ՀՀ վարչապետը Լոնդոնում հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ գործարարների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 15, 2011 21:40

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Աշխատանքային օրվա առաջին կեսին Տիգրան Սարգսյանը հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարներին:

Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ աշխարհասփյուռ հայ գործարարների հետ շփումները թույլ են տալիս պատկերացում կազմել, թե ինչ հնարավորություններ ունի հայ ժողովուրդն առկա մարտահրավերներին դիմագրավելու համար: «Գիտենք, որ այսօր բավական լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Խոսքը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ողջ հայ ազգի մասին է: Ես համոզված եմ, որ մենք կարող ենք միասին մտածել, թե ինչ համատեղ ծրագրեր կարող ենք իրականացնել», – նշել է վարչապետը:
Հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը հայ գործարարներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրը, ներդրումային ծրագրերի հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, որոնք անմիջականորեն առնչվում են մեր երկրի տնտեսությանը: Արծարծվել են նաև բարեփոխումների այն ծրագրերը, որոնք այժմ իրականացվում են:
Գործարարների հետ հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական BBC ընկերությանը:
Այսօր երեկոյան Տիգրան Սարգսյանը ներկա կգտնվի Բուքինգհեմյան պալատում Արքայազն Չարլզի և Արմեն Սարգսյանի նախաձեռնած դրամահավաքին, որից գոյացած միջոցներն ուղղվելու են Հայաստանում «Երևան` իմ սեր» և Շոտլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման ծրագրերին:
«Երևան` իմ սեր» նախագծի նպատակը Հայաստանի մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգության վերականգնումն ու պահպանումն է:
«Երևան, իմ սեր» ծրագրի շրջանակներում Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում արդեն սկսվել է առաջին երեք շենքերի կառուցումը, որոնցից մեկը մոր և մանկան կենտրոն է, մյուսը` կլինիկա` խուլ ու համր երեխաների, երրորդը` մանկապարտեզ` կարիքավոր ընտանիքների երեխաների համար:
Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնից կվերադառնա վաղն առավոտյան:

 

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply