Հայկական խաչքարերի հետ կապված սկանդալ ՅՈՒՆԵՍԿՕ-ում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 17, 2011 2:06
Փարիզում չորեքշաբթի երեկոյան սկանդալային միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ:

Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի մշակույթի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում` ներկայացնելով դարերի ընթացքում պատմական Հայաստանի տարածքում ստեղծված խաչքարերի լուսանկարները:

Ցուցադրությունից ժամեր առաջ, սակայն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը որոշել էր հանել խաչքարերի տեղադրման ու կառուցման մասին գրությունները` պնդելով, թե դրանցից մի քանիսը գտնվում են ոչ թե Հայաստանում, այլ` Թուրքիայում եւ Ադրբեջանում, հետեւաբար` դիվանագիտական սխալ կլիներ այդ գրությունները թողնելը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատուները հանել էին տվել նաեւ պատմական Հայաստանի մեծ քարտեզը, որի վրա նշված էին տարբեր խաչքարերի տեղավայրերը:

Ցուցահանդեսի բացմանը մեծ բազմություն էր հավաքվել, եւ մեծ եղավ ներկաների զարմանքը եւ վրդովմունքը, երբ պարզվեց, որ ընդամենը մի քանի ժամ առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրինությունը թույլ էր տվել իրեն հանել խաչքարերի լուսանկարներն ուղեկցող բացատրական գրությունները` թողնելով միայն դրանց ստեղծման տարեթվերը:

Այդպիսով, ներկաները դիտեցին ցուցահանդեսը` առանց տեղեկանալու հուշարձանների տեղադրման եւ կառուցման վայրերի մասին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատուները մերժեցին գալ եւ բացատրություններ տալ:

Ցուցահանդեսի բացման խոսքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը իր դժգոհությունը արտահայտեց տեղի ունեցածի կապակցությամբ:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Պատրիկ Տոնապետյանը` հայկական արվեստի երեւելի մասնագետներից մեկը, դատապարտեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատուներին` իր վրդովմունքը հայտնելով նրանց կողմից հայ մշակույթի հանդեպ այդպիսով կատարված գրաքննության հանդեպ:

“Azatutyun”

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply