ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական կլոր սեղան-քննարկումը՝ մրցակցության և պետական օժանդակության թեմայով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2011 20:09

Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 17-ին Երևանում տեղի ունեցավ հերթական կլոր սեղան-քննարկումը՝ մրցակցության և պետական օժանդակության թեմայով: Լիտվայից և Գերմանիայից ժամանած միջազգային փորձագետները ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ ներկայացրեցին հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միջազգային փորձն ու  գնահատականները:
Մի շարք երկրներում մրցակցային մարմինները ունեն նույն լիազորությունները, ինչ իրավապահները
Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում տնտեսվարողների կողմից թույլ տրվող չարաշահումների առումով քիչ չեն նաև հակամրցակցային համաձայնությունների դեպքերը: Թեմայի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ   Գերմանիայի մրցակցության մարմնի փորձագետ պարոն Թեմմեն՝ ներկայացնելով ոլորտի վերաբերյալ մասնավոր դեպքեր և բացահայտումներ միջազգային փորձից: Իր խոսքում փորձագետն անդրադարձավ մասնավորապես մրցակցային մարմինների լիազորություններին, քանի որ դրանք չափազանց կարևոր են չարաշահում թույլ տված տնտեսվարողի վարքագծի ուսումնասիության համար: Պարոն Թեմմեն նշեց, որ, օրինակ, Գերմանիայի մրցակցային մարմինը  իրավասու է օրենքի խախտման մեջ մեղադրվող տնտեսվարողների մոտ իրականացնել լայնածավալ հետաքննություն և, ըստ էության, իրենք այս մասով ունեն նույն լիազորությունները, ինչ իրավապահ մարմինները: Փորձագետը հավելեց, որ Գերմանիայի մրցակցային մարմինը կարող է կատարել նաև գաղտնի և անակնկալ այցեր, ինչի համար հարկավոր է միայն հիմնավորել նման հետաքննության նպատակը և դատարանից ստանալ համապատասխան թուլտվություն: Պարոն Թեմմեն նշեց, որ տնտեսվարողները ևս զգուշանում են իրենց անակնկալ այցերից, նրանք իրենց արտադրամասերի շուրջ բարձր պատնեշներ են կառուցում, կամ ուժեղացնում են անվտանգության համակարգերը:
Հարցի հետ կապված՝  Լիտվայի մրցակցության խորհրդի անդամ Ժուրատ Սովիենն էլ ընդգծեց, որ իրենք ևս ունեն նման լիազորություններ և առանց դրանց մրցակցային մարմնի համար խիստ դժվար կլինի հայտնաբերել օրինախախտներին և ապացուցել նրանց մեղքը:
Հիշեցնենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններով նախատեսվում էր ընդլայնել Հանձնաժողովի լիազորությունների շրջանակը և ՏՄՊՊՀ-ին ևս օժտել ստուգումներ անցկացնելու լիազորությամբ: Այս կետը չընդունվեց  ԱԺ մեծամասնության կողմից այն մեկնաբանությամբ, որ նման ստուգումների լիազորությամբ օժտված է Պետական եկամուտների կոմիտեն և անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն տրամադրել Հանձնաժողովին:
Գերիշխող դիրք և գերիշխող դիրքի չարաշահում
Կլոր սեղան-քննարկման ընթացքում արծարծվեցին նաև հետևյալ հարցերը. ինչպես գնահատել արդյո՞ք տնտեսվարողը տվյալ շուկայում գերիշխող դիրք գրավում է, թե ոչ, արդյո՞ք այդ վարքագիծը համարվում է չարաշահում, թե ոչ, որո՞նք են չարաշահման դրսևորումները եւ որո՞նք կարող  են հանդիսանալ ‹‹բարձր›› գների պատճառները: Այս հարցերի վերաբերյալ իր տեսակետները զեկույցում ներկայացրեց Լիտվայի մրցակցության խորհրդի անդամ Ժուրատ Սովիենը` ներկայացնելով ԵՄ փորձը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրություններ է անցկացնում ապրանքային շուկաներում, որի ընթացքում գնահատական է տրվում նաև այս կամ այն տնտեսվարողի՝ շուկայում զբաղեցրած դիրքին: Այս հարցի հետ կապված հասարակական ընկալումը միանշանակ չէ և երբեմն գերիշխող դիրքի չարաշահումը ընկալվում է որպես ոչ օրինական: Հարկ է նաև նշել, որ իրենք՝ տնտեսվարողներն էլ ոչ միշտ են ընդունում, որ գերիշխող դիրք են զբաղեցնում:
Պետական օժանդակություն. Որքանո՞վ են օրինական պետության կողմից այս կամ տնտեսվարողին տրվող արտոնությունները
Հայաստանում տարբեր ոլորտների տնտեսվարողները հաճախ են օգտվում պետական օժանդակությունից, որը կատարվում է հիմնականում ֆինանսական աջակցության կամ հարկային արտոնության տեսքով: Պետական օժանդակության ոլորտը խիստ կարևոր է, քանի որ ֆինանսապես աջակցելով մի տնտեսվարողի, հնարավոր է, որ անհավասար պայմաններ ստեղծվեն նույն գործունեությամբ զբաղվող այլ սուբյեկտների համար:  Հայաստանում պետական օժանդակության վերահսկողության նշանակության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանը, ով ներկայացրեց նաև թեմայի վերաբերյալ միջազգային տեսակետները:
Թե ինչպիսի մեխանիզմներ պետք է կիրառվեն պետական օժանդակության վերահսկողության առումով, քննարկման մասնակիցներին տեղեկացրեց Լիտվայի մրցակցության խորհրդի անդամ պրն Սեմնոլոնսկիսը:
ԵՄ Թվինինգ ծրագիր. Նման քննարկումները կրելու են շարունակական բնույթ
Տեղեկացնենք, որ մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող  Թվինինգ ծրագիրն իրականացում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ ԵՄ երկու անդամ պետությունների` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարության եւ Լիտվայի Հանրապետության մրցակցության խորհրդի հետ համատեղ՝  2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն ու ՏՄՊՊՀ կիրարկման կարողությունների հզորացումն է:

 

Դիտվել է 1231 անգամ:
Print Friendly

Leave a Reply