Հավաստագրեր` ՀՖՖ ներկայացուցիչներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 16, 2011 12:41

2010թ-ին ՈՒԵՖԱ-ն Լոզանի համալսարանին կից հանրային կառավարման շվեյցարական բարձրագույն դպրոցի (IDHEAP) հետ համատեղ հիմնեց տաս ամիս տևողությամբ «Ֆուտբոլային կառավարման ՈՒԵՖԱ-ի հավաստագիր» ծրագիրը (UEFA CFM):
ՈՒԵՖԱ-ի CFM նախագիծը հիմնարար նախագիծ է հանդիսանում ՈՒԵՖԱ-ի կողմից հիմնված մասնագիտական զարգացման ծրագրերի համար: Այն ուղղված է ամրապնդելու եւ կազմավորելու ֆուտբոլային ազգային ասոցիացիաների աշխատակազմի միջին օղակների արդեն իսկ ձեռք բերված գործնական գիտելիքները:
Ծրագիրը բաղկացած է մեկ ներածական «օնլայն» մոդուլից, երեք երկօրյա սեմինար-հանդիպումներից և վեց չորս շաբաթ տևողությամբ ուսուցողական «օնլայն» մոդուլներից: Վերջինիս նպատակն է բարձրացնել մասնակիցների գիտելիքները մարզաձևի կազմակերպման եւ կառավարման բնագավառում, ինչը թույլ կտա նրանց պահպանել գործարար հարաբերությունները եվրոպական այլ ազգային ասոցիացիաների իրենց գործընկերների հետ, և ծրագրի հաջող ավարտի պարագայում արժանանալ IDHEAP-ի կողմից շնորհվող ֆուտբոլային կառավարման հավաստագրին:
Ծրագիրը ներառում է ֆուտբոլի ազգային ասոցիացիաների կառավարման հիմնական ոլորտները` ֆուտբոլի կազմակերպում, ռազմավարական կառավարում և արդյունավետության վերահսկում, օպերատիվ կառավարում, միջոցառման կառավարում, մարկետինգ եւ հովանավորչություն, ներքին եւ արտաքին հաղորդակցություն:
Բոլոր 53 ասոցիացիաներից ստացված բազմաթիվ դիմումների քննության արդյունքում (յուրաքանչյուր ասոցիացիա կարող էր ներկայացնել առավելագույնը 2 թեկնածու) ՈՒԵՖԱ-ն և IDHEAP-ն ընտրեցին 33 մասնակից Հայաստանից, Ավստրիայից, Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բելառուսից, Կիպրոսից, Էստոնիայից, Անգլիայից, Մակեդոնիայից , Վրաստանից, Հունգարիայից, Իռլանդիայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոնտենեգրոյից, Հյուսիսային Իռլանդիայից, Լեհաստանից, Շոտլանդիայից, Սերբիայից, Սլովակիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Ուելսից, ինչպես նաեւ ՈՒԵՖԱ-ից:
ՀՖՖ-ն ներկայացնող Միջազգային եւ Արտոնագրման բաժինների ղեկավարներ Սաթենիկ Ամիրանյանի եւ Առնո Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՖՖ նախկին աշխատակից, 2009թ-ից ՈՒԵՖԱ-ի աշխատակից հանդիսացող Մոնիկա Մխիթարյանի ծրագրին մասնակցության շնորհիվ հայկական «պատվիրակությունն» ամենամեծն էր CFM-ում:
2010թ-ի սեպտեմբերի 6-ին պաշտոնապես մեկնարկած ծրագիրն ավարտվեց ս.թ. հունիսի 9 եւ 10-ին, երբ մասնակիցները հանձնեցին ավարտական քննությունները, և կայացավ հավաստագրերի շնորհման արարողությունը: Մեր ներկայացուցիչները հաջողությամբ հանձնել են քննությունները եւ ստացել հավաստագրեր գերազանցությամբ (cum laude):
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած հավաստագրերի շնորհման արարողությունը վարեցին ՈՒԵՖԱ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Թեոդոր Թեոդորիդիսը և IDHEAP-ի տնօրեն պրոֆեսոր Ժան-Լու Շապելեն: Վկայականները մասնակիցներին շնորհեցին պրոֆեսոր Շապելեն եւ ՈՒԵՖԱ-ի համալսարանական ծրագրերի համակարգող Թոմաս Ժյունոն:
CFM ծրագրի հաջողակ շրջանավարտներին տրվել է հնարավորություն շարունակել ուսումը մեկ այլ` “Ֆուտբոլային կառավարման ՈՒԵՖԱ-ի դիպլոմ” ծրագրով (UEFA DFM), որը կմեկնարկի 2011թ-ի սեպտեմբերին եւ կավարտվի 2012թ-ի մայիսին: ՀՖՖ-ն այս ծրագրում կրկին կներկայացնեն Սաթենիկ Ամիրանյանն ու Առնո Սարգսյանը, որոնց ուսումը շարունակելու որոշումը ստացել է ՀՖՖ ղեկավարության աջակցությունը: Ծրագիրը թույլ կտա նրանց էլ ավելի ամրապնդել ՀՖՖ-ում աշխատանքի եւ ՈՒԵՖԱ-ի CFM ծրագրում մասնակցության արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները:

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply