Երեւանի հասարակական տրանսպորտում գործում է Wi-Fi ինտերնետ կապ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2011 15:42

Երեւանի քաղաքապետարանը «Օրանժ Արմենիա» ընկերության հետ միասին Երեւանի հասարակական տրանսպորտում ներդրել է Wi-Fi ինտերնետ։ Այս մասին այսօր`հունիսի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Օրանժ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Բրունու Դյութուան։ Նրա խոսքով՝ տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք, որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները՝ անվճար։

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի խոսքով՝ Երեւանի 16, 15, 22, 3 եւ 28 ավտոբուսային երթուղիների ուղեւորները այսօրվանից կկարողանան օգտվել Wi-Fi ինտերնետից: Երթուղիների ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, թե որ երթուղիներից է հիմնականում օգտվում  ուսանողությունը:

«16, 15 եւ 22 երթուղիները հենց նմանատիպ երթուղիներ են, անցնում են բուհական տարածքներով: Իսկ մյուս երկուսում անվճար Wi-Fi կգործի փորձնական»,-ասաց Հ. Նավասարդյանը:

Ինտերնետի արագությունը ավտոբուսներում կախված կլինի նրանից, թե որտեղով է անցնում տվյալ տրանսպորտը եւ որքան մարդ է տվյալ պահին միացել Wi-Fi-ին։ «Օրանժ Արմենիա» ընկերության մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքով՝ սարքի պոտենցիալ տեսական արագությունը մինչեւ 7,2 մեգաբիթ/վայրկյան է, սակայն փորձարկումները ցույց են տվել, որ միջինում 2- 4 մեգաբիթ/վայրկյան արագության կարելի է հասնել Երեւանի տարբեր շրջաններում։

Երեւանի հասարակական տրանսպորտում ներդրվող Wi-Fi ինտերնետի հաջող ընթացք ունենալու դեպքում այն կներդրվի հասարակական տրանսպորտի բոլոր երթուղիներում։

 

NEWS.am

 

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply