Փոփոխություն ոչ մեր օգտին

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 19, 2011 15:33

Օրերս Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած Հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի համաժողովին և զուգահեռ անցկացված այս մարզաձևի Եվրոպայի չեմպիոնների լիգայի չորս թիմերի մասնակցությամբ կազմակերպված  եզրափակիչ մրցաշարին ներկա է եղել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:

Վերադարձից հետո նա հայտնեց, որ խաղերին տարբեր թիմերի կազմերում մասնակցել են աշխարհի  լավագույն հանդբոլիստները: Ի վերջո, վճռական հանդիպումում մրցել են իսպանական երկու թիմեր և «Բարսելոնան» 27:24 (14:10)  հաղթել է «Ռեալին»: 3-րդ տեղի համար մրցավեճում էլ գերմանական  «ԽՍՎ Համբուրգը» առավելության է հասել  գերմանական մեկ այլ թիմի` «Ռեյն Նեկշարի» նկատմամբ 33:31 (15:13): Իսպանական ակումբներն այնքան ուժեղ են գտնվել, որ հաղթելով գերմանական թիմերին` թույլ չեն տվել անգամ եզրափակիչ խաղին հասնել: «20 հազար նստելատեղ ունեցող Քյոլնի մարզապալատը լեփ-լեցուն էր բոլոր օրերին: Բարձրակարգ խաղացողներ էին հանդես գալիս, այդ ամենն ուղղակի անհրաժեշտ էր տեսնել և համոզվել, որ ֆուտբոլից հետո հանդբոլը Եվրոպայում իր գրավչությամբ երկրորդ մարզաձևն է դարձել»,- ասաց Գրիգորյանը:

Այն հարցին, թե Հայաստանին շա՞տ բան է պակասում այս մարզաձևի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում մասնակիցներ ունենալու համար, մեր երկրի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը պատասխանեց, որ առայժմ դա միայն երազանք  կարող է  լինել: Բանն այն է, որ ակումբները միլիոնավոր դոլարներ են ծախսում թիմերը աստղերով համալրելու համար, մինչդեռ մեր ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են: Սակայն նա չբացառեց, որ կարելի է Հայաստանում այնպիսի խաղացողներ աճեցնել, ովքեր հետագայում կկարողանան համալրել եվրոպական բարձրակարգ ակումբները և դրանց կազմում մասնակցել եվրոպական հեղինակավոր այդ ստուգատեսին: Դրան հասնելու համար էլ անհրաժեշտ է, որ մարզիչները հետևողական գործունեություն ծավալեն: Այդ ուղղությամբ են աշխատանքներն ընթանում: Այժմ մարզիչները սաների ընտրություն են կատարում և աշխատում են թիմերում ներգրավել բարձրահասակ և ամրակազմ պատանիների: Ասվեց, որ ներկայումս ունենք 14-15 տարեկան հուսադրող մարզիկներ, ովքեր հետագայում կարող են բարձրակարգ խաղացողներ դառնալ: Ինչ վերաբերում է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի համաժողովին, ապա այն քննարկել է մի շարք առանցքային հարցեր, որոշվել է, թե երբ պետք է անցկացվեն միջազգային տարբեր ստուգատեսները:

Գրիգորյանը տեղեկացրեց, որ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան դժգոհություն է հայտնել, որ առանց հաշվի առնելու մեր և մյուս երկրների հանդբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների տեսակետը, միջազգային կազմակերպությունը նախապես տարիքային սահմանափակում է մտցրել հին աշխարհամասում իր նշանակությամբ երկրորդ` «Չելենջ տրոֆի» մրցաշարում: Ստացվել է, որ դրան կարող են մասնակցել միայն մինչև 23 տարեկան խաղացողները: Մինչդեռ Հայաստանի հավաքականում գերակշռում են այդ տարիքից բարձր մարզիկները: Եվ այդ է պատճառը, որ մերոնք այս տարի բաց են թողնելու միջազգային այդ ստուգատեսը:

«Պակասը լրացնելու նպատակով նոյեմբերի 11-15-ը Երևանում կկազմակերպվի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երրորդ մրցաշարը, որին կհրավիրվեն մասնակցելու տարբեր տարածաշրջանների հանդբոլի լավագույն հավաքականները: Նպատակը մեկն է` մեր մարզասերներին բարձրակարգ հանդբոլ դիտելու հնարավորություն տալ: Ընդ որում, Հայաստանի հավաքականը հանդես կգա իր մարտական կազմով: Թիմում կխաղան նաև Ֆրանսիայից հրավիրված մեր հայրենակիցները: Մրցաշարին ներկա  կլինեն մի շարք պատվավոր հյուրեր, այդ թվում` Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայից»,- ասաց Գրիգորյանը:

 

 

 

 

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply