Ալֆրեդ Նոբել

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 22, 2011 7:01

Բոլորն են լսել Ալֆրեդ Նոբելի և նրա սահմանած մրցանակի մասին, բայց շատ քչերը գիտեն նրա ողբերգական սիրո և վայրիվերումներով լի կյանքի պատմությունը:

Ալֆրեդ Բերնհարդ Նոբելը ծնվել է 1833 թ. հոկտեմբերի 21-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, Էմանուել և Հենրիետա Նոբելների ընտանիքում:

Ալֆրեդը 10 տարեկան էր, երբ նրա հայրը աշխատանքի առաջարկ ստացավ Պետերբուրգում և ընտանիքով տեղափոխվեց Ռուսաստան: Մի քանի տարի անց Ալֆրեդը ուղևորվեց արտասահման սովորելու: Նա եղավ Դանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում:

Ալֆրեդի հայրը Ռուսաստանում ական և դինամիտ արտադրող գործարան էր հիմնել և ռուսական բանակի պատվերներն էր կատարում: Վերադառնալով Ռուսաստան` Ալֆրեդը ստանձնեց գործարանի ղեկավարությունը:

Սակայն շուտով ընտանեկան բիզնեսն անկում է ապրում, և Ալֆրեդը վերադառնում է Շվեդիա, սկսում ուսումնասիրել դինամիտի արտադրությունը, մասնավորապես` նրա մեջ նիտրոգլիցերինի կիրառությունը: Շուտով Նոբելի արած փորձարկումների ժամանակ զոհվում է նրա եղբայրը, բայց դա չի կանգնեցնում նրան,  նա ավելի ու ավելի մեծ նվաճումների է հասնում իր գյուտերում: Շուտով Նոբելի անունը չի իջնում թերթերի էջերից, ու նա համաշխարհային ճանաչման ու փառքի է արժանանում:

Բացի դինամիտի արտադրությունից, Նոբելն իր ընտանիքի բիզնեսը ծավալեց նաև այլ ոլորտներում: Նոբելների ընտանիքը Բաքվի նավթատերերից էր և հաջողությամբ էր մրցակցում Ռոտշիլդների, Մանթաշովի գործարանների հետ:

Քչերը գիտեն, որ Նոբելը նաև հրապուրվել է դրամատուրգիայով: Կյանքի մայրամուտին նա հրատարակեց «Նեմեսիս» պիեսը, որը, սակայն, լույս տեսնելուն պես առգրավվեց կաթոլիկ եկեղեցու կողմից և ոչնչացվեց, քանզի պարունակում էր «հակաաստվածային» մտքեր:

Ալֆրեդ Նոբելը ժառանգ չունեցավ: Նրա միակ մեծ սերն անպտուղ էր…

Նրա անունն Աննա էր: Դանիացի հանրահայտ նավարդյունաբերողի դուստրը ծնվել էր Ռուսաստանում: Ալֆրեդն Աննային հանդիպեց մի երեկոյի ժամանակ և անմիջապես սիրահարվեց: Բնույթով ռոմանտիկ, նաև մելամաղձոտ երիտասարդը մինչ այդ իր սերը փնտրում էր պոեզիայի էջերում և տեսնելով Աննային` անմիջապես հասկացավ, թե ով է իր երազների տիրուհին:

Ցավոք, գեղեցկուհին չէր արձագանքում Ալֆրեդ Նոբելի զգացմունքներին: Նրան դուր չէր գալիս մելամաղձոտ, վատառողջ ու անհրապույր տեսքով երիտասարդը: Սակայն Աննան չէր վանում Ալֆրեդին, ընդհակառակը. թույլ էր տալիս, որ  նա լինի իր շրջապատում, հաճոյախոսություններ շռայլի և պաթետիկ ոճով բանաստեղծություններ ձոնի իրեն: Մի խոսքով, թեթևամիտ դանիուհին սեթևեթում էր և հոգեհան  անում Ալֆրեդին:

Ալֆրեդն ու Աննան հանդիպում էին Պետերբուրգում մադամ Դեզիրեի տանը, որտեղ ամեն շաբաթ երեկոներ էին կազմակերպվում: Սիրահարված երիտասարդը տարերքի մեջ էր, և թվում էր` գտել է իր երջանկությունն ու կոչումը կյանքում: Ալֆրեդն Աննային սիրո խոստովանություններ շռայլելով` երդվում էր, որ նրա ոգեշնչմամբ իրեն ամբողջովին նվիրելու է արվեստին:

Բայց սև ամպեր էին կուտակվում Ալֆրեդի գլխին: Շուտով նա ուժեղ ախոյան ունեցավ. ֆրանսիացի ազնվական Ֆրանց Լեմարժը, որ Պետերբուրգ էր եկել Վիեննայից, մադամ Դեզիրեի տանը կազմակերպված երեկոներին իր թեթևաբարո վարքով ու հրապուրիչ պատմություններով խելքահան էր անում հավաքված օրիորդներին: Շուտով Ալֆրեդը ցավով տեսավ, թե ինչ սիրատոչոր հայացքներ են փոխանակում Աննան և Ֆրանցը:

Լինելով նրբազգաց և մելամաղձոտ անձնավորություն` Ալֆրեդը զգում էր, որ պայքարը Ֆրանցի հետ տանուլ է տալիս: Եվ իսկապես, մի երեկոյի ժամանակ Աննան սկսեց բացահայտ սեթևեթել Ալֆրեդի ախոյանի հետ: Նոբելը տխուր մի անկյուն էր քաշվել և լուռ հետևում էր սիրահարների գգվանքներին: Վերջին հարվածը հասցրեց Ֆրանցը, որ շամպայնի բաժակը ձեռքին մոտեցավ Նոբելին` ծաղրելու և նշելու իր հաղթանակը:

Նա ժպտալով հարցրեց Նոբելին, թե ինչպես է վերաբերվում մաթեմատիկային, և ավելացրեց, որ այս դարում ամեն զարգացած մարդ պարտավոր է գլուխ հանել բնական գիտություններից: Ալֆրեդը փորձեց հակադարձել և պատասխանեց, որ ինքն ուսում է ստացել լավագույն մասնագետների մոտ: Այդ ժամանակ Ֆրանցն առաջարկեց մի բանաձև լուծել: Ալֆրեդը, որ արդեն վերցրել էր նետած ձեռնոցը, ուշ էր նահանջելու համար, խորասուզվեց բանաձևի մեջ, սակայն գլուխ չհանեց: Լեմարժը հեգնական ժպիտով վերցրեց թղթի կտորը, արագ լուծեց խնդիրն ու տվեց Ալֆրեդին: Վերջում, ի լուր բոլորի, Լեմարժը «մեծահոգաբար» հայտարարեց, որ ինքն ապագա մաթեմատիկոս է, իսկ Ալֆրեդը թող իր ուժերը փորձի գրականության ասպարեզում: Հարվածը սպանիչ էր: Ամենաահավորն այն էր, որ ավելի հեգնական ժպիտով ու ծաղրող հայացքով էր Ալֆրեդին նայում Աննան:

Աննան այնքան դաժան գտնվեց, որ իր և Լեմարժի հարսանիքի հրավիրատոմսն անձամբ հանձնեց Ալֆրեդին: Վերջինս ցնցված էր մինչև հոգու խորքը և հրաժարվեց ներկա գտնվել տոնախմբությանը` պատճառաբանելով, թե վատառողջ է: Եվ իսկապես, նա  մոտ 10 օր անկողնուց դուրս չեկավ, պառկած պոեմ էր գրում իր կործանված սիրո մասին:

Սակայն Ալֆրեդի անկումային տրամադրությունը երկար չտևեց: Նա արագ ապաքինվեց և իր մեջ ոտքի կանգնելու ուժ գտավ: Իր նամակում, ուղղված հորը, ապագա գյուտարարը գրում է. «Այսօրվանից ես հրաժարվում եմ մասսայական հաճույքներից և անցնում եմ բնության ուսումնասիրությանը` հասկանալու, թե ինչ կա այնտեղ…»:

Ալֆրեդը ֆիզիկայի և քիմիայի լավագույն մասնագետներին վարձեց ու սկսեց ուսումնասիրությունը: Ուսուցիչներին զարմացրեց նրա ջանասիրությունն ու արագ հաջողությունները բնական գիտությունների ոլորտում:

Չուշացավ Ալֆրեդի առաջին մեծ հայտնագործությունը: Նա դինամիտի արտադրության մեջ թանկ վառոդին փոխարինող նյութ գտավ` նիտրոգլիցերինը: Փորձերը սպասվածից ավելի մեծ հաջողություն արձանագրեցին: Գյուտը կոչվեց հենց Նոբելի անունով:

Նիտրոգլիցերինի հայտնությունը հեղափոխություն առաջացրեց աշխարհում: Նրա պահանջարկը մեծ էր: Պարզվեց, որ Նոբելը, լավ գյուտարար լինելուց բացի, նաև լավ գործարար էր: Նա այնպիսի գովազդային արշավ կազմակերպեց, որ իր արտադրանքը գնելու համար պատվերներ էր ստանում աշխարհի տարբեր ծայրերից:

Հաջողությունները շլացրին Նոբելին: Նա տեղափոխվեց Փարիզ և հաճախ էր երևում բարձրաշխարհիկ հասարակության մեջ: Սակայն գյուտարարը միայնակ էր և ոչ մի կերպ չէր կարողանում գտնել իր սրտի ընտրյալին: Մելամաղձոտ ու մռայլ հայացքով գիտնականը չէր հետաքրքրում թեթև զվարճանքների հակված Փարիզի բարձրատոհմիկ կանանց:

Նա այդ հողի վրա շուտով քայքայեց առողջությունը և անկողին ընկավ: Բժիշկը Նոբելին խորհուրդ տվեց հեռու մնալ գործերից և…սիրուհի պահել:

Ալֆրեդը փորձեց սիրային կապ ստեղծել 30-ամյա լեհ կոմսուհի Բերթա Կինսկու հետ: Նրանք միասին ճամփորդության մեկնեցին, սակայն կոմսուհին Ալֆրեդին մերժեց…

Դարձյալ Նոբելին պատեց մռայլությունը: Նա տեղափոխվեց Ավստրիա և ամբողջովին տրվեց գործին ու իր գյուտերին: Վիեննայում, այնուամենայնիվ, Ալֆրեդը գտավ իր սիրուն, որ հասարակ ծաղկավաճառ էր: Նրանց սիրավեպը տևեց շուրջ երկու տասնամյակ: Սակայն, երբ Սոֆյան դավաճանեց Ալֆրեդին,  նա կրկին հուսահատության գիրկն ընկավ:

Կյանքի վերջին ամիսներին նա հազվադեպ էր տնից դուրս գալիս: Այդպես էլ մեծ գյուտարարը միայնության մեջ, հուսահատ ավանդեց հոգին: Նրա իսկ կամքով մահից հետո բժիշկը կտրեց երակները: Ալֆրեդը ահավոր վախենում էր գերեզմանից, մանավանդ` կենդանի թաղվելուց:

Սակայն Ալֆրեդ Նոբելի կտակն ավելի ուժեղ ցնցում առաջացրեց հարազատների և հասարակության մեջ, քան նրա ստեղծած դինամիտները:

Կտակում Նոբելը մեկ գրոշ անգամ չէր հատկացրել հարազատներին: Նրա կամքով իր ամբողջ ունեցվածքը վաճառքի էր հանվում, կանխիկացվում և հիմնադրամ էր ստեղծվում: Հիմնադրամի միջոցներով պիտի ֆինանսավորվեին աշխարհում գիտության և գրականության, խաղաղության բնագավառում աչքի ընկած գործիչներն ու ծրագրերը: Գումարը պիտի բաշխվեր հինգ մասի և ամեն տարի բաժանվեր գրականության, բժշկության, ֆիզիկայի և քիմիայի բնագավառի աչքի ընկած գործիչներին:

Հարազատները փորձեցին դատարաններում բողոքարկել կտակը: Անգամ կտակի դեմ բողոքով հանդես եկավ վիեննացի մի մաթեմատիկոս (ամենայն հավանականությամբ, մաթեմատիկան իր մրցանակների շարքից դուրս թողնելով, գոնե իր մահից հետո նա կարողացավ վրեժ լուծել առհասարակ բոլոր մաթեմատիկոսներից իր չստացված անձնական կյանքի համար):

Իսկ Նոբելի թողած ժառանգությունը, այսօրվա հաշվարկներով, կազմում էր ավելի քան 35 մլն շվեդական կրոն կամ 70 մլն ֆունտ ստեռլնիգ:

Ահա Նոբելի կորցրած սիրո արդյունքը:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 3032 անգամ:
Print Friendly

Leave a Reply