Հունիսի առաջին կեսին Արցախում գրանցվել է աղիքային վարակի 11 դեպք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2011 12:48

Ընթացիկ տարվա հունիս ամսվա առաջին կեսին Արցախում գրանցվել է աղիքային վարակի 11 դեպք, որից’ 9-ը երեխաների շրջանում:

Ինչպես «Արմենպրես»-ի Արցախի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, վտանգավոր ոչ մի բան չկա, քանի որ տարվա հատկապես այս շրջանում, երբ շուկայում հայտնվում են թարմ մրգերն ու բանջարեղենը, նման վարակով դեպքերը սպասելի են: «Բոլոր արձանագրված դեպքերն էլ թեթեւ ծանրության էին եւ հիմնականում կապված էին հիգիենայի կանոնները չպահպանելու հետ»,-ասաց Օ. Հարությունյանը: Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի խոսքով’ տարվա այս շրջանում փոխվել է նաեւ տեսչության աշխատակիցների կողմից սննդի օբյեկտներում կատարվող ստուգումների գրաֆիկը: «Եթե տարվա մյուս եղանակներին սննդի օբյեկտներում մեր կողմից անցկացվող տեսչական ստուգումները կատարում ենք պլանային կերպով’ մեկ ամսվա պարբերականությամբ, ապա այս շրջանում, երբ հասունացել է պտուղ-բանջարեղենը, մեր մասնագետների կողմից ստուգումների քանակը գրեթե եռապատկվել է»,-ասաց Օ. Հարությունյանը’ նշելով, որ ստուգումների ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվում պտուղ-բանջարեղենում առկա նիտրատների քանակին, այլ ապրանքատեսակների դեպքում’ պահպանման ժամկետներին եւ սննդի օբյեկտներում առկա սանիտարահիգիենիկ պայմաններին:

Նա աղիքային վարակից խուսափելու համար խորհուրդ տվեց մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող ջրի տակ:

 

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply