Պարույր Սևակի սիրտը 40 տարի է` հանգրվան է փնտրում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 15, 2011 17:17

Հունիսի 17-ին կլրանա Պարույր Սևակի մահվան 40-րդ տարելիցը. 1971 թ. այդ օրը մեծ գրողը ավտովթարի զոհ դարձավ:

Հայրենի Զանգակատուն գյուղում հուղարկավորված Սևակի սիրտն արդեն 40 տարի պահվում է ֆորմալինի լուծույթում` սպասելով իր վերջին հանգրվանին:

Գրողի սիրտը պահում է  83-ամյա Աշոտ Թադևոսյանը:  Նախկին դատավորը  Սևակի հետ ծանոթացել և ընկերացել է   դեռ 1962-ին` իր ընկերոջ որդու կնունքի ժամանկ. Սևակը երեխայի կնքահայրն էր:

Երբ Սևակը մահանում է, Թադևոսյանն օրեր շարունակ հերթապահում է դիահերձարանի մոտ` հետևելով անցուդարձին, բժիշկների գործողություններին: «Երբ իմացա, որ Պարույրին պիտի հուղարկավորեն հայրենի գյուղում, մտածեցի, որ չպետք է թույլ տալ, որ մեծ գրողին  աքսորեն: Բոլորն էլ ուզում էին, որ նրա  մարմինը հողին հանձնվի Պանթեոնում: Միտք հղացա, որ գոնե Պարույրի սիրտը պետք է Պանթեոնում թաղվի»,- պատմում է նա:

Թադևոսյանը պահ է ընտրում, երբ դիահերձարանում միայն մեկ բժիշկ կար, ու ներս մտնում. «Հերձողն ինձ արդեն ճանաչում էր, այնքան էի ներսուդուրս արել: Խնդեցի, թե Ասատուր ջան, Պարույրի սիրտն ինձ տուր: Մերժեց: Գրպանումս գումար կար, մոտ 2 հազար ռուբլի, որ վերցրել էի հուղարկավորության հետ կապված միջոցառումներ կազմակերպելու համար, դրեցի բժշկի գրպանը, անմիջապես համաձայնեց»:

Այդ օրից Սևակի սիրտը ֆորմալինի լուծույթում պահվում է Թադևոսյանի տանը: Գրողի սրտին արժանի հանգրվան տալու համար նա դիմել է  Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Ցեղասպանության թանգարան, բայց ապարդյուն: Դիմել է նաև գրողների միության նախկին նախագահ Վարդգես Պետրոսյանին, Կարեն Դեմիրճյանին, Պերճ Զեյթունցյանին նախարար եղած ժամանակ, ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանին, անգամ դիմել է Վազգեն վեհափառին,  նաև այժմյան կաթողիկոսին, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել: Գրողի սիրտը դեռևս ֆորմալինի լուծույթում է:  Այժմ էլ Թադևոսյանը դիմել է Սոս Սարգսյանին` խնդրելով աջակցել, որ Սևակի սիրտն ի վերջո Պանթեոնում հողին հանձնվի:

«Զարմանում եմ, թե Սևակի և նրա սրտի նկատմամբ ինչպիսի անտարբեր վերաբերմունք է: Այդ անտարբերությունն  անհասկանալի է»:

Շատերը կասկածում են, որ Թադևոսյանի մոտ իրոք Սևակի սիրտն է. անհավանական է, որ այն ժամանակ անվտանգության աշխատակիցները նման վրիպում թույլ տված լինեին: Թադևոսյանը, սակայն, նշում է, որ անվտանգության ծառայությանը պետք էր միայն մահացած Սևակի դին, ոչ ավելին:

Անցած տարի պետական մակարդակով Սևակի սիրտը Ֆրանսիա ուղարկվեց` լաբորատոր փորձաքննությամբ դրա իսկությունը պարզելու համար: Սակայն ֆրանսիացի մասնագետները ոչինչ ասել չկարողացան. այդքան երկար ժամանակ ֆորմալինի լուծույթի մեջ մնացած սրտի գենետիկ ինքնությունը պարզել հնարավոր չէ:

Նախկին դատավորը չի զղջում իր արարքի համար` Սևակի սիրտը վերցնելը համարելով իր կատարած ամենաճիշտ քայլը, քանի որ «Անլռելի զանգակատան» հեղինակի տեղը Կոմիտասի կողքին է.  «Այնքան պիտի պահեմ, մինչև հարցը լուծվի: Եթե հարցը կենդանությանս օրոք չլուծվի, հետս գերեզման եմ տանելու: Ուղղակի  տղաս է  դեմ  դրան»:

 

 

Դիտվել է 2927 անգամ:
Print Friendly

Leave a Reply