Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 4, 2009 18:49
Մայիսի 31-ին` ժամը 14:10-ին, ԼՂՀ պաշտպանական բանակի նորակոչիկներ` մայիսի 19-ին զորակոչված Օհան Հարությունյանը և Գևորգ Թովմասյանն ինքնակամ լքել են զորամասը եւ հայտնվել ադրբեջանական կողմում: Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվում են գերեվարման մեջ ընկած նորակոչիկների մասին մի շարք տեղեկություններ, որտեղ նրանք պատմում են հայկական զինված ուժերում իբր թե տիրող անմխիթար վիճակի եւ բազմաթիվ անօրինությունների մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը` «ադրբեջանական կողմը, օգտագործելով ընդամենը 12 օր ծառայության մեջ գտնվող և դեռևս զինվորական երդում չտված նորակոչիկներից հատուկ միջոցների կիրառմամբ կորզված ցուցմունքները, նպատակ ունի ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանական բանակի մասին մտացածին տեղեկությունների տարածման քողի ներքո բարձրացնել սեփական հասարակության ներսում սեփական զինված ուժերի բարոյալքված վարկն ու հեղինակությունը»:
«Ադրբեջանի հատուկ ծառայությունների` հայ նորակոչիկներից ցուցմունքների կորզման, հասարակության մեջ ակտիվ շահարկման եւ հանրային ցուցադրման փաստերը միջազգային մարդասիրական կառույցների ուշադրության կարիքն ունեն»,-ասել է Շահսուվարյանը` մեջբերելով մի շարք կոնվենցիաներ, որոնք խախտվում են Ադրբեջանի նման վարվելակերպով:






Facebook
Tweet This
Email This Post
