Մասնագետ. Թյուր է կարծիքը, թե Հայաստանում թունավոր օձերի թիվը տարեցտարի աճում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 17, 2011 22:46

Թյուր է այն կարծիքը, թե Հայաստանում թունավոր օձերի թիվը տարեցտարի աճում է, պարզապես մարդն ավելի ու ավելի հաճախ է յուրացնում օձերի ապրելավայրերը կամ այն տարածքները, որտեղ նրանք սովորաբար գոյատեւել են մինչեւ մարդկային գործոնի հայտնվելը։  Հունիսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը։

Նրա խոսքով, Հայաստանում կան 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր են ընդամենը 4-ը։ «Դրանք բոլորն էլ իժերի ընտանիքից են՝ ամենավտանգավորը՝ գյուրզան, ոչ պակաս վտանգավոր հայկական իժը, լեռնատափաստանային իժը եւ Դարեւվսկու իժը։ Ընդ որում, բացի գյուրզայից, մնացած բոլոր տեսակները ներառված են Հայաստանի նոր հրատարակված Կարմիր գրքում»,- տեղեկացրեց Աղասյանը՝ ավելացնելով, որ ցածրադիր՝ բնակավայրերին առավել մոտ գոտիներում ամենից հաճախ հանդիպում են հենց գյուրզաներն ու հայկական իժերը։ «Այդ է պատճառը, որ մարդիկ պետք է զգուշավորություն ցուցաբերեն եւ հատկապես ամռան ամիսներին խուսսափեն օձերի հետ հանդիպումներից։ Խայթոցներից խուսափելու համար անհրաժեշտ է վտանգավոր վայրերում շրջել ճտքավոր կոշիկներով, օձ տեսնլու դեպքում շրջանցել կենդանուն, ոչ թե փորձել ձեռք տալ կամ սպանել նրան»,- խորհուրդ տվեց բնապահպանության նախարարության ներկայացուցիչը։

Մասնագետի տեղեկացմամբ, օձերից խայթոցների հիմնական դեպքերը Հայաստանում գրանցվում են Արարատի եւ Արմավիրի մարզեում, ինչպես նաեւ Եղեգնաձորում եւ Վայքում։

Ամփոփելով՝ Արամ Աղասյանը զգուշացրեց, որ օձի խայթելու դեպքում պետք է զերծ մնալ ինքնաբուժությունից եւ հեքիմներին վստահելու փոխարեն շտապ արտածծել վերքը եւ թույնը մի կողմ թքել, դրանից հետո տուժածին շտապ հիվանդանոց տեղափոխել եւ հակաթույն ներարկել։

 

NEWS.am

 

Դիտվել է 1571 անգամ:
Print Friendly

Leave a Reply