«Տարի չկա, որ էստեղից դիակ դուրս չհանենք` բոլորը թոքային հիվանդություններով»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 15, 2011 14:34

Երևանում 9 չորրորդ կարգի քանդման ենթակա շենք կա, որոնցից երեքի հարցը խիստ  առաջնահերթ է ճանաչվել: Դրանցից մեկը  Էրեբունի համայնքի Նոր Արեշ 35 փողոցի 127/1 հանրակացարանային շենքն է: Այնտեղ ապրում է ավելի քան 500 բնակիչ:

Արդեն քանի տարի է` բնակիչները ծեծում են համապատասխան պետական կառույցների դռները, բողոքի ցույցեր անում` վերաբնակեցում կատարելու պահանջով, բայց` ապարդյուն: Ստիպված շարունակում են այդտեղ ապրել` ահուդողով սպասելով, թե երբ է շենքը փլվելու գլխներին:

Ամենասարսափելին, սակայն, շենքի նկուղային հարկն է, որտեղ քսանից ավելի ընտանիք է ապրում: Խոնավության, մթի, աղբի և առնետների մեջ ապրող բնակիչների զգալի մասը երեխաներ են:

Տիկին Անահիտը, որ 8 երեխա ունի և ութ թոռ, այստեղ է ապրում արդեն 15 տարի: Երկու տղաներն այստեղ են ծնվել: Նրանցից մեկը ձեռքբերովի ասթմա ունի. «Մենք շատ ենք բարձրաձայնել էս շենքի մասին,- ասում է նա,- տարի չկա, որ էստեղից  դիակ դուրս չհանենք` բոլորը թոքային հիվանդություններով: Էստեղ ապրողները կա´մ թոքային, կա´մ ոսկրային հիվանդություն ունեն»:

Տիկին Անահիտի սենյակը մոտ 18 քմ է, որտեղ ապրում է չորս տղաների և թոռներից մեկի հետ: Տղաներից մեկն իր ընտանիքով ապրում է վարձով, իսկ մյուսը` կնոջ ու երեք երեխաների հետ` կողքի հանրակացարանային շենքում: Աղջիկը  նույնպես նկուղի սենյակներից մեկում է ապրում 2 երեխաների հետ: Մինչ առանձին սենյակներ վերցնելն ավելի քան 10 տարի այս ընտանիքը մոտ 15 հոգով ապրել է կողքի հանրակացարանի 16 քառակուսիմետրանոց սենյակում. «Հետո, երբ տեսանք, որ այլևս ելք չկա (փոքր տղես չամադանի մեջ էր քնում), մոտ երեք տարի առաջ էս սենյակը վերցրեցինք,- պատմում է տիկին Անահիտը,- մեր վերցնելու ժամանակ սա զուգարան էր, հիմա էլ կոյուղին էստեղով ա անցնում»:

Տիկին Անահիտի 7 որդիներից մեկը մի քանի ամիս առաջ է վերադարձել բանակից, մյուսը` մի քանի օր առաջ. «Հինգ որդի եմ տվել մեր բանակին, երկուսին էլ դեռ պիտի տամ,- ասում է նա,- բայց ո՞վ ա գնահատում: Տղաներս բանակից գովասանագրով են եկել, բայց ո°չ աշխատանք ունեն, ո°չ զբաղմունք»:

Ընտանիքի միակ եկամուտն այս պահին 24 000 դրամ նպաստն է: «Ես կար եմ անում,-ասում է տիկին Անահիտը` ցույց տալով կարի մեքենան,- բայց դե հիմա ո՞վ ա կարած շոր հագնում, հազիվ մեկ-մեկ պերեդելկա անել են տալիս: Տարբեր տեղեր դիմել եմ աշխատանքի համար: Իմ տարիքի կնոջն աշխատանքի չեն վերցնում: Վերջերս նպաստից 3000 դրամ մուծեցի աշխատանքի տեղավորման գործակալությանը, ասեցին  աշխատանք կա, մինչև գնացի, արդեն ուրիշին էին վերցրել, մակարոնի գործարան կա, գնացի, ասացին` դեռ սպասեք»:

Պատմելով իր ընտանեկան խնդիրների մասին` տիկին Անահիտն առաջարկում է «էքսկուրսիա կատարել» իրենց նկուղում. «Էստեղ ինչքան ասես գրելու նյութ կա,- ասում է նա,- մենակ հո իմ խնդի՞րը չի, բոլորն են էս վիճակում»: Անցնելով մութ, մռայլ ու խոնավ միջանցքով, որն ամառվա շոգին ոչ թե զովացնում, այլ մրսելու աստիճան սառեցնում էր, տիկին Անահիտը հերթով ներկայացնում էր նկուղի բնակիչներին. «Էստեղ քրոջս հարսն ա ապրում` երկու երեխաների հետ.  մեկը կրծքի երեխա ա, մյուսը տարիկեսկան»,- ծանոթացնում է նա` ցույց տալով խոնավ պատերի ներքո քնած երեխաներին:- էստեղ էլ մի թոշակառու է ապրում, խնդրեմ, մտիր ներս»:

Թոշակառուի սենյակում այնքան խոնավ էր, որ երկու րոպեից ավելի հնարավոր չէր մնալ… Հաջորդ կանգառը Սյուզիի սենյակի մոտ էր, որ հոգեկան խնդիրներ ունեցող մի տարեց կին է: Նրա սենյակի  դուռը մի կերպ բացեցինք ներսում կուտակված կեղտի ու անպետք իրերի պատճառով: Ներս մտնելով` մթության մեջ հազիվ նշմարեցի կնոջ դեմքը` մրի մեջ կորած: Պատերի, իրերի վիճակից երևում էր, որ սենյակը մի քանի անգամ հրդեհվել է. «Ես ինչ էստեղ եմ, էս կինը կա,- ասում է տիկին Անահիտը,- ոչ թոշակ է ստանում, ոչ նպաստ, մենք հարևաններով ուտելիք ենք տալիս, մի կերպ ապրում է: Նրա տեղը ծերանոցն ա կամ հոգեբուժարանը: Նա ի վիճակի չէ իրեն պահել»:

Տիկին Անահիտի խոսքով` էստեղ ապրելը վտանգավոր է ոչ միայն շենքի վթարային լինելու պատճառով, այլև համաճարակների. «էս նկուղը հիվանդության բուն ա, շենքի կանալիզացիան, աղբը էստեղ ա հավաքվում»,- ասում է տիկին Անահիտն ու ցույց տալիս այն պատնեշը, որ բնակիչները կառուցել են սենյակների և աղբակույտի ու կոյուղաջրերի միջև` պաշտպանվելու մոծակներից և առնետներից:

«Հիմա տեսնենք, եթե շակալություն չանեն, եթե բարեհոգի լինեն, անպայման մեզ կաջակցեն,- ասում է նա,- բոլորին դիմել ենք` նախագահին, քաղաքապետին, Ազգային ժողովին, ցույցեր ենք արել: Մեզ ասել են, որ մինչև տարվա  վերջ մեր հարցը լուծելու են»:

Ըստ կառավարության որոշման` արտահերթության հիմք է տրվում այն շենքին, որն ամբողջությամբ վթարային է, երկու մուտք ունի, հարկայնությունը 5-ից բարձր է, բնակիչների թիվը` 72-ից ավելի: Այս շենքն ամբողջությամբ համապատասխանում է որոշման պահանջներին:

«Մեկ էլ տեսնում ես` շենքի քարերը պոկվեցին ընկան,- ասում է տիկին Անահիտը,- մի քանի օր առաջ մի մեծ քար ընկավ, բախտներս բերեց, որ տակը մարդ չկար»:

Պատերի ճեղքերն անզեն աչքով տեսանելի են, և սարսափում ես` տեսնելով շենքի բակում անհոգ խաղացող երեխաներին, որոնց կյանքը մազից է կախված:

 

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply