Արմեն Աշոտյան. «Կարևոր է աշակերտին տալ սեր դեպի ուսուցումը»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2011 14:39

Հանրակրթության բարեփոխումների կարեւորագույն խնդիրներից են հանրակրթության պետական չափորոշիչների վերանայումը, բեռնաթափված ծրագրերի հաստատումը եւ օտար լեզուների դասավանդումը: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտում այսօր մեկնարկած «Հանրակրթության բովանդակային բարեփոխումներ. առաջիկա խնդիրներ» խորագրով գիտաժողովին այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը’ հույս հայտնելով, որ քննարկումը խնդիրներին լուծում կտա:

Պետական չափորոշիչների վերանայումն, ըստ նախարարի, խիստ կարեւոր է, այն քննարկվել է նաեւ Ազգային ժողովում: Բեռնաթափված ծրագրերի հաստատումը եւս կարեւոր է, սակայն շտապողականություն չի կարելի թույլ տալ.այն կարող է վնասել արդեն արված աշխատանքին: Օտար լեզուների դասավանդման խնդրի շուրջ իրենց մտահոգությունները հայտնել են բոլոր շահառու կողմերը, եւ նախարարությունը միանում է այդ մտահոգությանը: Ա. Աշոտյանի համոզմամբ’ բովանդակային բաղադրիչը չպետք է ստվերվի ինստիտուցիոնալ, կառուցողական, ֆինանսական բարեփոխումներով, քանի որ առաջնահերթ նշանակություն ունի աշակերտների’ որակյալ կրթություն ստանալը:

«Շատ կարեւոր է, որ այն փաստաթուղթը, որն, ի վերջո, լինելու է նախարարության կողմից, վայելի մասնագիտական շրջանակների հավանությունը եւ որոշակի «լեգիտիմության աստիճան» ունենա դպրոցի աշխատողների մոտ»,- ասաց ԿԳ նախարարը’ նկատելով, որ խորհրդային դպրոցը փայլուն էր խորհրդային հասարակարգի համար, այժմ Հայաստանի համար պետք է ստեղծել դպրոց, որը կլինի ժամանակակից, ինտեգրված համաշխարհային տնտեսական, քաղաքական ու գիտելիքահեն ոլորտներում: Նրա խոսքով’ պետք է ստեղծել դպրոց, որն աշակերտին հնարավորություն կտա հաղորդակցվելու աշխարհի հետ, բայց միեւնույն ժամանակ թույլ կտա մնալ հայ:

Նախարարը նշեց, որ դպրոցական ծրագրերը պետք է լինեն ոչ թե ըստ թեմաների, թե ինչ պետք է անցնի երեխան, այլ պետք է գնահատել վերջնական արդյունքները’ թե ինչ կարող է անել աշակերտը դպրոցը ավարտելուց հետո: Ա. Աշոտյանն ընդգծեց, որ աշակերտին պետք է տալ սեր դեպի ուսուցումը. դարերի ընթացքում կուտակված գիտելիքների ողջ պաշարի փոխանցումը երեխային 12 տարում անհնար է, ուստի կարեւորը երեխային հիմնական գիտելիքների փոխանցումն է եւ ուսման նկատմամբ սիրո դաստիարակումը: «Պատկերավոր ասած’ պետք է ոչ թե նավակ տալ երեխային, որ նա տեղեկատվության եւ գիտելիքի այս անծայրածիր օվկիանոսում արհեստական ձեւով կարողանա շարժվել, այլ պետք է լողալ սովորեցնել, որպեսզի նա կարողանա ինքնուրույն ընտրել այն մասնագիտական ճանապարհը, որն իրեն թույլ կտա ողջ կյանքի ընթացքում սովորել»,-ասաց նախարարը:

 

Արմենպրես

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply