Բաքվի կենտրոնը իրացվում է, բնակիչները` վտարվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2011 18:04

Բաքվի կենտրոնը իրացվում է, բնակիչները վտարվում են, նրանց տները՝ քանդվում:

Ալիրզա  Ռզաեւը  պատմում է. – «Երբ ես  հանդիպեցի  սեփականության հարցերով հանձնաժողովի պաշտոնյայի հետ` քննարկելու համար փոխհատուցման տարբերակները, նա ինձ հարցրեց` «քանի՞ քառակուսի մետր է ձեր բնակարանը»: Երբ ես ասացի, նա սկսեց ծիծաղել` «իմ լողասենյակը ավելի մեծ է, քան ձեր ամբողջ բնակարանը»: Իսկ երբ ես ասացի, թե համաձայն չեմ փոխհատուցման առաջարկին, նա ասաց` «վերցրու փողն ու դուրս արի բնակարանից, եթե չանես, կտեսնես` ես քեզ ուժով դուրս կշպրտեմ 15 օրվա  ընթացքում»:

Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հաջիբա Ազիմովը, ում տունը քանդել են 2010 թվականի դեկտեմբերին, պատմում է. – «Երկար ժամանակ նրանք գալիս ու ասում էին, որ դուրս գանք մեր տներից: Մեզ շատ  էին ճնշում: Մեր շենքի շուրջ բոլոր տները արդեն քանդել էին, մերը վերջինն էր: Մի երեկո բուլդոզերը մոտեցավ ու սկսեց քանդել շենքը: Ոստիկանները դուրս հանեցին մեզ բնակարաններից, նրանք մեր իրերը փողոց էին շպրտում: Մենք կանգնած նայում էինք, թե ինչպես քանդեցին մեր շենքը»:

Հունիսի 13-ին իրավապաշտպան ակտիվիստները հավաքվել էին քանդման  ենթակա մի շենքում: Շենքի պատին նրանք գրել  էին. – «Սա մասնավոր սեփականություն է: Այս շենքը քանդելը խախտում է Սահմանադրությունը եւ  ոտնահարում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն մարդկանց անօրինական տեղահանումները, հարկադիր տարհանումները ու նրանց բնակարանները քանդելը, որ արվում է բարեկարգման անվան տակ: Իսկ նրանց, ում արդեն ուժով դուրս են հանել տներից, կառավարությունը պետք է փոխհատուցում տա»:

Հունիսի 10-ին Human Rights Watch-ը նամակ է հղել Ադրբեջանի նախագահին եւ  Բաքվի գործադիր իշխանություններին:

Իրավապաշտպան կազմակերպությունը Իլհամ Ալիեւին կոչ է արել միջամտել` դադարեցնելու համար Բաքվի քաղաքապետարանի գործողությունները, որոնց արդյունքում քաղաքի կենտրոնում քանդվում են հարյուրավոր սեփական տներ ու  բիզնեսի օբյեկտներ:

«Վերակառուցման երկու տարվա գործընթացի գինը` հարյուրավոր, հնարավոր է` հազարավոր սեփականատերերի եւ բնակիչների սեփականության իրավունքի խախտումն է», – հայտարարել է Human Rights Watch-ը:

Կազմակերպության Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի փորձագետ Ջեյն Բյուքենենը ասել է. – «Այսպես կոչված բարեկարգման ծրագրով Ադրբեջանի կառավարությունը Բաքվում միայն տներ չի քանդում, այլ քանդում է մարդկանց կյանքը»:

Իշխանությունները Բաքվի կենտրոնի վերակառուցման ծրագիրը սկսել են 2009  թվականից:

Բաքվի իշխանությունները իրացվող տարածքում անշարժ գույքի առք ու վաճառքն արտոնել են միայն մեկ մարդու` Ռուֆան Կիզիմովին: Որպեսզի նրա մասնավոր ընկերությունը քանդման ենթակա բնակարանները գնելու փող ունենա, նրան  գումար է հատկացրել Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը:

Շատ դեպքերում փոխհատուցումը զգալիորեն ցածր է շուկայական արժեքից: Կիզիմովը, հաշվի չառնելով շենքի դիրքը, բնակարանների պայմանները, մի ընդհանուր գին է սահմանել` քառակուսի մետրի դիմաց 1900 դոլարին համարժեք մանաթ, բայց Բաքվի կենտրոնում մեկ քառակուսի մետրի գինը 4-5 հազար դոլար է, երբեմն նույնիսկ ավելի բարձր:

Ջեյն Բյուքենենը նշում է, որ շատ դեպքերում փոխհատուցումը չի համապատասխանում սեփականատերերի կորցրած ունեցվածքի արժեքին, նա «անմարդկային» է բնորոշել Բաքվի կենտրոնի բնակիչների նկատմամբ իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքը:

Human Rights Watch-ը մի շարք մարդկանց պատմություններ է  ներկայացնում:
Սեւինչ Զեյնալովան պատմում է, որ 20 տարի ապրել է ամուսնու ծնողներից մնացած տանը: Սա մեծ տուն էր` պատշգամբով, ավտոտնակով, Բաքվի հենց կենտրոնում, նախագահի նստավայրին շատ մոտ: Այստեղ են ծնվել նրա երեք երեխաները: Վերջին ամիսներին նրանց համոզել են դուրս գալ տնից` փոխարենը առաջարկելով մի փոքր բնակարան Բաքվի ծայրամասում, բայց իրենք չեն համաձայնել:

«Ուրբաթ օրը` հունիսի 10-ին ես ճաշ էի պատրաստում երեխաների համար, ամուսինս աշխատանքի էր, ու հանկարծ 15 ոստիկան ու մի քանի բանվոր եկան ու սկսեցին ջարդել մեր տան դուռը: Ես լացելով զանգահարեցի ամուսնուս: Երբ նա հասավ, նրանք չթողեցին, որ նա տուն մտնի` իր սեփական տունը: Նրանք քաշքշեցին ամուսնուս, պատռեցին պիջակը: Ես չեմ ցանկանում, որ այս ամենը շարունակվեր, եւ հավաքեցի երեխաներին ու դուրս եկանք: Նրանք քանդեցին տունը: Հիմա մենք տեղավորվել ենք մայրիկիս երկու սենյականոց բնակարանում, ես չգիտեմ` որտեղ մենք պետք է ապրենք: Նրանք ինձ ասում էին` համաձայնեք փոխհատուցման մեր առաջարկին, այլապես փողոցում կհայտնվեք: Ես չէի հավատում, որ նրանք ստիպողաբար կհանեն իմ սեփական  տնից, բայց նրանք արեցին դա», – Human Rights Watch-ին պատմել է Զեյնալովան, ում տունը իշխանությունները քանդել են Բաքվի կենտրոնում:

Հրաչ Մելքումյան

azatutyun.am

 

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply