Երեւանում տեղադրվել է շուրջ 70 տեսախցիկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 20, 2011 11:58
Երեւանում տեսախցիկների տեղադրման գործընթացն ավարտման փուլում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի Տեխնոլոգիաների ներդրման կենտրոնից, նախատեսված 70 տեսախցիկների հիմնական մասը տեղադրված է’ 60-ը փողոցներում, իսկ 7-ը’ հրապարակներում: Առաջիկա ժամանակահատվածում կավարտվեն Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի հարեւանությամբ գտնվող հրապարակում, Երեւանի քաղաքապետարանի դիմացի այգու եւ նախկին «Հայրենիք» կինոթատրոնի մոտ:
Տեսախցիկների տեղադրման ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետի հանձնարարականով: Այն նպատակ ունի հետեւել կանգառներում առկա անցուդարձին եւ քայլեր ձեռնարկել այնտեղ կարգ ու կանոն ապահովելու ուղղությամբ: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը պարբերաբար հետեւում է իրավիճակին եւ արձանագրում երթուղային տաքսիների վարորդների կողմից թույլ տրված խախտումները:
Նշենք, որ ամիսներ առաջ տեսախցիկներ են տեղադրվել Ծիծեռնակաբերդում եւ Շառլ Ազնավուրի անվան, Հանրապետության, Ազատության, Ֆրանսիայի, հրապարակներում: Հրապարակներում կատարվող իրադարձություններին մարդիկ կարող են առցանց հետեւել’ այցելելով www.myyerevan.am կայք:






Facebook
Tweet This
Email This Post
