Ռ. Խաչատրյան. «Երեւանի կենդանաբանական այգին լուրջ բարեփոխումների շեմին է»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 16, 2011 10:39
Երեւանի կենդանաբանական այգին լուրջ բարեփոխումների շեմին է: Կենդանաբանական այգու ներկա վիճակի եւ հետագա ծրագրերի, սպասվելիք փոփոխությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց այգու նոր տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ:
–Կենդանաբանական այգու նոր տնօրինությունն իր հետ ի՞նչ նոր մոտեցումներ է բերում, եւ ի՞նչ վիճակում էր կենդանաբանական այգին, երբ եկաք:
-Կենդանաբանական այգին դեռ այդ վիճակում է, որովհետեւ դեռ կարճ ժամանակ է` ինչ աշխատում ենք: Խնդիրը հետեւյալն է. եղել է մի դարաշրջան, երբ մարդիկ մտածել են, որ կենդանիները, բուսականությունն ու Աստծո կողմից արարված ամեն ինչ ստեղծված են մարդու համար: Այդ դարաշրջանը, սակայն, անցել է, որովհետեւ մարդն իր գիտակից կյանքում այս մոլորակի վրա ապրելով` հասկացել է, որ իրականությունը բոլորովին էլ այդպես չէ եւ չի կարող լինել: Թե’ բույսերը, թե’ կենդանիներն իրենց ուրույն տեղն ու նշանակությունն ունեն այս էկոհամակարգում: Բայց քանի որ մարդն ընչաքաղց է, սպառող, ագահ, այստեղից գալիս են խնդիրները. կենդանին իր էկոհամակարգից զրկվում է, հայտնվում է ինչ-որ չորս պատի արանքում կամ վանդակի մեջ` որպես զվարճանքի կամ մարդկանց ուժը ցույց տալու միջոց: Նախկինում դա թագավորներն էին անում: Մեզանում, ցավոք, դեռեւս չի հաղթահարվել այդ դարաշրջանը. այսօր մենք խնդիր ունենք այդ դարաշրջանից տեղափոխվելու նոր փուլ, որտեղ ամեն ինչ առաջին հերթին պետք է ծառայի այցելուների, հասարակության, ընդհանրապես` հայ ժողովրդի, ու մասնավորապես` երեխաների կրթությանը:
– Ո՞րն է ստեղծված դրությունից ելքը:
-Կան անհատներ, որոնք ուղղակի ուզում են իրենց անձնական հաճույքի կամ ուժը ցույց տալու համար ուղղակի կենդանիներին վանդակի մեջ գցել` կտրելով վայրի բնությունից, ու պահել, որովհետեւ իրենք շատ են «սիրում» կենդանիներ: «Սիրել» հասկացողությունն ուղղակի աբսուրդի է վերածված. եթե մի բան սիրում ես, չես կարող վնասել: Իսկ այգու այսօրվա խնդիրները լուծելի են. դրանք աշխատակիցների մոտեցումների խնդիրներն են, կանոնակարգերի մշակման, սննդի, ֆինանսական խնդիրներ, եւ ճիշտ աշխատելու, ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է այդ խնդիրները լուծել:
–Որո՞նք են առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները եւ ի՞նչ ծրագրեր կան:
-Դա ավելին է լինելու, քան կենդանաբանական այգի: Ծրագրերում լուրջ նախագիծ կա, որը միտում ունի ստեղծելու Էկոլոգիական կրթության եւ կենսաբազմազանության պահպանության ազգային կենտրոն: Այս գործընթացն իրականացվում է պետության հետ համատեղ: Մենք արդեն բնապահպանության նախարարության հետ ենք աշխատում այդ իմաստով, Երեւանի քաղաքապետարանն արդեն հանդես է գալիս որպես ներկայացուցիչ: Կենդանաբանական այգին պատկանում է Երեւանի քաղաքապետարանին, այսինքն` նախագիծն իրականացվում է նախարարության եւ քաղաքապետարանի հետ միասին: Դա ճանապարհ է, որը պետք է անցնենք. միանգամից չի լինի. տարիների աշխատանք է պետք ցանկալիին հասնելու համար: Իսկ այս պահին ինչ կարող ենք մենք հանրությանը ներկայացնել. մեր ցանկությունն է, որ ամեն անգամ, երբ այցելուն գա, պարզապես փոփոխություններ տեսնի: Իսկ ավելի ուշ նախատեսվում է մեծացնել վանդակները, մի քանի կառույցի հետ աշխատելով` փոխանակելու ենք կենդանիներին, այն կենդանուն, որը շատ միայնակ է, տեղափոխում ենք իր զուգընկերոջ մոտ` դեպի դուրս, կենդանուն, որը մեզ է պետք, տեղափոխում ենք մեզ մոտ: Դա կոնկրետ աշխատանք է, որը նաեւ գիտական մոտեցում է պահանջում: Կենդանաբանական այգին, սակայն, նաեւ իր առօրյա կյանքն ունի, առօրյա հոգսերն ու խնդիրները, որոնք լուծելով պետք է առաջ շարժվենք:
–Ե՞րբ կկարողանանք նկատել արված փոփոխությունների առաջին արդյունքները:
-Իհարկե, պետք է միշտ սահուն անցում ապահովել, որովհետեւ նույնիսկ ամենալավ բաները կտրուկ անցումով կարող են դառը հետեւանքներ ունենալ` սկսած մարդկանց աշխատաոճի մոտեցումներից մինչեւ կենդանիների հետ ծանոթացում. այս դեպքում եւս պետք է զգույշ վարվել, քանի որ եթե նույնիսկ շատ բարի է ցանկությունդ, ու դու այդ կենդանուն ուզում ես բաց թողնել ազատության մեջ, երկրորդ օրն այդ կենդանին կարող է մահանալ բնության մեջ, որովհետեւ մեծ նշանակություն ունեն կենդանու տեսակը, առանձնահատկությունները: Սա գիտական մոտեցումներ է պահանջում, փոփոխությունների համար նույնպես գիտելիքներ են պահանջվում ու շատ ավելի:
–Նախատեսվու՞մ են արդյոք կենդանիների համալրումներ:
-Այս պահի դրությամբ ոչ մի համալրում նախատեսված չէ: Նախատեսվում է ճիշտ կանոնակարգի մշակում. կենդանիների ո՞ր տեսակն է պետք բազմացնել, արդյո՞ք պետք է բազմացնել, թե՞ ոչ, ո՞ր տեսակներն է հնարավոր տեղափոխել վայրի բնություն, այս հարցերի լուծումն ենք հիմա փորձում գտնել: Կենդանիների մեջ կան հատուկ պաշտպանության ենթակա կենդանիներ. դրանք են մեր հայկական մուֆլոնը, բեզուարյան այծը, անգղերի, արծիվների տեսակները, որոնք ավելի հեշտությամբ կարող են ադապտանալ փակված տարածքից դեպի վայրի բնություն: Ու հիմա այդ նախագիծն ենք մշակում` ինչ կերպ, ինչ ձեւաչափով կարողանանք կենդանիներին, որոնք անհետացման եզրին են, վտանգված են, Հայաստանում հնարավորություն տանք բազմանալու Հայաստանում եւ մեր կենդանաբանական այգում, ապա տեղափոխենք վայրի բնություն:
–Դուք Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրենն եք նաեւ: Արդյոք համատեղելի՞ են այդ երկու պաշտոնները:
-Իրականում համատեղելի չեն, որովհետեւ վայրի բնությունը պահպանելը բոլորովին այլ գործ է, իսկ ուղղակի կենդանիներ ավելացնել վանդակների մեջ` այլ: Այդ պատկերացմամբ կենդանաբանական այգու մասին չէ խոսքը, ես խոսում եմ մի ուրիշ գաղափարախոսության մասին, որտեղ հիմքում կրթությունն է ընկած, իսկ դրան պետք է հասնել: 100 կենդանի եւ 260 կենդանատեսակ կա մեր կենդանաբանական այգում, նույնիսկ Մոսկվայի կենդանաբանական այգին, կարծեմ, այդքան չունի: Այստեղ քանակի ու տեսակի խնդիր չէ. չի կարելի մտածել` ինչքան շատ տեսակ ունենանք, այնքան լավ: Գերադասելի է` թեկուզ երկու կենդանի ունենալ, բայց այդ երկու կենդանուն շատ ճիշտ մատուցել, նրանց համար ունենալ ճիշտ պայմաններ: Որոշ կենդանիներ կարող է ցուցադրությունից հանվեն, իրենց ճիշտ տեղը գտնեն: Պետք է ճիշտ ժամանակին, ճիշտ որոշումներ կայացնել: Այդ նպատակով Երեւանի կենդանաբանական այգին նաեւ խորհուրդ կունենա, որի կազմավորման գործընթացը դեռ շարունակվում է:
Հարցազրույցը` Հայկանուշ Թորոսյանի






Facebook
Tweet This
Email This Post
