Զինծառայողների հանցավորություն հասկացությունը և զինծառայող հանցագործի անձի քրեագիտական բնութագիրը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | June 20, 2011 7:00

Հանցավորությունը թափանցում է հասարակության բոլոր շերտերը, բոլոր սոցիալական ոլորտները: Բացառություն չեն կազմում նաև զինված ուժերը: Զինվորական հանցավորությունը ինչպես իրավաբանների, այնպես էլ քաղաքագետների և հասարակայնության լայն շրջանների ուշադրության կենտրոնում է. որքան բարձր է նրա մակարդակը, այնքան քիչ են բանակը որպես արտաքին քաղաքական և ներքին խնդիրները լուծելու արդյունավետ գործիք օգտագործելու հնարավորությունները:

Զինծառայողների հանցավորությունը երկրում ընդհանուր հանցավորության բաղադրիչներից մեկն է, հանցագործությունների ամբողջություն, որոնք կատարվում են հատուկ կատեգորիայի քաղաքացիների` զինծառայողների կողմից:

Զինծառայողների հանցավորությունը ներառում է երկու խումբ հանցագործություններ.

  • զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ (հրաման չկատարելը, պետին դիմադրելը, դասալքությունը, մարտական հերթապահության կրման կանոնների խախտումը),
  • ընդհանուր քրեական հանցագործություններ (անձի, սեփականության դեմ ուղղված և այլն):

Զինված ուժերը և երկրի զինվորական ստորաբաժանումները մեկուսացված սոցիալական մեխանիզմներ չեն, այլ մեր հասարակության օրգանական և անքակտելի մասը` իրենց սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, կազմակերպա-կառավարչական և իրավական առանձնահատկություններով, որոնք դրական կամ բացասական են անդրադառնում զինծառայողների հանցավորության և դրա պատճառների վրա:

Այս հանցավորության քրեագիտական բնութագրերից մեկը նրա հատուկ հասարակական վտանգավորությունն է, որը կապված է ոչ միայն քաղաքացիական անձանց հանցավոր արարքների համար բնութագրական հասարակական կարգի խախտման, անձի, սեփականության դեմ ուղղված ոտնձգության հետ, այլև զինվորական կարգապահության թուլացման, զինվորական ծառայության անցման կարգի խախտման հետ, այսինքն` զորամիավորումների և զորամասերի մարտական պատրաստվածության կարևորագույն պայմանների հետ: Այդ իսկ պատճառով զինծառայողների հանցավորությունը վտանգավոր ապակայունացնող գործոն է, որը ծայրաստիճան բացասաբար է անդրադառնում ոչ միայն զինված ուժերի, այլև ամբողջ պետության վրա, քանի որ իրերի դրությունը բանակում այն ցուցիչներից է, որոնցով հասարակությունը գնահատում է իր անվտանգության վիճակը:

Զինծառայողների հանցավորությունը ընդհանուր քրեական հանցավորության հետ ունեցած շատ ընդհանուր գծերի հետ միասին որոշ առանձնահատուկ գծեր ունի, որոնք արտացոլում են ինչպես զինվորական ծառայության առանձնահատկությունները, այնպես էլ հանցագործի անձը: Ի դեպ, այդ մասին դեռևս 1905 թ. ասել է ռուս իշխան Ս.Ա.Դրուցկոյը, որ ակտիվորեն զբաղվում էր զինվորական հիմնախնդիրներով. «Քաղաքացիների շրջանում ապրող և իր գոյության բոլոր կողմերով նրանց հետ շփվող զորքը չի կարող զերծ մնալ այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում քաղաքացիական հասարակությունում: Սակայն, դրանից անկախ, ենթադրելու հիմք կա, որ հանցավորությունը բանակում կախված է հավելյալ գործոններից, որոնք տեղ չունեն քաղաքացիական կենցաղում»:

Այժմ անդրադառնանք զինծառայող-հանցագործ անձի քրեագիտական բնութագրին:

Այսպես, զինծառայող հանցագործի անձն ունի էական առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են մի շարք գործոններով` միասեռ սոցիալական խմբի միջանձնային շփման մեկուսացվածությամբ, ամենօրյա կենցաղի խիստ կարգավորմամբ, որոշակի պայմաններում կյանքը ռիսկի ենթարկելու անհրաժեշտությամբ, միանձնյա ղեկավարության սկզբունքի անվերապահ հետևման դեպքում պետի և ենթակայի միջև փոխհարաբերության աստիճանակարգային կառուցմամբ, ազատ ժամանակի սահմանափակմամբ և, որպես կանոն, մշակութա-ժամանցային միջոցառումների նեղ ընտրությամբ, ամենօրյա ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածությամբ, ժամանակավոր կենսակերպով և այլն:

Դրա հետ միասին գոյություն ունեն առանձնահատկություններ, որոնք հատուկ են ժամկետային ծառայության զինծառայող հանցագործի անձին և հրամանատար հանցագործի անձին:

Ժամկետային ծառայության զինծառայող հանցագործի անձը բնութագրվում է հետևյալ առանձնահատկություններով.

  • իր իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև գործող օրենքների չիմացություն կամ լավագույն դեպքում մակերեսային իմացություն, իրավագիտակցության ցածր մակարդակ, նրա թերի լինելը, խեղաթյուրումը կամ պակասավորությունը, իր վարքագիծն օրենքի հետ հարաբերակցելու սովորության թերզարգացածությունը, չիմացությունը,
  • երիտասարդ, առավել քրեածին ակտիվ տարիք (18-20 տարեկան) և ագրեսիվ-կործանարար վարքագիծ, որը հատուկ է այդ տարիքին,
  • չձևավորված, այդ իսկ պատճառով անկայուն հոգեկան կառուցվածք (հոգեբանները հաստատում են, որ մարդու անձի վերջնական ձևավորումը տեղի է ունենում մինչև 21-22 տարեկանը),
  • չձևավորված հոգեկան կառուցվածքի կախվածությունը բազմաթիվ անուղղակի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից (օրինակ` սպայի և վաղուց ծառայության մեջ գտնվողի հարաբերությունները, զորքի տեսակը, եթե հատկապես նորակոչիկը երազել է ծառայության մասին ՀՕՊ զորքերում, սակայն ծառայության են ուղարկել հետևակային զորքեր և այլն),
  • «հեդոնիստական ռիսկ», այսինքն` երիտասարդ մարդկանց հաճույք ստանալը վտանգից, ռիսկից,
  • կրթվածության, դաստիարակության ոչ բավարար բարձր մակարդակը որպես մինչև զորակոչը կյանքի բացասական սոցիալ-տնտեսական պայմանների հետևանք,
  • հակաիրավական մինչզորակոչային վարքագիծ. կան դեպքեր, երբ անձը քրեական կամ վարչական պատասխանատվության է ենթարկվում մինչև զորակոչվելը, իսկ ծառայության ընթացքում հանցագործություն կատարելը նրա համար, մի կողմից, սովորական է, իսկ մյուս կողմից` արդեն ձևավորվող արհեստ է,
  • սպիրտային խմիչքների և թմրանյութերի օգտագործման փորձի առկայություն,
  • հակահասարակական ուղղվածությամբ երիտասարդական խմբավորումների հետ շփման փորձի առկայություն,
  • հոգևոր պահանջմունքների և հետաքրքրությունների պակասություն. զինծառայողների մեծ մասը թերթ կամ ամսագիր չի ընթերցում, իսկ մի մասը` գիրք,
  • իր գործողություններին հավաստի գնահատական տալու անկարողություն` դրանց հետևանքները չկանխատեսելով, վարքագծի շարժառիթի դերի վերագնահատում և իրավախախտման օբյեկտիվ հասարակական վտանգավորության թերագնահատում,
  • համոզվածությունն իր ճշմարտացիության մեջ և անբարյացակամությունը այն անձանց նկատմամբ, ովքեր բանակ զորակոչվելու տարկետում են վերցրել,
  • հուզական անկայունություն, դյուրագրգռություն, տաքարյունություն, ագրեսիվ վարքագիծ,
  • քամահրական վերաբերմունք զինվորական ծառայության նկատմամբ և այլն:

Ժամկետային ծառայության զինծառայող հանցագործի անձը պայմանավորված է իրականության վարքագծային ընկալման սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններով, նրա խառնվածքի տիպով:

Սանգվինիկ զինծառայողներին հատուկ է արագաշարժությունը և քաջությունը:

Խոլերիկ զինծառայողները դրսևորում են նախանձելի, չնայած և չգիտակցված վճռականություն և քաջություն:

Ֆլեգմատիկ զինծառայողներն օժտված են գիտակցված վճռականությամբ և քաջությամբ, սակայն այդ հատկանիշները նրանց մեջ ուժեղ են միայն այն առաջադրանքների կատարման ժամանակ, որոնց նրանք հատուկ պատրաստվել են:

Բանակային իրականությանն ամենից քիչ պատրաստված են մելանխոլիկ զինծառայողները, քանի որ նրանց վճռականությունն ու քաջությունը կարճատև են և դրսևորվում են միայն աննշան խոչընդոտների հաղթահարման դեպքում: Չնայած այս հանգամանքին, պատմությունը վկայում է այն մասին, որ եղել են մելանխոլիկ խառնվածքով զորավարներ, օրինակ` Նապոլեոնը:

Ժամկետային ծառայության զինծառայող հանցագործներին կարելի է տիպականացնել հետևյալ կերպ.

  • պատահական, որոնց համար կատարված հանցագործությունը հանկարծակի ծագած սուր կոնֆլիկտային իրավիճակին անհամապատասխան  հակազդեցության արդյունքն է,
  • կայուն, որոնք տարբերվում են մշտական ագրեսիվ ուղղվածությամբ և բիրտ ուժ կիրառելու ձևավորված կարծրատիպով,
  • անուղղելի, որոնց համար ագրեսիվ վարքագիծը նորմ է: Ընդ որում, գործնականորեն նրանց ագրեսիվ-հարկադրական վարքագիծը շահադիտական շարժառիթ ունի:

Ժամկետային ծառայության զինծառայող հանցագործները հիմնականում կատարում են բռնի հանցագործություններ, ընդ որում` շատ հաճախ կապված միջանձնային կոնֆլիկտների հետ, կամ էլ` նրանց միջև ծագած հարցերի անհաջող լուծման հետևանքով կատարված հանցագործություններ: Նրանք հազվադեպ են կատարում շահադիտական հանցագործություններ, իսկ եթե կատարում են, ապա` ամենից հաճախ սպայի հանցակցությամբ: Շահադիտական հանցագործությունների ինքնուրույն կատարումը սովորաբար կապված է զենքի կամ այլ զինվորական գույքի հափշտակության կամ էլ օրինավոր կամ անօրեն ձևով զորամասից դուրս գտնվելու ժամանակ փողոցներում գողության և կողոպուտի հետ:

Այսպիսով, ժամկետային ծառայության զինծառայող հանցագործը  ոչ լրիվ կազմավորված, շատ հաճախ խոլերիկ խառնվածքով, առավել քրեածին տարիքի, անկայուն հոգեկան կառուցվածքով, լավ զարգացած ֆիզիկականով և կյանքի հետընթաց արժեքներ ունեցող, ոչ ֆորմալ բանակային կառուցվածքում առաջնորդի դիրք զբաղեցնող, ինչպես նաև սպիրտային խմիչքների, թմրանյութերի օգտագործման հետ կապված անչափահասի ագրեսիվ- հարկադրական վարքագծի փորձ ունեցող անձ է:

Հրամանատար հանցագործի և պետ հանցագործի (սպա, ենթասպա, սերժանտական պաշտոնում ծառայող պայմանագրային զինծառայող) անձը շատ դեպքերում որոշվում է նրանց անձնական և պրոֆեսիոնալ հատկանիշների առանձնահատկությամբ: Այդ զինծառայողները կազմում են զինված ուժերի հիմքը, քանի որ հանդիսանում են պրոֆեսիոնալ զինվորականներ, որոնցից է շատ դեպքերում կախված զորամասերի մարտական պատրաստվածությունը: Նրանց հասուն տարիքը վկայում է այն մասին, որ հոգեբանական պլանում նրանք լիովին ձևավորված անձինք են: Ժամկետային ծառայության զինծառայողների հետ համեմատ` նրանք արտոնյալ սոցիալ-կենցաղային վիճակում են (ապրում են, որպես կանոն, ոչ զորանոցում, զգալիորեն շատ ազատ ժամանակ ունեն, որը կարող են տնօրինել իրենց հայեցողությամբ, մեծ հնարավորություններ ունեն ծառայության վայրի և զինվորական մասնագիտության ընտրության հարցում): Հրամանատարները և պետերն անմիջական մուտքի հնարավորություն ունեն դեպի զինված ուժերի նյութական արժեքները (համազգեստի, պարենի, զինամթերքի և այլնի պահեստները), իսկ նրանց կողմից կատարվող հանցագործությունները հատուկ հասարակական վտանգ են ներկայացնում և լուրջ բարոյական ու նյութական վնաս են հասցնում բանակին: Հարկ է ընդունել, որ զորամասերում քրեածին իրադրությունից է կախված, թե ինչպես են նրանք վերաբերվում իրենց պարտականությունների կատարմանը և ենթակաների դաստիարակմանը:

Հրամանատար հանցագործի և պետ հանցագործի անձին հատուկ են հետևյալ գծերը.

  • բավականին հասուն տարիք` 21 տարեկան և ավելի, որը վկայում է հոգեբանորեն ձևավորված անձի մասին,
  • ագրեսիվ-հարկադրական փորձի առկայություն, որը ձեռք է բերվում զինվորական վարժարաններում, և միաժամանակ ցածր ընդհանուր և իրավական մշակույթ, որը դրսևորվում է ինչպես իրավունքի չիմացությամբ, այնպես էլ նրա նորմերի գիտակցված խախտմամբ: Իր հերթին, իրավունքի նորմի, այդ թվում նաև վերադաս պետերի հրամանների և կարգադրությունների չիմացությունը հանգեցնում է օրենքի խախտման, անօրինական հրամանների, կարգադրությունների հրապարակման, ինչպես նաև ոչ իրավաչափ վարքագծի,
  • ծառայության հետ կապված պատասխանատու որոշումներ ընդունելու և միայն անմիջական պետի պահանջը կատարելու երկյուղ, եթե նույնիսկ այդ պահանջները ծառայության շահերի հետ հակասության մեջ են և խախտում են գործող օրենսդրությունը,
  • պետերի կողմից ենթականերին վիրավորելը, այդ թվում այն արարքների համար, որոնք կատարում են ժամկետային ծառայության զինծառայողները,
  • կենցաղային հարբեցողության և թմրամոլության տարածվածություն (հատկապես` երիտասարդ սպաների շրջանում):

Հրամանատար հանցագործի անձի առանձնահատկությունները դրսևորվում են այն հանցագործությունների բնույթով, որոնք նրանց կողմից կատարվում են:

Այսպիսով, հրամանատար հանցագործը և պետ հանցագործը կազմավորված, հաճախ խոլերիկ խառնվածքի, զինվորական վարժարաններում ագրեսիվ-հարկադրական վարքագիծ, շահադիտական մղումներ (կարիերիստական նկրտումների հետ կապված կամ չկապված) ձեռք բերած, «ժամանակավոր իշխանություն ունեցող անձի» հոգեբանությամբ օժտված և ենթակաների ու բանակի ճակատագրի նկատմամբ անտարբեր անձ է:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 3553 անգամ:
Print Friendly

Leave a Reply