Իրանի և Հայաստանի փոխադրումային համագործակցությունը «փոխադրվում» է իրատեսական դա՞շտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 21, 2011 15:00

Հայաստանը ձգտում է ձեռք բերել ավտոմայրուղիների կառուցման գործում իրանական փորձը: Այս մասին, ըստ  Iran Daily-ի հաղորդման, հայտարարել է Իրանի ճանապարհների և փոխադրումների նախարարի տեղակալ Շահրիր Աֆանդիզադեն:

Վերջինս իրանական Fars News գործակալության հետ հարցազրույցում նշել է, որ Հայաստանի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել են կազմակերպել ճանապարհային և երկաթուղային փոխադրումների հանձնաժողովի փորձագիտական նիստեր` հնարավորություն տալով երկու կողմերին ծառայեցնել փոխադրումային գծերն իրենց շահերին: Պաշտոնյան վերահաստատել է, որ Իրանը և Հայաստանը արդեն կապեր են հաստատել փոխադրումների ոլորտում` ավելացնելով, որ համատեղ հանձնաժողովները մոտ ապագայում հանդիպումներ կունենան` հնարավորություն տալու Հայաստանին օգտագործելու իրանական փորձը մասնավոր սեկտորի հետ գործընկերությամբ ավտոմայրուղիների կառուցման գործում:

Աֆանդիզադեն մատնանշել է նաև այն, որ իրանական պայմանագրային աշխատողները պատրաստ են մասնակցելու Հայաստանում ճանապարհային կառուցման նախագծերին:

Անցյալ շաբաթվա սկզբին Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանն ասել է, որ Իրանի և Հայաստանի իշխանություններն աշխատում են երկու երկրների փոխադրումային համակարգերը միմյանց կապելու ուղղությամբ: Իրանի IRNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում Առաքելյանը նշել է, որ Իրանն ու Հայաստանը երկու երկրների տնտեսական համագործակցության հանձնաժողովի Թեհրանի նիստի ընթացքում ստորագրել են պայմանագիր` հստակեցնելու համատեղ գործողությունների ժամանակացույցը մի շարք տնտեսական բնագավառներում:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են, որ նախարարների կողմից հաջորդ 3 ամիսների ընթացքում փոխըմբռնման հուշագիր ստորագրվի` նախապատրաստելու երկաթգծերի ու ավտոմայրուղիների կառուցումը:

Այդպիսով, Իրանը կստանձնի Արևելյան Ադրբեջանի նահանգի, Թավրիզի հյուսիսում գտնվող Ջուլֆայից 60 կմ-անոց երկաթգծի կառուցումը մինչև Հայաստանի սահմանները: Իր հերթին Հայաստանը կկառուցի 400 կմ-անոց երկաթգիծ իր սահմաններից:

Իրանը և Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում առաջընթաց քայլեր են արել` զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Առևտուրը երկու երկրների միջև հասնում է 270 մլն դոլարի, և իշխանություններն ակնկալում են, որ այս ցուցանիշը մոտ ապագայում կաճի:

Այդ երկաթգծի միջոցով Հայաստանը կկարողանա ուղևորներ և ապրանքներ փոխադրել Պարսից ծոցի ծովափնյա պետություններ և Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններ: Երկաթուղին նաև կխթանի Իրանից ուղևորների ու ապրանքների փոխադրումը դեպի Սև ծովի ծովափնյա շրջաններ և որոշ հյուսիսային երկրներ:

2009 թ. արդեն ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և հաղորդակցության նախարարության միջև երկաթուղային համագործակցության և Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ուղիղ կապով երկաթգիծ կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը»: Թե ինչ նոր հուշագրի մասին են խոսում Իրանի ու Հայաստանի իշխանությունները, հայտնի չէ:

2009 թ. ապրիլի 14-ին` նախագահ Սերժ Սարգսյանի Իրան երկօրյա այցի ընթացքում, կապի ու տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը և Իրանի տրանսպորտի ու ճանապարհների նախարար Համիդ Բեհբահանին ստորագրել են երկաթգծի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը մարտի 3-ի երևանյան համապատասխան հանդիպման տրամաբանական շարունակությունն էր: Հայտարարվել էր, որ նախագծի իրականացումը բաղկացած է երեք փուլից՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, երկաթգծի նախագծում և քարտեզագրում, բուն շինարարական աշխատանքներ։

Բայց մինչ օրս նախագիծը ոչ մի փուլում չի հայտնվել կամ անորոշության մեջ է, թեև շարունակ դրա ռազմավարական նշանակության ու կառուցման կարևորության մասին հայտարարություններ են արվում:

Վերը նշված կառուցվելիք երկաթգիծը կամ նույն Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը ո՛չ հստակ ուղղություն ունի, ո՛չ էլ կառուցման համար անհրաժեշտ ֆինանսներ: Ասենք, ծախսվելիք գումարի չափն էլ դեռ որոշված չէ:

Երկաթգծի ուղղության 3 տարբերակ է քննարկվում.  առաջինը ենթադրում է դրա կառուցումը Երասխից Մեղրի, երկրորդը` Վարդենիսից, երրորդը` Գագարինից. համապատասխանաբար դրանք ենթադրում են 443 կմ, 449 կմ, և 397 կմ երկարություններ: Հայկական կողմի համար, ինչպես հայտարարվել է, ընդունելի տարբերակ է Գագարին-Գավառ-Մարտունի-Ջերմուկ ուղղությունը: Երկաթգծի իրանական հատվածում նախատեսվում է կառուցել շուրջ 60 կմ հեռավորությամբ երկաթուղի մինչև Մարանդ:

Մի շարք հաշվարկներից ելնելով` ենթադրվում է, որ երկաթգծի կառուցումը կարող է տևել 4-5 տարի: Ֆինանսական ներդրման ծախսերը կարող են հասնել մինչև 4 մլրդ դոլարի սահմանը:

Թե ինչքանով է նախագծի իրականացումն իրատեսական, “Անկախի” հետ զրույցում տրանսպորտի և կապի նախարարության մամուլի հետ կապերի բաժնից ասացին, որ եթե իշխանությունները հայտարարել են դրա մասին, ուրեմն, բնականաբար, իրատեսական է: «Երբ ստորագրվի համապատասխան համաձայնությունը, ամեն ինչ կհստակեցվի, և այդ տեղեկատվությունը կներկայացվի հանրությանը»:

 

 

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply