Մարդ լինելու և մնալու գաղտնիքը. «Ինչ անում ես, խղճով արա»
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | June 16, 2011 11:31
Լույսի շտապօգնություն. այսպես են մարտունեցիները բնորոշում 62-ամյա Գագիկ Ասատրյանին: Նա արդեն 37 տարի մալուխագործ է աշխատում Մարտունու էլեկտրացանցում և սպասարկում քաղաքն ու հարակից 17 գյուղերը:
Շաբաթվա վեց օրերին, երբեմն նաև կիրակի Գագիկ Ասատրյանին կարելի է գտնել էլեկտրացանցի բակում գտնվող իր փոքրիկ պահեստում` կիսախավար կառույցում, որը լեցուն է մալուխներով, աշխատանքային զանազան գործիքներով, տրանսֆորմատորներով և այլն: Փոքրիկ աթոռակի վրա նստած` հանգիստ ու համբերատար աշխատում է Գագիկը: Իսկ երբ կանչ է լինում, վթարի վայր է շտապում: Վթարի դեպքում Գագիկը չի նայում` աշխատանքային ժամ է, թե ոչ. անմիջապես դեպքի վայր է շտապում: Պատահել է, որ վթարը վերացնելու է գնացել անգամ գիշերվա ժամը 4-ին. «Էհ, մարդկանց հո մթնով չենք թողնի»:
Հենց քամի և անձրև է լինում, կանչն անպակաս է: Աշխատանքը լարված է հատկապես գարնանը և աշնանը, երբ անձրևները շատ են, խոնավությունը ներծծվում է, քայքայում մալուխների պաշտպանիչ շերտը:
«Նուրբ ու մաքուր գործ պիտի արվի, մազութ է, գուդրոն է, պիտի մաքրես, խղճով աշխատես, այնպես անես, որ իզոլացիան պահպանվի, խոնավություն չանցնի, չվառի, յեքա նուրբ գործ ա»,- այսպես է մալուխագործը բնութագրում իր աշխատանքը: Մալուխագործի ամենակարևոր որակը նա համարում է խիղճը. «Խղճով պիտի աշխատես, թե չէ նույն տեղում հա~ կփչանա»:
Գագիկ Ասատրյանը մալուխագործություն սովորել է մերձմոսկովյան ատոմակայանում, որտեղ ավտովթարից հետո ազատ աքսորում էր գտնվում: Երեք ամսում մասնագիտությունը յուրացնելուց հետո այն դառնում է նրա ողջ կյանքի հիմնական ու ամենասիրելի աշխատանքը: Բայց ոչ միակը. Գագիկը նաև վարորդ է, հյուսն, էլեկտրիկ, զոդող, ժամանակին նաև զբաղվել է գեղանկարչությամբ և լուսանկարչությամբ:
Չորս քույր ու չորս եղբայր են եղել: Նրանց հայրը մանկավարժ էր: Երեխաներից ոչ ոք, սակայն, չի հետևել հոր ուղուն. բոլորն ընտրել են արհեստավորի մասնագիտությունը. մայրական կողմի ազգականները բոլորը աշխատավոր մարդիկ են եղել:
Արհեստավոր Գագիկը, սակայն, ողջ կյանքն ապրել է հոր պատվիրանի համաձայն. «Լավություն արա ու ջուրը գցի. մի օր անպայման դեմդ դուրս կգա»: Նա աշխատում է օգտակար լինել բոլորին. քաղաքում բոլորը Գագիկի մոտ են շտապում, երբ ֆենն է փչանում, հեծանիվն է կոտրվում, արդուկը չի տաքանում կամ անգամ ջազվեի պոչն է պոկվում: Ոչ ոքի չի մերժում: «Մարդ ես ծնվել, պետք է մարդ էլ ապրես, թե չէ մեռնելու պահին պիտի գան` հայհոյեն, էլ ինչի էր պետք կյանքդ»,- ասում է նա:
Գագիկի միակ որդին նույնպես արհեստավորի ուղին է բռնել. մանրահատակ և սալիկ է խփում:
Իսկ իր հինգ թոռներին Գագիկը ոչ թե խոսքով է սովորեցնում և դաստիարակում, այլ գործով օրինակ է ծառայում. «Երեխա է, տեսնում է, թե պապին ինչպես է վարվում մարդկանց հետ, ինչ նվիրվածությամբ է աշխատում»:
Անդրադառնալով ժամանակակից երիտասարդ սերնդի դաստիարակության հարցին` Գագիկն ասում է. «Այժմ սերունդը չի սովորում, լրիվ բռի ու անպետք է մեծանում: Իհարկե, մեջները կան ընդունակները, որոնք սովորում են ու իրենց տեղը գտնում: Եթե հաշվենք, Մարտունիում քանի~ հերթափոխի բանվորական ուժ կա, որը զուր կորչում է»:
Վարպետն ափսոսանքով է նշում, որ երիտասարդներն անգործության են մատնված, փոխանակ մի արհեստ սովորեն, աշխատեն ու իրենց հացը վաստակեն. «Շատ դեպքում ծնողներն են մեղավոր. փորս կուշտ, ոտներս չուստ, էլ շատ պետքս է գնամ աշխատեմ»:
Եկող տարի Գագիկը կհասնի թոշակի տարիքի, սակայն աշխատանքից հրաժարվելու մտադրություն չունի. «Եթե առողջական վիճակս ներեց, աշխատելու եմ: Էստեղ պահեստում պարապ չեմ մնում, ոնց էլ չլինի, մի բան կքանդեմ, կսարքեմ, իսկ տանը նստած` ի՞նչ պիտի անեմ. առանց աշխատանք կյանքս չեմ պատկերացնում»:
Որպեսզի թոշակի գնալուց հետո իրեն փոխարինող լինի, Գագիկն էլցանցերի աշխատակիցներից իր համար աշակերտ է ընտրել ու արդեն 3-րդ տարին է, ինչ իր հմտությունները և մասնագիտության գաղտնիքները նրան է փոխանցում:
Աշակերտը 40-ամյա Արամն է, որ ավարտել է Ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետը: Նա արդեն յուրացրել է մալուխագործի մասնագիտությունը և 5 ամիս փոխարինել Գագիկին, երբ վերջինս վիրահատության պատճառով չէր կարող աշխատել:
Արամը Գագիկին բնութագրում է որպես իր գործի գիտակ մարդ, որը ցանկանում է օգնել մարդկանց: Նա վարպետից սովորել է, որ իրենց մասնագիտությունում ամենակարևորը զգուշությունն է. գործ ունեն մարդկային կյանքի հետ: Իսկ ամենակարևոր հատկանիշը, որ պետք է ունենա մալուխագործը, «անկախ որակավորումից պետք է մարդ լինի, որ կարողանա մարդկանց հետ շփվել ու աշխատել»:







Facebook
Tweet This
Email This Post
