Ամռանը երաշտ չի կանխատեսվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 15, 2011 14:40
Հանրապետության հարավային հատվածում առաջիկա 5 օրերին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին կբարձրանա 5-6 աստիճանով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ»-ի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, եթե սովորաբար հունիսի կեսերից Հայաստանի հարավային հատվածներում տեղումները դադարում են, ապա հյուսիսային հատվածներում մինչեւ ամսվա վերջ շարունակվում են: Ըստ նրա’ հյուսիսային շրջաններում դեռեւս զանգվածային բնույթի տեղումների հավանականությունը պահպանվում է’ հատկապես Լոռու, Շիրակի եւ Տավուշի շրջաններում:
Անդրադառնալով նախորդ ամսվա եւ մինչեւ հունիսի կեսերին արձանագրված տեղումներին’ Զ. Պետրոսյանը նշեց, որ առատ տեղումներ են գրանցվել, դրանց քանակը գերազանցել է նորման մինչեւ 250 տոկոսի չափով: Առանձին վայրերում գրանցվել են կարկուտներ 3 սմ տրամաչափով, որոնք ուղեկցվել են քամիներով: Զ. Պետրոսյանի խոսքով’ այս երեւույթը հատուկ է տարվա այս շրջանում, հիմնականում Հայաստանում տեղումները, կարկուտները դիտվում են մայիս, հունիս ամիսներին:
«Եթե համեմատելու լինենք այս հունիսը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ, կտեսնենք, որ այն եղել է հենց այնպիսին, ինչպիսին այս տարի է դիտվում: 2007թվականից սկսած’ հունիսին տեղումները եղել են նորմայից ավելին»,-ասաց Զ. Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է առաջիկա 2 ամիսների կանխատեսմանը, ապա ջերմաստիճանը կդիտվի նորմային մոտ’ փոքր-ինչ դրական շեղումներով, իսկ տեղումների առումով’ նորմայից պակաս: Ջերմաստիճանի նորման Հայաստանի տարբեր հատվածներում տարբեր է: Հովտային շրջաններում միջինը 25-26 աստիճանն է, իսկ լեռնային շրջաններում 13-15: Առավելագույն ջերմաստիճանը հովտային շրջաններում կտատանվի 35-37-ի սահմաններում: Առանձին օրերին չի բացառվում, որ ջերմաստիճանն ավելի բարձրանա: Հայաստանում երբեւէ գրանցված առավելագույն ջերմաստիճանը 43-ն է:
«Հայաստանյան ամառը շոգ եւ չոր է: Նախորդ տարի ամռան 3 ամիսներին միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել: Այս տարի նման բարձր ջերմաստիճան չի ակնկալվում»,-նշեց Զ. Պետրոսյանը: Ըստ նրա’ երաշտի կանխատեսումներ նույնպես չկան:






Facebook
Tweet This
Email This Post
