Ազնավուրը հանդես կգա Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգով

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 20, 2011 9:24

Շառլ Ազնավուրն սկսել է նոր խտասկավառակի վրա աշխատանքը: Խտասկավառակում նրա հեղինակած 13 երգ է լինելու, որոնք, առաջին ձայնագրություններին արդեն  ծանոթացած քննադատների կարծիքով,  «Ազնավուրի ոճի իսկական օրինակ են», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով «Ֆրանս-2»-ին:

Խտասկավառակի թողարկումից հետո, որը նախատեսվում է սեպտեմբեր սկզբին, Ազնավուրը հանդես կգա համերգների շարքով: Դրանք տեղի կունենան սեպտեմբերի 7-ից մինչեւ հոկտեմբերի  6-ը եւ կանցկացվեն Փարիզի ամենահեղինակավոր` «Օլիմպիա» սրահում, որտեղից էլ, ի դեպ, Ազնավուրն իր կարիերան սկսել  է 55 տարի առաջ:  Այդ ելույթների շրջանակում սեպտեմբերի 28 –ին տեղի կունենա բարեգործական գալա-համերգ` «Ազնավուրն ընդունում է ընկերներին» խորագրով, որի հասույթը կուղղվի Հայաստանին: Այն նվիրված է լինելու Հայաստանի անկախության  20-ամյակին:

Փարիզում ելույթներից հետո Ազնավուրը հոկտեմբերից դեկտեմբեր համերգային  շրջագայություն է նախատեսում Ֆրանսիայում: Նա հանդես է գալու «Զենիթ» ընկերության համերգասրահներում: Հայտնի է նաեւ համերգների խորագիրը`  «Բացարձակ ինտիմ միջավայրում», ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ բեմում  դեկորացիաներ չեն լինելու, կլինեն միայն փոքրաթիվ երաժիշտներ:

Ինքը` շանսոնյեն նախընտրել է այս թեմայով լրատվամիջոցներին մանրամասներ չհաղորդել: Միաժամանակ` «Ֆրանս-2»-ին տված հարցազրույցում նա ասել է. «Ես լավ եմ սովորել աշխատել, հիմա լավ կլինի, որ նաեւ հանգստանալ սովորեմ»:

Արդյոք նա տանը սիրում է երգել իր երգերը հարցին, Ազնավուրը պատասխանել է: «Ոչ, երբեք: Ես չեմ սիրում լսել սեփական երգերս, ինչպես նաեւ չեմ սիրում տեսնել իմ պատկերը»,- խոստովանել է Ազնավուրը:

«Ես նախընտրում եմ ինձ համար երգել այնպիսի ֆրանսիացի դասականների երգերը, ինչպիսիք են Բրասենսը, Բրելը, Բեկոն, Նուգարոն: Կամ նույնիսկ ավելի հին երգեր: Միաժամանակ ես փորձում եմ փոխել երգի ռիթմն ու տեմպը, որպեսզի ինչ-որ նոր, ոչ սովորական բան ստացվի: Դա շատ հետաքրքիր զբաղմունք է: Չպետք է թույլ տալ, որ երգերը մահանան», -ասել է անվանի երգիչը:

Ազնավուրը չի սիրում, երբ իրեն «աստղ» են համարում:  «Այս տերմինն ամերիկյան շոու-բիզնեսի համար է: Ես նախընտրում եմ կոչվել «վարյետեի ֆրանսիացի արտիստ», -համեստորեն նկատել է Ազնավուրը:

NEWS.am

 

Դիտվել է 1633 անգամ:
Print Friendly

Leave a Reply