Վարորդները դժգոհում են ԱՊՊԱ համակարգից

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | June 17, 2011 15:08

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` հունվար-ապրիլ ամիսներին գրանցվել է 574 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 60, իսկ մարմնական վնասվածք ստացել՝ 832 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` պատահարների քանակը աճել է 74-ով, սակայն 16-ով պակասել է մահվան ելքով վթարների քանակը: Վիրավորների թիվն աճել է 138-ով:

Ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանն այս կապակցությամբ մեկնաբանել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատումը շատ բարդ խնդիր է: Միաժամանակ ասել է, որ վթարների քանակի ավելացումը կապված է ԱՊՊԱ մեխանիզմի ներդրմամբ:  «Սա բացարձակ աճ է, իրականում պատկերը նույնն է, ինչ եղել է նախորդ տարում, աճը կապված է ԱՊՊԱ համակարգի ներդրման հետ, քանի որ բոլոր տրանսպորտային միջոցները ամենաթույլ վնասվածքների դեպքում կանգնում են դեպքի վայրում և պահանջում ապահովագրական կազմակերպության ներկայացուցչին»:

Նախորդ տարվա վերջին Հայաստանի իշխանությունները շուտափույթ ներդրեցին  մեքենաների ապահովագրական վճարումների ինստիտուտը` ԱՊՊԱ-ն, որի համար Ազգային ժողովն օրենք ընդունեց, և ԿԲ նախագահի որոշմամբ ստեղծվեց Ապահովագրական բյուրո, որի գործադիր տնօրենը Վահան Ավետիսյանն է: Բյուրոյի անդամ են Հայաստանում գործող 9 ապահովագրական ընկերություններից 8-ը. «Գարանտ-Լիմենս», «Ինգո Արմենիա», «Կասկադ ինշուրանս», «Նաիրի ինշուրանս», «Ռասկո»,  «Ռեսո», «Ռոսգոսստրախ-Արմենիա», «Սիլ ինշուրանս»:

Նորիկ Սարգսյանի մեկնաբանության հետ բնավ համաձայն չեն ՀՀ քաղաքացիները, որոնք ԱՊՊԱ-ի հետ շփման տխուր փորձ ունեն: Այդ փորձից մի փոքր «Անկախին» պատմեց Գագիկը, որի ԼԱԴԱ-21-10 մակնիշի մեքենային օրերս փողոցում թեթևակի հարվածել էր մեկ այլ վարորդ:

Երկուսի մեքենան էլ ապահովագրված են եղել: Ապահովագրական գործակալությունից տղաներին ասել են, որ հնարավորության դեպքում հարցը կարգավորեն իրար հետ: «Եկան ասացին, թե ծախսերը մեծ չեն, իրար հետ լուծեք,- պատմում է Գագիկը,- մենք էլ իրար հետ համաձայնվեցինք»:

Գագիկն ասում է, որ վնասվածքը մոտ 40000 դրամի կարգի էր, իսկ երիտասարդն առաջարկել է 20 հազար դրամ: «Ես էլ համաձայնվեցի,- ասում է նա,- որովհետև մինչև ԳԱԻ-ն (ճանապարհային ոստիկանությունը նկատի ունի) գա, մինչև եզրակացություն տա, 2 օրից ավելի ժամանակ եմ ծախսելու, իսկ ես իմ ավտոն չեմ կարող 2 օր կանգնեցնել»:

Գագիկին ասել են, որ մեքենայի վնասվածքի չափը պարզելու համար պետք է ճանապարհային ոստիկանությունում եզրակացություն տան, իսկ իրենք զբաղված են, և ոչ ոք չի երաշխավորում, որ այդ եզրակացությունը արագ կլինի: Քանի որ վնասվածքը շատ մեծ չի եղել, նա էլ որոշել է, որ իսկապես լավ կլինի հարցերն իրար մեջ լուծել: Բնականաբար, այս դեպքը չի գրանցվել: Ինչպես նաև համանման շատ դեպքեր, երբ վարորդները, վճարելով ԱՊՊԱ վճարները, վթարի դեպքում խուսափում են իրենց հասանելիք գումարները ստանալու համար ընկնել երկար քաշքշուկների մեջ:

Գագիկն ասում է, որ ԱՊՊԱ-ից դժգոհում են շատերը, ամեն մեկն իր պատճառով: Բողոքները հիմնականում կապված են այն բանի հետ, որ ԱՊՊԱ գործակալները չափազանց ուշ են ժամանում դեպքի վայր, որի հետևանքով մեքենաների հսկայական կուտակումներ են լինում: «Մանավանդ գազանանոցից քաղաք իջնող նեղ ճանապարհի վրա մի հատ որ ավարիա ա լինում, գնաց, մինչև ժամը 11-ը ճամփեն փակվում ա, որն էլ նոր վթարի պատճառ կարող է դառնալ,- մեկնաբանում է նա,- հիմա արդեն շոգ ա, էդ ճանապարհն էլ դիք ա, ավտոյի ջուրը կարող ա եռա, հազար ու մի տեսակ բան կարող ա լինի»:

Անհատ վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կենտրոնի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանն «Անկախին» ասում է, որ իր կենտրոնի վարորդների հիմնական բողոքը ԱՊՊԱ-ից  դարձյալ ուշացումներն են և վնասի գումարի չափի փոխհատուցման հետաձգումը: «ԱՊՊԱ-ն գումարը կամ չի տրամադրում տարբեր պատճառաբանություններով կամ էլ տրամադրում է շատ ուշ,- ասում է նա,- եզրակացությունը ուշ է տալիս նաև ԳԱԻ-ն, իսկ այս ամենը մարդուն զրկում է իր օրական եկամտի աղբյուրից»:

Ստացվում է, որ մարդն իրեն հասանելիք գումարը ստանալու համար պետք է մեքենան օրերով կանգնեցնի, մինչև համապատասխան եզրակացություն տրվի և որոշվի գումարի չափը: Բայց այդ ընթացքում վարորդն օրերով զրկվում է մեքենան աշխատացնելուց: «Տաքսու վարորդի համար դա կատաստրոֆա է,- մեկնաբանում է Հովհաննիսյանը,- մեր կենտրոնում 400 վարորդ կա, որոնցից ամիսը առնվազն երկու բողոք գալիս է»:

Վարորդներն այնքան են հոգնում զանազան քաշքշուկներից, որ գերադասում են հարցերն իրար հետ լուծել:

Իսկ  Ֆինանսական հաշտարարի գրասենյակի ԱՊՊԱ հարցման գծով  2011 թ. առաջին եռամսյակային հաշվետվությունում գրանցված է 14 բողոք-դիմում, որի գերակշիռ մասը` 6-ը, կապված են առողջապահական ապահովագրության հետ:

ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը տեղեկացրել է, որ ԱՊՊԱ ներդրման ընթացքում գրասենյակը  բազմաթիվ հեռախոսային և գրավոր դիմում-բողոքներ է ստանում, սակայն ԱՊՊԱ-ի մասին մարդիկ ճիշտ իրազեկված չեն, և այդ բողոքների մեծ մասն էլ չի համապատասխանում  գրասենյակի գործունեության ձևաչափին:

Ապահովագրական բյուրոյի հասարակայնության հետ կապեր բաժնից «Անկախին» ասացին, որ հունիսի 5-ի դրությամբ ապահովագրական ընկերություններն ստացել են ստացել են 8800 հայտ: Հատուցված գումարը կազմում է 1 մլրդ. 550 մլն դրամ, իսկ 770 մլն. դրամ գտնվում է հաշվարկման փուլում:

 

Դիտվել է 1398 անգամ:
Print Friendly

Leave a Reply