Շուշիի մասին ֆիլմի ֆինանսավորումն ուշանում է

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 16, 2011 22:34

«Արցախյան պատերազմի ժամանակ էր, երբ ադրբեջանցիները մի օրով գրավեցին մեր գյուղը` Վաղուհասը: Այդ ժամանակ էր, որ նրանք մտան ու պղծեցին նաեւ հորս շիրիմը: Երբ տեսա այդ ամենը, հենց նրա գերեզմանի մոտ էլ երդվեցի, որ ամեն ինչ պիտի անեմ ու մի լավ ֆիլմ նկարեմ»,- ասում է ռեժիսոր, ազատամարտիկ Գագիկ Աթասյանը, ով 17  տարեկանից Շուշիի առանձնակի գումարտակի շարքերում մասնակցել է Արցախյան ազատամարտի կռիվներին եւ այսօր արդեն ֆիլմն է նկարում հանուն Ղարաբաղի ճանաչման: Ինչպես նշեց Գագիկը՝ ֆիլմի նպատակն է պատմել ողջ ճշմարտությունը Ղարաբաղյան պատերազմի մասին, որը հասանելի կլինի նաեւ արտասահմանցուն ու դրանով օտարին ճանաչելի կդարձնի նաեւ Արցախն ու հային:

Ֆիլմում մեր օրերն են, որտեղ «ֆլեշ բեք»-ով, հիշողությունների ձեւով անդրադարձ է կատարվում 20 տարվա քրոնիկոնին` ղարաբաղյան կռվին, Արցախի պատմությանը, Շուշիի ազատագրմանը, Տիգրանակերտին, միաժամանակ նաեւ Սումգայիթին, Բաքվի ջարդերին: Ֆիլմի հերոսը հայ ազատամարտիկ է, ով Աֆղանստանում, պատերազմի ժամանակ, փրկում է ադրբեջանցի իր ընկերոջ կյանքը, բայց ում հետ հանդիպում է արդեն Ղարաբաղյան պատերազմում` սահմանի հակառակ կողմում: Չմանրամասնելով սյուժետային զարգացումները՝ Գագիկը նշեց, որ ֆիլմի ավարտը շատ ուժեղ է մտածված, եւ արդեն համաշխարհային մասշտաբի շատ կինոգործիչներ իրենց դրական կարծիքն են հայտնել ֆիլմի սցենարի շուրջ:

Ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկ տարի է՝ սկսվել են, ինչպես նշեց ռեժիսորը՝ հասել են վերջին փուլին, բայց ֆինանսավորման պատճառով նկարահանումները ձգձգվում են: Ռեժիսորի խոսքերով՝ ֆիլմի 50 տոկոսը ֆինանսավորել է իր ռուս գործընկերը, բայց, ի տարբերություն ռուս գործարարի, հայ գործարարների կողմից աջակցություն չեն ստացել. «Ես հասկանում եմ, որ ադրբեջանցին դեմ է այս ֆիլմի նկարահանմանը, բայց ես չեմ կարող հասկանալ, որ մեր պետությունը կարող է ձեռնպահ մնալ նկարահանման հարցում»:

Գագիկ Աթասյանը նշեց, որ նախագահականում տեղեկանալով նախագծին՝ մշակույթի նախարարությանը հանձնարարել են ընթացք տալ ֆիլմին: Նախարարությունն էլ իր հերթին հանձնարարել է Ազգային կինոկենտրոնին՝ ուսումնասիրել ֆիլմը եւ իր եզրակացությունը տալ: Վերջինս տվել է իր դրական գնահատականը թե ֆիլմի ստեղծագործական կազմի, թե սյուժեի հետ կապված: «Մեզ խոստացել են, որ պետք է դրվի կառավարության նիստին, եւ ֆիլմի ֆինանսական մի մասն էլ կառավարությունը հոգա, բայց ուշացնում են, հիմա էլ ասում են՝ հաջորդ նիստին կդրվի այդ հարցը: Հուսանք, որ նախարարությունն իր ֆունկցիան կկատարի»,- ասում է ռեժիսորը եւ հավելում, որ ֆինանսավորման ուշացումն ի վնաս մեզ է աշխատում, որովհետեւ պայմանավորվածությունները վաղուց ձեռք են բերվել դերասանների հետ, եւ հիմա ժամանակը մեզանից է գնում:

Ֆիլմը լինելու է հայ-ռուսական արտադրության եւ մինչեւ նկարահանման ավարտը ամենաքիչը 5 երկրի արտադրության ֆիլմը կդառնա, կթարգմանվի 5 լեզուներով, ինչը հատուկ է արվում, որպեսզի միակողմանի ֆիլմ չդիտվի. «Սա հիմնականում դրսի համար է, մենք մեր պատմությունը լավ գիտենք, եթե պետք է նկարենք ֆիլմ, ու ինքը մնա Հայաստանում` իմաստ չունի, պետք է այնպիսի ֆիլմեր նկարենք, որ հասանելի լինեն օտարին, ու դրանով օտարը ճանաչի մեզ: Ունենք նաեւ հնարավորություն ֆիլմը ամենահեղինակավոր կինոփառատոններում ներկայացնելու»:

Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը նշեց, որ հատուկ նպատակով ուսումնասիրել է տասնյակից ավելի ադրբեջանական ու թուրքական ֆիլմեր, ու եթե հայ չլիներ, կհավատար, որ այդ պատերազմում նրանք են ճիշտը եղել. «Ադրբեջանական պրոպագանդան շատ ուժեղ ու արդյունավետ է աշխատում, շատերը դրսում,  անգամ Ռուսաստանում չգիտեն, որ հայերը քրիստոնյա են, որ Ղարաբաղում խաղաղ բնակչություն է ապրում»: Գագիկը նշեց, որ ֆիլմն արդեն իր նպատակին ծառայում է, սոցիալական ցանցերում ակտիվ քարոզչություն են իրականացնում: Ֆիլմին՝ ռուսական, արտասահմանյան թերթերից բացի, անգամ ադրբեջանական ԶԼՄ-ներն են անդրադարձել: Իսկ ադրբեջանցիները սկսել են արդեն սպառնալ՝ ֆիլմը չնկարահանեք:

Ֆիլմը նախնական տարբերակով կոչվելու է «Թեկուզ», բայց հավանական է նաեւ «Շուշի» տարբերակը: «Մենք այս ֆիլմով չարություն չենք քարոզելու, ադրբեջանցու դերը խաղալու է հնդիկ լեգենդար դերասան, ով սիրված է եւ հայերի կողմից, եւ ադրբեջանցիների: Ես հատուկ եմ այդպես արել, որովհետեւ ինչքան էլ արգելեն ու չուզենան ցուցադրել ֆիլմը, բայց քանի որ շատ են սիրում այդ դերասանին, ուզած-չուզած՝ կնայեն: Դա իմ կողմից տակտիկական քայլ է»,- նշեց Գագիկ Աթասյանը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ֆիլմը պատրաստ կլինի աշնանը:

 

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply