ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում թույլ չտալ երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2011 12:13

Հանրապետությունում իրականացվում են բաց ջրամաբարների եւ բնակավայրերում տեղակայված դեկորատիվ ջրավազանների ջրի որակի հետազոտություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը, աշխատանքներն իրականացվում են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, այդ թվում’ ջրային գործոնով պայմանավորված մանրէածին հիվանդության առաջացումը կանխելու նպատակով: Ջրի որակի հետազոտությունները տեսչության կողմից իրականացվում են մայսիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում:

«Դեկորատիվ ջրավազանները նախատեսված չեն լողալու համար, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռան ամիսներին հաճախ երեխաները լողում են այնտեղ, այդ իսկ պատճառով հատուկ ուշադրություն է դարձվում դրանց: Դեկորատիվ ջրավազաններն ստեղծված են նպաստավոր միկրոկլիմայի ապահովման համար, դրանք չունեն համապատասխան մաքրման եւ վարակազերծման համակարգեր, որն անհրաժեշտ է լողալու համար»,-ասաց Ա. Պետիկյանը: Նա նշեց, որ այնտեղ լողում են կենդանիներ եւ չի կարող երաշխավորվել, որ դեկորատիվ ջրավազանների ջուրն անվտանգ է մարդկանց առողջության համար: Եթե տեսչությունը հայտնաբերում է ջրի որակի շեղումներ դեկորատիվ ջրավազաններում, ապա դիմում է Երեւանի քաղաքապետարանին, որպեսզի փակցնեն լողալն արգելող վահանակներ, իսկ ոստիկանությանը’ վերահսկում իրականացնելու համար: Դեկորատիվ ջրավազանները շահագործողներին էլ դիմում են’ ջուրը թափելու եւ ջրավազանը մաքրելու համար:

Լողալու համար նպաստավոր են միայն այն լողավազանները, որոնք շահագործվում են որեւէ տնտեսվարող սուբյեկտի կողմից, ունեն համապատասխան սարքավորումներ մաքրման համար, քլորացվում են:

«Պարբերաբար մենք քարոզչական աշխատանքներ ենք իրականացնում’ մարդկանց տեղեկացնելով, որ երեխաներին չթույլատրեն լողալ դեկորատիվ ջրավազաններում: Դրանցում կենդանիներ են լողում, կարող են լինել կոտրված շշերի մնացորդներ: Երեխաները ոչ միայն կարող են վնասվել, այլեւ աղիքային, մաշկային հիվանդություններով վարակվել, աչքի բորբոքումներ ստանալ»,-նշեց Ա. Պետիկյանը:

Նա նկատեց, որ դեկորատիվ ջրավազաններից զանգվածային բռնկումներ վերջին տարիներին չեն արձանագրվել, սակայն դա չի նշանակում, որ պետք է այնտեղ լողալ:

 

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply