Ի՞նչն Է աղմուկի պատճառը
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | June 18, 2011 15:31
Սպորտի ֆինանսավորման առնչությամբ միշտ էլ խոսակցություններ են լինում: Ընդ որում, դժգոհում են և՛ այն մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները, որոնց համեմատական կարգով շատ են դրամ տրամադրում, և՛ քիչ ստացողները: Իսկ այն մարզաձևերի ֆեդերացիաները, որոնք ընդհանրապես չեն ֆինանսավորվում, ակնհայտորեն դժգոհողների շարքում առաջին տեղերում են:
Իսկ ֆինանսների հատկացման մեխանիզմն այսպիսին է: Պետությունը ֆինանսավորում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, վերջինս էլ այդ գումարի մի մասը, աջակցության կարգով, հանձնում է մարզական ֆեդերացիաներին: Ստացվում է, որ եթե դժգոհություն կա, այն պետք է հասցեագրվի միայն մարզական պետական կառույցին: Ի դեպ, նախկինում նախարարությունն էր հոգում տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների ֆինանսական խնդիրները, գերատեսչությունում աշխատում էին տարբեր մարզաձևերի պետական մարզիչներ: Յուրաքանչյուր մարզաձևի միջոցառումների ծրագիր էր կազմվում, հաստատվում, և ըստ դրա էլ բաշխվում էին փողերը:
Սակայն արդեն տևական ժամանակ է, որ ֆինանսավորվում են մարզական ֆեդերացիաները, և տարաբնույթ խոսակցություններն անպակաս են, որ տրամադրվող փողերը քիչ են: Խոսակցությունները փոքր-ինչ նվազեցին, երբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մի առիթով հայտարարեց, որ ֆեդերացիաների նախագահներ կարող են աշխատել միայն նրանք, ովքեր մեծ ներդրումներ կկատարեն կամ էլ տարեկան առնվազն մի քանի տասնյակ հազար դոլար կտրամադրեն կամ կհայթայթեն կազմակերպության կարիքների համար: Այդպիսի իրավիճակում ոմանք իրենց տրտունջների մասին գերադասում էին չբարձրաձայնել կամ էլ սրտնեղել միայն մտերիմների նեղ միջավայրում:
Եվ ահա օրերս փողերի պակասի հետ կապված մի հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Ուշադրության կենտրոնում հայտնվեց Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, ավելի ճիշտ կլինի ասել` այն հեռուստահաղորդումը, որի ժամանակ նա տեսակետ է հայտնել:
Աղմուկն առաջացրել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի` հայկական ուշուի խնդիրներին վերաբերող հաղորդումը, որում Չոբանյանն անդրադարձել էր կնճռոտ խնդիրների: Հաղորդավարն էլ ավելացրել է, որ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսավորելիս խտրականություն է դրսևորում, և դրա համար հաշվի են առնում տարբեր կապերն ու ծանոթությունները:
Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահը, փորձելով մեղմել իրավիճակը, կատարվածի բացատրության համար Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում հանդիպեց մի քանի լրատվամիջոցների, այդ թվում նաև «Արմենիայի» ներկայացուցիչներին: Չոբանյանը հայտնեց, որ դա իր խոսքը չէ, տեղյակ չի եղել հաղորդման ձևաչափին, և եթե իմանար, որ նպատակ կա միայն քննադատական հաղորդում պատրաստել, ապա չէր համաձայնվի մասնակցել դրան: Պարզվում է, որ նա խոսել է տարբեր հարցերի շուրջը, սակայն ցուցադրման համար ընտրվել է միայն մեկ հատված, որում ասվում է, որ Հայաստանի ուշուի ֆեդերացիային իր կարիքների համար կրկնակի շատ փող է անհրաժեշտ, քան ստանում է, նաև` աթլետիկայի, ջրացատկի, մարմնամարզության ֆեդերացիաները քիչ են ֆինանսավորվում, բացի այդ, եթե մարզիկը վստահ է, որ անկախ իր արդյունքից, հավաքականում ապահովված տեղ ունի, միևնույն է, թոշակ կամ աշխատավարձ է ստանալու, ապա զարգանալու, իր արդյունքները բարելավելու նպատակ չի ունենա:
«Ինքս իմ տեսակետներն եմ հայտնել: Դա միայն ցանկություն է: Իսկ խառնվել սպորտի ֆինանսավորման քաղաքականությանը չէի ցանկանա: Երբ ինձ հայտնեցին, որ մարզաձի մասին հաղորդում է նախատեսվում, և պետք է նկարահանում կատարվի, «Պատրիոտ» բարեկարգված ակումբի դահլիճում հավաքեցինք երեխաներին: Ինձ համար զարմանալի է, որ մեր խմբի մարզման հետ կապված կադրերը հաղորդման վերջում կցված է մեկ վայրկյանով: Թե այն ինչ իմաստ ունի քաղաքական կոնտեքստի մեջ, նույնպես մի քիչ անհասկանալի է: Կարծում եմ, որ այդ հաղորդմանն իմ մասնակցությունն անիմաստ էր: Եթե ինձ` որպես կերպարի, այդ հաղորդումից հանում ես, դրա բովանդակությունը գրեթե չի փոխվում: Եվ այդ կարծիքը պետք է հայտնվեր առանց ինձ օգտագործելու: Դա իմ կարծիքն է: Կամ էլ միգուցե սխալ ենք հասկացել, հանդիպել ենք ու չենք պարզաբանել, թե ինչ եմ անում, ընկել եմ այդ վիճակի մեջ, և ուրիշ հարց է առաջ եկել»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:
Հետաքրքիր էր, թե հաղորդումից հետո նախարարությունից նրա վրա ճնշումներ չե՞ն եղել: Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ գերատեսչությունում աշխատող գործընկերներն են միայն հետաքրքրվել, թե ինչու հենց ուշուին է նվիրվել հաղորդումը, ինչ նպատակով է այդ հարցը բարձրացվել, ինչու է հենց Չոբանյանն այդ արել: Նա ասաց, որ իր վրա ոչ մի ճնշում չի եղել, և իր կամքով է ցանկացել պարզաբանել տեղի ունեցածը:
Հավելենք, որ Հայաստանի ուշուի ֆեդերացիան աջակցության կարգով պետությունից տարեկան 6 մլն դրամ է ստանում: Ի դեպ, ֆեդերացիայի պատվավոր նախագահը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է: Ընդ որում, ֆինանսապես պետությունն աջակցում է 31 մարզաձևի ֆեդերացիայի, որոնց թվում է ուշուն: Ուշագրավ է, որ վերջինս օլիմպիական մարզաձև չէ, մինչդեռ օլիմպիական մարզաձևեր կան, որոնք ոչ մի դրամ չեն ստանում:
Տեղին է պարզաբանել, որ ֆինանսավորման հարցն ամենավիճահարույցն է: Դժվար է ասել, թե ինչ սկզբունքով են ընտրվում պետությունից փողեր ստացող տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները, երբ օլիմպիականների կողքին կան ոչ այդպիսիները: Արևելյան մարտարվեստի ներկայացուցիչներից այդ ցուցակում են միայն թհեքվանդոյի, կարատեի, քիկբոքսինգի և ուշուի ֆեդերացիաները: Ընդ որում, միայն առաջինի ներկայացուցիչներն են մրցում օլիմպիական խաղերում, իսկ մյուսներն այդպիսի բախտ չունեն: Ի դեպ, մեր երկրում միայն կարատեի տարբեր ոճերի մի քանի տասնամյակ ֆեդերացիա կա, պարզ չէ, թե ինչու են դրանք հայտնվել խորթ զավակի դերում և ընդհանրապես ոչ մի աջակցություն չեն ստանում:
Գաղտնիք չէ, որ սպորտում, առանց մեծ ներդրումներ կատարելու, հնարավոր չէ մեծ արդյունքների հասնել: Այս տարի կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությանն է հատկացրել 4 մլրդ դրամ, որից ֆեդերացիաներին է տրամադրվել 884 մլն 967 հազար 200 դրամը: Իսկ թե ինչու են դրանք տարբեր չափերով հատկացվում ֆեդերացիաներին, մի շարք պատճառաբանություններ են բերվում: Նախ` հաշվի է առնվում, թե տվյալ մարզաձևի ներկայացուցիչներն ինչպիսի արդյունքներ են ցույց տալիս միջազգային ստուգատեսներում, արդյոք տվյալ մարզաձևից Հայաստանում ավանդույթներ կա՞ն և այլն: Միշտ որևէ բացատրություն կարելի է գտնել, թե ինչի հիման վրա է արվում աջակցությունը, իսկ մնացած մարզաձևերին մերժելու համար հայտնվում է, որ փող չկա:
Այս տարվա սկզբին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը հայտնել է, որ հիմնականում ֆինանսավորվում են այն մարզաձևերի ֆեդերացիաները, որոնք մեր երկրին մեդալներ են բերում: Այդ ցուցանիշով 2010-ին Սինգապուրի պատանեկան օլիմպիական առաջին խաղերում, Շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիադայում, Համաշխարհային ուսանողական խաղերում, տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները տիրացել են 43 ոսկե, 51 արծաթե, 63 բրոնզե մեդալի: Այսինքն` նվաճվել է 157 պարգև: Բայց եթե դրանցից առանձնացվեն միայն օլիմպիական մրցաձևերը, հետո էլ միայն մեծահասակների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում նվաճված պարգևները, ապա պարզ կդառնա, որ ավարը շատ փոքր է:
Իսկ թե ինչու են նախընտրում ներկայացնել այս տարբերակը, միանգամայն հասկանալի է, մեդալների առատության փայլի տակ քողարկվում է, թե ինչ է կատարվել իրականում: Ի դեպ, ինչքան էլ տարօրինակ է, չի կազմվում մարզական միջոցառումների միասնական օրացուցային պլան և հաստատվում նախարարի կողմից: Մինչդեռ միայն դրա հիման վրա Հայաստանի կառավարությունում պարզ կլիներ, թե որ ֆեդերացիաներն են ֆինանսավորվում, ամենակարևորը` ինչի համար: Վերջապես, հստակ կդառնար` կատարվե՞լ է ներկայացված ծրագիրը, թե՞ ոչ: Ցավալին այն է, որ շարունակ խոսվում է այն մասին, որ հնարավորն արվում է ֆեդերացիաների ֆինանսավորման հետ կապված խնդիրները թափանցիկ դարձնելու համար, սակայն կրկին բոլորը դժգոհ են մնում:






Facebook
Tweet This
Email This Post
