Հունիսի վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8,5 տոկոս

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2011 16:03

2011 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը, Անդրանիկ Նորեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: 2011 թվականի մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 9%, որը բարձր է նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշից 0.1 տոկոսային կետով: Ընդ որում, գնաճի ցուցանիշին պարենային ապրանքների գնաճի նպաստումը կազմել է 7.9 տոկոսային կետ:

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թվականի մայիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.04% գնաճ. պարենային ապրանքների գների փոփոխություն չի արձանագրվել, ոչ պարենային ապրանքների գների աճի 0.1 տոկոսային կետ նպաստումը (հիմնականում բենզինի և դիզելային վառելիքի գնաճով պայմանավորված) գնաճի ցուցանիշին որոշ չափով չեզոքացվել է ծառայությունների սակագների (անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի սուբսիդավորմամբ պայմանավորված) նվազմամբ:

2011թ. մայիսին համաշխարհային տնտեսության հեռանկարների վերաբերյալ վատատեսական սպասումների ձևավորմամբ պայմանավորված հիմնական հումքային ապրանքների գներն ամսվա սկզբին արձանագրել են որոշակի նվազում  և կայունացել նախորդ ամսվա նկատմամբ համեմատաբար ցածր մակարդակներում: Ապրանքային շուկաներում դիտարկվող զարգացումները մեծապես պայմանավորվել են նաև ֆինանսական շուկաներում ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքների զարգացումներով: Մայիսին Լոնդոնում գնանշվող նավթի գնի անկումը կազմել է միջինը 7%, պղնձի գնի անկումը` 6%: Պարենային ապրանքների գները հարաբերականորեն կայուն վարքագիծ են դրսևորել, միջազգային գների ինդեքսը մայիսին ապրիլի նկատմամբ նվազել է 1.02%-ով: Մայիսին ԱՄՆ ֆեդերալ պահուստային համակարգը պահպանել է քաղաքականության տոկոսադրույքի ցածր մակարդակը` միաժամանակ իրականացնելով քանակական ընդյալնման միջացառումները, որոնք, հավանական է, կշարունակվեն ԱՄՆ տնտեսության զարգացման արձանագրված ցածր տեմպերի պայմաններում: Եվրոբական կենտրոնական բանկը հունիսին անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը, սակայն հուլիսին բարձրանելու ազդակներով:

2011թ. ապրիլին  տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 7.7%, ինչից ելնելով հունվար-ապրիլ ժամանակահատվածի ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնահատվել է 3.7%-ի շրջանակներում: ՏԱՑ-ի աճը գրեթե ամբողջությամբ արդյունք է արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում արձանագրված թողարկման ծավալների աճի: Մասնավորապես` արդյունաբերության ճյուղում թողարկման ծավալների աճը հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 6.4%, ծառայությունների և առևտրի ծավալների աճը` համապատասխանաբար` 8.8% և 1.6%: Շինարարության և գյուղատնտեսության ճյուղերում հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է թողարկման ծավալների 0.8-ական տոկոս անկում: Ընդ որում, գյուղատնտեսության ճյուղի անկումը անասնապահության ենթաճյուղի հաշվին է եղել. բուսաբուծության ենթաճյուղի աճը կազմել է 2.6%` գարնանացանի և բանջարեղենի թողարկման ծավալների հաշվին:   Ինչ վերաբերում է արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներին, հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ապրանքների արտահանման ծավալներն ավելացել են 28.3%-ով, իսկ ներմուծումը` 10.9%-ով:

Ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի մայիս ամսվա զարգացումները. փետրվարից իրականացված դրամավարկային պայմանների աստիճանական խստացման լագային ազդեցության արդյունքում մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի միջին տոկոսադրույքն աճել է 0.84 տոկոսային կետով` կազմելով 9.8%, միջին ժամկետայնությամբ պարտատոմսերի միջին տոկոսադրույքը` 0.21 տոկոսային կետով` կազմելով 14.0%: Ռեպո շուկայում միջին տոկոսադրույքը ապրիլին կազմել է 10.2%, որը նախորդ ամսվա ցուցանիշից բարձր է 0.97 տոկոսային կետով: Միջբանկային ռեպո շուկայում միջին տոկոսադրույքը, ավելանալով 1.17 տոկոսային կետով, կազմել է 9.7%:

2011 թ. մայիսին արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ ամսվա համեմատ դրսևորել է հետևյալ միտումները. դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.16%-ով` կազմելով 374.2 դրամ, Եվրոյի նկատմամբ արժևորվել է 0.68%-ով` կազմելով 537.2 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 0.5%-ով` կազմելով 13.4 դրամ:

Տարեսկզբից իրականացված դրամավարկային քաղաքականությանը ֆինանսական շուկայի արձագանքման արդյունքում դրամավարկային ցուցանիշների ձևավորված միտումները համապատասխանում են Դրամավարկային քաղաքականության վերջին ծրագրում նախանշված միտումներին. մայիսին դրամային բազայի 0.3%-ով նվազման պարագայում դրամային զանգվածի աճը կազմել է 3%` պայմանավորված շրջանառվող կանխիկի 3.2% և դրամային ավանդների 2.8% աճերով: Արտարժութային ավանդների աճը կազմել է 0.9%` պայմանավորելով դրամայինի նկատմամբ փողի զանգվածի ավելի դանդաղ` 2.1% աճը (փողի բազան նվազել է 2.5%-ով): Դոլարայնացման մակարդակն ամսվա ընթացքում նվազել է 1.1%-ով: Պահպանվել է տնտեսության վարկավորման արագ աճը, որը կազմել է 2.7%` բացառելով դրամի արժեզրկման ազդեցությունը` 1.5%:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումներն առաջիկա ժամանակահատվածի համար մեղմվել են. հիմնական հումքային ապրանքների գները ամսվա սկզբին նվազել են` կայունանալով նախորդ ամսվա նկատմամբ համեմատաբար ցածր մակարդակներում, իսկ պարենային ապրանքների գները հարաբերականորեն կայուն են:

Խորհուրդը միակարծիք է, որ գնաճային միջավայրի վրա ներքին տնտեսությունից եկող ազդակները շարունակում են չեզոք լինել. մասնավոր ծախսումների դանդաղ աճը և զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը չեզոքացրել են աշխատանքի շուկայի թույլ գնաճային ճնշումները, որոնք առաջացել էին մասնավոր հատվածում արտադրողականության աճի համեմատությամբ անվանական աշխատավարձերի փոքր-ինչ առաջանցիկ աճի պայմաններում:

Միևնույն ժամանակ, չնայած վերջին օրերի անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետևանքով առաջացած անորոշություններին, ակնկալվում է նախորդ տարվա համեմատությամբ  տեղական արտադրության գյուղմթերքների արտադրության ծավալների աճի պայմաններում դրանց գների նվազում:

Խորհուրդը գնահատում է, որ գնաճային միջավայրի ընդլայնման հավանականությունը բավականին ցածր է և ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքների միջոցով հնարավոր է առկա գնաճային միջավայրի զսպումը, ինչի արդյունքում կանխատեսվող ժամանակային հորիզոնում գնաճը կձևավորվի 4%±1.5 տատանումների թույլատրելի միջակայքում:

2011 թվականի հունիսի 7-ի նիստում Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 8.5% մակարդակ, լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքների համապատասխանաբար` 11.5% և 5.5% մակարդակներ:

2011 թվականի հունիսի 7-ի նիստում Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 8.5% մակարդակ, լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքների համապատասխանաբար` 11.5% և 5.5% մակարդակներ:

 

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply