Ազգային կերակրատեսակների ցուցահանդես-համտես. այցելուները զարմացած են, որ նման հարուստ խոհանոց ունենք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 16, 2011 10:22

Հունիսի 12-ին «Էրեբունի» թանգարանի տարածքում տեղի ունեցավ ազգային տոնական կերակրատեսակների ցուցահանդես-համտես, որը կրում էր «Հացը լեռներում» խորագիրը: Միջոցառման մասնակից 10 ռեստորանները ներկայացնում էին հայկական 13 հիմնական տոների գլխավոր կերակուրները: Այցելուների համար տոնական շատ կերակուրներ նորույթ էին, այնինչ դրանք դարեր շարունակ մեր նախնիները ճաշակել են տոնական օրերին:

Օրինակ` շատերն էին զարմանքով համտեսում Զատիկի կերակուրներից մեկը` սամիրը. այն պատրաստվում է ձավարից, կաթի սերից և մատուցվում դարչինով ու դոշաբով:

Շատերի համար նորույթ էր նաև Զատիկի կարևորագույն կերակուրներից մեկը` քյալագոշը, որը պատրաստվում է  լավաշով, ոսպով, չորաթանով և համեմվում ծիտրոնով: Կերակուրները մատուցվում էին կանապեների տեսքով, որը թերևս այդ կերակուրների մատուցման հաջող ժամանակակից լուծում էր:

Միջոցառման ամենաակտիվ տաղավարներից էր Սուրբ Խաչի (Սբխեչ, Ուլնոց) կերակրատեսակները ներկայացնող տաղավարը. այստեղ թոնրի մեջ խորովված ուլ էր մատուցվում: Տաղավարի ներկայացուցիչը ուլը խորովելու ավանդույթը ներկայացրեց հետևյալ կերպ. «Ուլերը կերել են խաղողի վազերը, և մարդիկ նրանց պատժելու համար կախել են թոնիրը»:

Միջոցառման ակտիվ տաղավարներից էր նաև հնդկականը: Այստեղ ներկայացված էին հնդկական տոնական ամենատարածված քաղցրավենիքը` գուլաբջամոն, բանջարեղենով լցոնած սամոսան, ինչպես նաև հնդկական աղի ձողիկները, որոնք  ձեթի մեջ տապակած, հատուկ համեմունքներով խմորի շերտեր են:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում ու պահպանում» հասարակական կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանի խոսքով` միջոցառումը մեծ արձագանք է գտել. «Մարդիկ մեզ զանգում էին, շնորհակալություն հայտնում, ասում, որ իրենք երբեք չէին մտածել, որ նման հարուստ խոհանոց ունենք, և ամենակարևորը` բաղադրատոմսեր էին ուզում»,-ասում է նա:

Վահե Անթանեսյանը, միջոցառումը շատ բարձր գնահատելով, միաժամանակ ցավով նշում է, որ այն ուներ ընդամենը մեկ հովանավոր` Coca Cola-ն. «Մի քիչ զավեշտալի է, որ մեր ազգային կերակրատեսակներին նվիրված միջոցառումը համաձայնում է հովանավորել միայն օտար ընկերությունը, այն դեպքում, երբ մենք դիմել էին բազմաթիվ հայրենական արտադրողների»,-ասում է նա:

Կազմակերպության նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը, կարևորելով ազգային խոհանոցի վերականգնումը, նշում է. «Մեր խոհանոցն աշխարհի ամենահարուստ խոհանոցներից է, որը, ցավոք, ըստ արժանվույն չենք գնահատում, սակայն ես կարծում եմ, որ այն պետք է ներառվի մեր ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ»: Մամուլյանը վստահ է, որ միջոցառումը կնպաստի ազգային խոհանոցի նկատմամբ գնահատանքի բարձրացմանը:

Միջոցառումը Հայաստանում անց է կացվում արդեն երրորդ անգամ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում ու պահպանում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ինչպես նշում են կազմակերպիչները, միջոցառումը դառնալու է ամենամյա` նպաստելով հայկական մոռացված կերակրատեսակների վերածննդին և ժողովրդի կողմից ճանաչելի ու կիրառելի դառնալուն:

Ի դեպ, կազմակերպությունն Ազգային ժողովին է ներկայացրել առաջարկ` հունիսի 12-ը որպես խոհարարի օր նշելու վերաբերյալ:

 

Դիտվել է 1749 անգամ:
Print Friendly

Leave a Reply