ՀՀԿ պատգամավոր. «ՀՀ նախագահի ելույթից պարզ է, որ երկխոսությունը շարունակվում է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2011 14:32

«Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում ամեն ինչ ասված է, եւ մեկնաբանության կարիք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը’ անդրադառնալով նախօրեին ՀՀ նախագահի’ արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսությանն առնչվող անդրադարձին: Ըստ պատգամավորի’ նախագահի ելույթից պարզ է, որ երկխոսությունը շարունակվում է:

Հ. Հարությունյանի խոսքով’ կազանյան հանդիպումից հետո երկխոսությունն առավել ակտիվ ընթացք կստանա, ընդ որում’ պարտադիր չէ, որ երկխոսությունն անպայման ընթանա ՀԱԿ-ի պահանջներով: Պատվիրակություններով երկխոսելու մասին բանախոսը նշեց, որ դա ձեւաչափ է, որը ՀԱԿ-ն է առաջ քաշում, եւ որն ինքը չի ընդունում: «Երկխոսությունը բազմապրոֆիլ հասկացություն է եւ կարող է տարբեր ձեւաչափերով հանդես գալ»,- նշեց ՀՀԿ անդամը’ նկատելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես են որոշ շրջանակներ պատկերացնում երկխոսություն կոչվածը:

«Կա՞ որեւէ քաղաքական կանոնագիրք երկխոսության վերաբերյալ, իհարկե ոչ. ես մի կերպ եմ պատկերացնում երկխոսությունը, դուք’ մեկ այլ»,- նշեց պատգամավորը’ հավելելով, որ շփումներ կան, իսկ շփումն ինքնին երկխոսություն է, եւ նախագահի պատասխանն էլ այդ երկխոսության արձագանքն է:

 

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply