Հայ անչափահաս հանցագործների մեծ մասն ինքնատիրապետման շատ ցածր մակարդակ ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունիսի 16, 2011 15:40
Անչափահասների շրջանում հանցավորությունը մանրամասն հետազոտության ու ուսումնասիրության կարիք ունի: Նման հետազոտություն իրականացվել է 2009-2010 թվականներին’ նույն շրջանում իրականացված հանցագործությունների հիման վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում տղա դեռահասների շրջանում հանցավորության հոգեբանական կողմում ընկած է սեփական անձի անկառավարելիությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Փորձաքննությունների ազգային բյուրոյին կից քրեաբանության հիմնախնդիրների հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ, հոգեբան Մարինե Պետրոսյանը’ ընդգծելով, որ ինքնատրապետման ցածր մակարդակը թույլ չի տալիս անչափահասներին կառավարել սեփական քայլերն ու իրավիճակը գնահատել ըստ արժանվույն:
«Դեռահասները անկարող են պատասխանատու լինել սեփական ոչ կառուցողական մտածողության հետեւանքով կատարած քայլերի համար: Մեծ մասը չի ցանկանում առողջ գնահատել պահն ու լինել բարձր ինքնատիրապետման վրա, որը թույլ կտա խուսափել հանցագործ բնույթի քայլերից: Իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում դեռահասների շրջանում դիտվում են հանցագործությունների իրականացման երկու հիմնական դրդապատճառներ’ բռնի ագրեսիվությունը եւ շահադիտականը: Դրանք ընկած են հանցագործությունների մեծ մասի հիմքում եւ իրար միջեւ տատանվում են մի քանի տոկոսով»,- նշեց Մ. Պետրոսյանը’ հավաստիացնելով, որ հանցավորության մի մասի հիմքում էլ ընկած են սոցիալական խնդիրները, ինչպես նաեւ մարդու’ անհատականության հոգեկերտվածքի առանձնահատկությունները:
«Մուրացկան երեխաների մի մասը օրվա ընթացքում վաստակած գումարը նախատեսում է միայն սեփական ընտանիքի ապրուստը հոգալու համար: Մինչդեռ մյուս մասը պատրաստ է ձեռք բերածը կրկնապատկելու ու բազմապատկելու համար դիմել գողության, սպանության փորձի եւ այլն»,- ասաց հոգեբան Մ. Պետրոսյանը:
Արմենպրես





Facebook
Tweet This