը գնահատելու համար՚:
Հիշեցնենք, որ Հիմնադրամի բարերար անդամ Արմեն Շախազիզյանը հաջողված գործարար լինելուց զատ, նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահներից է, եւ շարունակաբար իր նպաստն է բերում Հայաստանի եւ Արցախի զարգացմանը` ամենատարբեր ոլորտներում:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ






Facebook
Tweet This
Email This Post
