«Ֆրագմենտներ. վերանայում կամ անվերջ վերամարմնավորում». Նարինե Զոլյանը հաջողություն է ասում Հայաստանին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 15, 2011 17:14

Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) երկու հարկի բոլոր սրահները բծախնդրորեն համադրված են. ազատ տարածք չկա: Ամբողջը զբաղեցրել է Նարինե Զոլյանի «Ֆրագմենտներ. վերանայում կամ անվերջ վերամարմնավորում» ցուցահանդեսը, որը ներառում է հեղինակի տարբեր տարիների ստեղծագործական շրջանների բաղկացուցիչներից: Նախագիծը համադրել է Սեդա Շեկոյանը:

Նարինե Զոլյանն իր նախագծերի մեծ մասն իրականացրել է Մոսկվայում, ուստի Հայաստանում այնքան էլ հայտնի չէ: Արվեստաբան Լիլիթ Սարգսյանն ասում է, որ դա Նարինեի խնդիրը չէ, այլ Հայաստանի ժամանակակից արվեստի: «Ցավոք սրտի, հակառակ ժամանակակից արվեստի հանրային նշանակության, այն մեր երկրում չի արժևորվում,- «Անկախին» ասում է  Սարգսյանը,- և Նարինեն էլ այդ իրավիճակի մի մասն է»:

Նարինեի նախագիծը տարբեր տարիների գործերի բեկորներից ստեղծված էքսպոզիցիա է, որտեղ ամբողջական գործ գրեթե չկա: Այն ամփոփում է հեղինակի դեգերումները:

«Նախագիծը ինքնակենսագրական է, և նա այդ  բազմազան ու խառնիխուռն մասերում մեկտեղել է այն ամենը, ինչ ինքն  ունի, և ինչը խորհրդանշում է իր կյանքը,- մեկնաբանում է  Սարգսյանը,- նա պարզապես ուզում է հայացք նետել իր անցած ուղու վրա»:

Ամողջ էքսպոզիցիան տարբեր տնային կամ քաղաքային վիճակներ են, որոնք կարելի է դիտել տարբեր բարձրություններից ու դիտակետերից:  Փայտյա աստիճանների գագաթին ներտնային վիճակներ են, փայտից պատրաստված փոքրիկ հյուրասենյակ` կահույքով և այլ իրերով. վերևից երևում է մութ գիշերվա լույսերի մեջ ողողված քաղաքը: Ֆրագմենտներում լուսանկարներ են, տեսահոլովակներ, բնանկար, կահույք, տեքստեր, գրաֆիկա և այլն:

Հեղինակը համաձայն չէ պոստմոդեռնիզմի հիմնադիրներից մեկի` Ռոլան Բարթի հետ, որը ասել է, թե այս ուղղությունն  այլևս սպառել է իրեն, և ամեն ինչ ասված է: «Իսկ ես ասում եմ, որ պոստմոդեռնիզմը ոչ միայն չի մեռել, այլև երբեք չի մահանա,- «Անկախին» ասում է Զոլյանը,- այն անընդհատ վերամարմնավորվում է»:

Նախագիծն իրականացվել է հեղինակի ֆինանսական միջոցներով: ՆՓԱԿ-ի երաշխավորագրով Զոլյանը դիմել է մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն: Վարչության պետ Սոնա Հարությունյանը նրան շնորհավորել է փայլուն նախագծի համար և 500 հազար դրամ հատկացնելու համար դիմում ուղարկել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Աջակցությունը, սակայն, չի տրամադրվել ֆինանսական սղության պատճառաբանությամբ: Այս երկար-բարակ նամակագրությունը Զոլյանը դարձրել է նախագծի մաս և ներառել ցուցադրությունում:

«Երկրի մշակույթի նախարարությունը պարտավոր է աջակցել ժամանակակից արվեստին,- ասում է Զոլյանը,- եթե անգամ չի սիրում ժամանակակից արվեստը»:

Նարինեի ամուսինը գերմանացի է, և նրանք շուտով պատրաստվում են լքել Հայաստանը: Ամուսինները, մի քանի տարի Հայաստանում ապրելով, հիասթափվել են «հայկական վիճակներից» և գնում են Գերմանիա: Այս ցուցահանդեսով, փաստորեն, հեղինակը ցտեսություն է ասում Հայաստանին, ինչի մասին էլ գրում է նախագծի համադրող Սեդա Շեկոյանն իր համադրական տեքստում:

«Նարինե Զոլյանն անում է իր անհատական նախագիծը ՆՓԱԿ-ում` դրանից հետո Հայաստանից գնալու անթաքույց մտադրությամբ,- ասում է  նա:- Նախագիծը, որն իրականանում է լքվելիք տարածքում, ո՛չ այդ տարածքում է, ո՛չ էլ այն տարածքում, որտեղ պատրաստվում է տեղափոխվել արվեստագետը: Այն մնում է օդում կամ փոշիանում է վերաքննության որպես հաջորդ իսկ պահն: Կարելի է թույլ չտալ փոշիացող ակտերի շարանը արվեստաբանական միջամտությունների և պահպանողական ներկայացումների միջոցով, բայց ինչ-որ բան թույլ չտալու կամ փոշիացող ակտը խափանելու համար պետք է ունենալ բավարար պատճառներ»:

Շեկոյանի համադրական տեքստը կրում է «Վերաքննություն» խորագիրը, որը չդարձավ ցուցահանդեսի վերնագիր: Շեկոյանն ասում է, որ դրան չի համաձայնել Զոլյանը:

«Նարինեն` որպես նախագծի հեղինակ, համաձայն չէր դրան, սակայն ես կարծում եմ, որ համադրական տեքստն արտահայտում է համադրողի պատկերացումները հեղինակի նախագծի մասին,- պատճառաբանում է նա,- Նրանք պետք է աշխատեն իրար հետ և ստեղծեն մի երրորդ բան, առանց որի համադրողի ներկայությունն ուղղակի անիմաստ է»:

Շեկոյանն ասում է, որ խնդիրը Նարինե Զոլյանը չէ, այլ արվեստագետների անվստահությունը  համադրողի ինստիտուտի նկատմամբ. «Համադրողի գործը ճիշտ չհասկանալու հետևանքով արվեստագետների կողմից անվստահություն կա համադրողի դերի նկատմամբ»:

Քանի որ Զոլյանի ցուցահանդեսի բազմակողմանիությունը չի բացառում դիտողի միջամտությունը նախագծի մեկնաբանությանը, համադրողի տեքստն ու վերնագիրը նույնպես կարող են լինել դրանցից մեկը:

Ցուցադրության մեջ ներառված են նաև Հարություն Զուլումյանի և Նարինե Զոլյանի տարբեր ժամանակշրջանների գործեր և ֆրագմենտներ, ամուսնու` Թոմաս Շինդլերի հետ արված լուսանկարների շարք ու արտ-օբյեկտներ, կորեացի Հեսուն Չոյ և ավստրալիացի Մարտին Քեյ արվեստագետների  «Պատրանքներ» հորինվածքը: Այն փչված ցելոֆանե հսկա տարածություն է, որում լսվում են Հայաստանի գյուղական ու քաղաքային վայրերի ձայներ:

Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 30-ը:

 

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply