Մայրության կտրոն` 50-ամյա իտալուհիների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 18, 2011 16:45
Իտալական Վենետո շրջանի քաղաքային խորհուրդներից մեկում միաձայն որոշում է ընդունվել’ արհեստական բեղմնավորմամբ երեխա ունենալ ցանկացող կանանց առավելագույն տարիքը 43-ից բարձրացնել մինչեւ 50: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իտալական La Stampa-ն, Վենետոյի շրջանի բնակիչներին ոգեւորել է իտալացի հայտնի երգչուհի Ջանա Նաննինիի օրինակը. նրա դուստր Պենելոպան ծնվել է այն ժամանակ, երբ մայրն արդեն 50 տարեկան էր:
Արհեստական բեղմնավորման ծառայությունից օգտվել ցանկացող կանայք ընդամենը պետք է վճարեն հատուկ կտրոնի համար: Վենետոյի շրջանի’ առողջապահական հարցերով հարկային տեսուչ Լուկա Կոլետտոն նշել է, որ իրենք հարգում են գիտությունը, սակայն չեն կարող հաշվի չառնել կյանքի շարունակականության մեծացումը եւ Ջանա Նաննինիի օրինակը. այդ ամենը վկայում է այն մասին, որ երեխա կարելի է ունենալ նաեւ հասուն տարիքում, եւ դրանում տարօրինակ ոչինչ չկա:
Իսկ ընդունա՞կ է արդյոք 50-ամյա կինը մինչեւ վերջ տանել հղիությունը, ուժ կունենա՞ տակդիրն ու ծծակը ձեռքին անընդհատ վազելու եւ լացող երեխայի կողքին անքուն գիշերներ անցկացնելու համար. ընդունված որոշման առաջին քննադատները դարձել են տեղի բժիշկները: Նրանցից մեկի խոսքով’ այս փոփոխությունը կնշանակի հավելյալ ժամանակի կորուստ եւ մեծ ծախսեր, որոնք կարող էին առավել օգտակար լինել երիտասարդ այցելուների համար: Փոփոխությունը, սակայն, ունի եւ իր կողմնակիցները:
Տեղի փորձագետներից մեկի համոզմամբ’ Եվրոպայի առաջատար մի շարք երկրներում 50-ամյա տարիքը համարվում է ընդունելի շեմ, եւ ժամանակակից գիտությունը մեծապես օգնում է հղիության ընթացքի դրական արդյունքի հասնելուն:






Facebook
Tweet This
Email This Post
