Ըստ Ռ. Սաֆրաստյանի` Թուրքիայի հավակնությունները Սիրիայում կարող են հակամարտությունների նոր ալիքի սկիզբ դառնալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2011 17:12

Մերձավոր Արեւելքի քաղաքական զարգացումները նոր փուլ են թեւակոխում, որտեղ բացահայտ առաջատար դառնալու թեկնածություն է ներկայացրել Թուրքիան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը’ հավաստիացնելով, որ Սիրիայում ընթացող հակապետական ցույցերի հետեւանքներից Թուրքիան փորձում է ակնհայտորեն օգուտներ քաղել:

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հակասության մեջ է սկսում մտնել ընդունված’ «Զրո խնդիր հարեւանների հետ» պնդման հետ: Ակնհայտ է դառնում, որ նեոօսմանիստական ձգտումները Թուրքայի կառավարող կուսակցության մոտ ավելի գերակա են, քան հռչակված քաղաքական սահմանումն այդ մասին: Թե ինչպիսի ընթացք կստանա Սիրիայի ժողովրդի աչքում փրկչի տեսքով երեւալու փորձը, ցույց կտան հետագա զարգացումները, սակայն այն, որ պաշտոնական Սիրիայի, ինչպես նաեւ տարածաշրջանի մի շարք այլ պետությունների արտաքին քաղաքական շահերի հետ այդ մոտեցումը հակասության մեջ է մտնում, միանշանակ է»,- ասաց արեւելագետը’ հավաստիացնելով, որ «Զրո խնդիր հարեւանների հետ» եզրույթն անգամ որոշ դեպքերում հանդիսանում է նեոօսմանիստական քաղաքականության ուղղակի շարունակություն:

Ըստ Ռ. Սաֆրաստյանի’ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման գործընթացը Թուրքիայում որոշ ժամանակ մոռացության կմատնվի, քանի որ կան ավելի հավակնոտ գերակայություններ, ինչպես, օրինակ, Եգիպտոսի ազդեցության լծակների սեփականաշնորհումն արաբական աշխարհում, Սիրիայում ու Լիբանանում թուրքամետ ուժերին աջակցումը եւ Իսրայելի հետ տարածաշրջանային բազմաթիվ հարցերում առկա հակասությունները: «Հայկական խնդրի շուրջ Թուրքիան արդեն որոշակի անհաջողություններ է գրանցել, եւ նրա ներուժը չի բավականացնի պայքարելու մի քանի ճակատով: Այժմ Թուրքիան հայացքն ամբողջությամբ ուղղել է դեպի արաբական աշխարհ’ Հայաստանի հետ սահմանի բացումը թողնելով ապագայի վրա»,- ասաց արեւելագետը:

 

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply