Վաղը տեղի կունենա կնոջ սպանության մեջ մեղադրվող քաղաքացու դատավարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 16, 2011 12:31

Հունիսի 17-ին, ժամը 11.00-ին Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարության հերթական նիստը, որի ժամանակ վերջապես կհրապարակվի ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը  սույն գործով դռնփակ կամ դռնբաց նիստ անցկացնելու թույլտվության մասին:

Հիշեցնենք, որ դատավորը մերժել էր ամբաստանյալի պաշտպանի` նիստը դռնփակ անցկացնելու առաջարկը, որի համար վերջինս դիմել էր ՀՀ Վճռաբեկ դատարան` բողոքարկելով դատավորի որոշումը, իսկ նիստերը շարունակ հետաձգվում էին, քանի որ ՀՀ Վճռաբեկ դատարանը դեռ չէր կայացրել նիստը դռնփակ կամ դռնբաց անցկացնելու թույլտվությունը:

Հիշեցնենք, որ 2010 թ. -ի հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի արդյունքում մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Կնոջ ողբերգական մահից հետո  7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը, խթանում է գործի թափանցիկության ապահովումը և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ:

Դատական նիստը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են հունիսի 17-ին, ժամը 10:00-ին լինել Այրարատ կինոթատրոնի հետնամասում: Երկկողմանի տեղափոխության ծախսերն իրականացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան: Խնդրում ենք նախապես զանգահարել 010 53 22 81 հեռախոսահամարով և ամրագրել, քանի որ տեղերը սահմանափակ են:

 

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply