Այլ Երևան
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | Մարիա Կարաթորոսյան | June 6, 2009 14:59
Երևանը դարձավ ինքնուրույն մարմին նույնիսկ այն դեպքում, որ ավագանու ընտրություններում հաղթեց իշխող հանրապետականը: Քաղաքը այլևս կենտրոնացված միաձույլ համակարգի ենթական չի, այլ դառնում է կառավարման համակարգի սուբյեկտ, որի ղեկավարությանը, ըստ օրենսդրության, չի կարող փոխել երկրի ղեկավարը: Երեք օրից` հունիսի 8-ին, կգումարվի առաջին ավագանու առաջին նիստը, որի ժամանակ ոչ մի անակնկալ չի սպասվում: Գագիկ Բեգլարյանը քաղաքապետ է:
«Ես ողջունում եմ զուտ կարգավիճակի առումով տեղի ունեցած փոփոխությունը, բայց բուն ընտրությունների ընթացքը շատ խախտումներով էր, և հնարավոր է, որ դա ազդի քաղաքապետի նկատմամբ հասարակության վստահության վրա»,- ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Սակայն, ըստ քաղաքագետի, մեղավորը նաև ընդդիմությունն էր, որը թույլ ընտրարշավ ունեցավ. «Ընդդիմության կոնցեպցիան հստակ չէր, նրանց համար սա նախագահական ընտրության երկրորդ փուլն էր: Հասարակությունը պարտվող գործիչներին չի սիրում, քանի որ ուզում է արդյունք տեսնել: Երևի նաև դա էր պատճառը, որ 2008-ի ընդդիմության ալիքը կամաց – կամաց մարեց»:
Ընտրությունների արդյունքներով ավագանու կազմում ներկայացված կլինեին երեք քաղաքական ուժ` Հանրապետականը (47,1 տոկոս), «Բրագավաճ Հայաստան»-ը (22,6 տոկոս) և «Հայ ազգային կոնգրես» դաշինքը (17,3 տոկոս), սակայն Կոնգրեսը հայտարարել է, որ հրաժարվում է ավագանու մանդատներից և քաղաքը թողնում իր հակառակորդներին` առանց վերահսկողության: Բոզոյանը ասում է, որ երրորդ տեղը գրաված դաշինքը ավագանում էական դերակատարություն չէր կարող ունենալ. «Այս քայլով ընդդիմությունը պարզապես չի ճանաչում ընտրության լեգիտիմությունը:
Սակայն սրանից էապես տուժում է քաղաքապետարանում ընդդիմության վերահսկողական ֆունկցիան: Եթե ընդդիմություն չկա քաղաքապետարանի կազմում, հետևաբար, չի կարող լինել նաև վերահսկողություն»:
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանն ասում է, որ Կոնգրեսով ավագանին ավելի հարուստ կլիներ: Նա չի բացառում, որ Ազգային ժողովում Հանրապետականն ու Բարգավաճը մնան գործընկերներ, իսկ Երևանում ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն. միջազգային պրակտիկայում նման դեպքեր պատահում են:
Բոզոյանը կանխատեսում էր ՀՅԴ-ի և «Օրինաց Երկրի» պարտությունը, որոնք չկարողացան անցնել անհրաժեշտ 7 տոկոսի արգելքը: «Ե´վ ՕԵԿ-ի, և´ Դաշնակցության հեղինակությունն ընկել էր 2008-ի նախագահական ընտրություններից հետո: Ու թեև ՀՅԴ-ն ընտրությանը մասնակցում էր որպես ընդդիմություն, այնուհանդերձ, ժողովրդի մեջ դեռ կասկածներ կային, արդյոք այն իրակա՞ն ընդդիմություն է, թե՞ ոչ: Դաշնակցությունից ժամանակ կպահանջվի հասարակության վստահությունը շահելու համար»:
Բեքարյանի համոզմամբ էլ կայուն ընտրազանգված ունեցող Դաշնակցության էլեկտորատը պարզապես չէր հասցրել «մարսել» կուսակցության կոալիցիայից դուրս գալը: «Ժողովրդի համար մի շարք չհասկացված հարցեր կային, ինչպես օրինակ կոալիցիայից դուրս գալը, բայց ԱԺ-ում մի պոստ պահելը»,- ասում է նա:
Քաղաքագետի համոզմամբ ավելի լուրջ խնդիրներ ունի «Օրինաց երկիր»-ը, որի ձայները բաժանվեցին ինչպես կոալիցիոն ուժերի, այնպես էլ Ժողովրդական կուսակցության միջև:






Facebook
Tweet This
Email This Post
