Հունիսի 21-ին հայտնի կդառնա ԵՊՀ ռեկտորի անունը
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 20, 2011 12:03
Երեւանի պետական համալսարանում վաղը’ հունիսի 21-ին, կկայանա ԵՊՀ ռեկտորի ընտրությունը: Շուրջ 10 օր առաջ ավարտվել էր ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջնաժամկետը: Եվ արդյունքում այս պաշտոնի համար միայն դիմել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:
Ըստ ընթացակարգի’ ԵՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնաառաջադրմամբ: Արամ Սիմոնյանն ինքնաառաջադրվել է:
Նշենք, որ այս պաշտոնում կարող էր առաջադրվել առնվազն 3 տարվա ղեկավարի աշխատանքի փորձ, դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայներ: Նշենք, որ ԵՊՀ խորհուրդը բաղկացած է 72 անդամներից: Ընտրությունների ընթացակարգի խախտումները եւ ընտրությունների արդյունքները կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Առաջին փուլի քվեարկության արդյունքում ընտրությունները համարվում են չկայացած, իսկ ռեկտորը’ չընտրված, եթե քվեարկված միակ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ:
Ռեկտորի ընտրական գործընթացն արտացոլող բոլոր փաստաթղթերը խորհրդի նիստի արձանագրության հետ պահվում են ԵՊՀ-ում:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմումների ընդունումը հայտարարվել էր ապրիլի 29-ից: Արամ Սիմոնյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում առավել վաղ նշել էր, որ իր պաշտոնավարած տարիների ընթացքում եղել են ե’ւ հաջողություններ, ե’ւ թերացումներ, եւ իր նախընտրական ծրագրում զետեղված ծրագրերի մեծ մասն իր կողմից հաջողվել է իրականացնել: Նա նաեւ նշել էր, որ համալսարանն իր երկրորդ տունն է եւ դրանից բաժանվելու ցանկություն չունի:






Facebook
Tweet This
Email This Post
