Ադրբեջանցիների հերթական «մեծ տոնը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2011 13:11

Այսօր Ադրբեջանում նշվում է հերթական «մեծ տոնը» – Ազգային փրկության օրը: Ահա այսպես, 21-րդ դարում Եվրախորհրդի անդամ երկրում պետական տոն է նախկին կոռումպացված ղեկավարի վերադարձը մայրաքաղաք:

1993թ. հունիսի 15-ը ժամանակակից Ադրբեջանի պատմության մեջ մտավ որպես Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Հեյդար Ալիեւի իշխանության վերականգնման օր: Իսկ Ալիեւն իշխանությունից հեռացվել էր կոռուպցիայի ահռելի չափերի համար (իհարկե, այսօր Բաքվի պաշտոնական քարոզչամեքենան հորինել է անհեթեթ մի վարկած, թե Ալիեւը Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունից հեռացվել է հայերի սադրանքով):

Հեյդար Ալիեւը 11 տարի ձգտում էր վերադառնալ իշխանության` սկսած 1982 թվականից, երբ փաստացի պաշտոնանկ արվեց Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից: Ալիեւը Մոսկվայում նստած առիթը բաց չէր թողնում իրեն փոխարինած Քյամրան Բաղիրովին խանգարելու համար: Խորհրդային Միության փլուզման գործընթացին եւ ազգայնական տրամադրությունների աճին զուգահեռ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում Ալիեւի քայքայիչ գործունեության համար ստեղծվում էր առավել պարարտ հող` դրածոների միջոցով ամբողջ երկրում նախիջեւանյան կլանի արմատները տարածելով:

Դեռեւս 1969-82 թվականներին լինելով Ադրբեջանի Կոմկուսի ղեկավարը` Հեյդար Ալիեւը դարձավ Բաքվի ադրբեջանական բնակչության ավելացման չհայտարարված արհեստական ծրագրի հեղինակն ու կատարողը: 1975 թվականին Բաքվի բնակչության միայն 47 տոկոսն էին ադրբեջանցիներ:

Ղարաբաղյան հակամարտության առաջին փուլի ժամանակ, հենց ադրբեջանական աղբյուրների համաձայն, Հեյդար Ալիեւն առանցքային դերակատարություն ունեցավ հակահայկական հիստերիայի հրահրման մեջ: Հետեւանքը եղան Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի ջարդերը: Այդ ժամանակվա Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովը մեղադրեց Հեյդար Ալիեւին եւ նրա կողմնակիցներին շուրջօրյա հակահայկական եւ հակախորհրդային հանրահավաքների մասնակիցներին պարենով ապահովելու մեջ:

Սակայն Ալիեւի աստղային ժամը եղավ Ադրբեջանի հրահրած ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին: Միայն Ադրբեջանի Ժողովրդական ճակատի նման ապաշնորհ քաղաքական ուժը կարող էր երկիրը հասցնել Հեյդար Ալիեւի վերադարձի անհրաժեշտության: Ալիեւը եղավ միակը, ով ի վիճակի էր բանակցությունների մեջ մտնել հայկական կողմի հետ:

Անհրաժեշտ է ընդունել, որ հունիսի 15-ն իսկապես կարեւոր ամսաթիվ է Ադրբեջանի պատմության մեջ: Հեյդար Ալիեւը կարողացավ կանգնեցնել ղարաբաղյան ճակատում ունեցած խոշոր պարտությունների ֆոնին ներքին հակամարտությունից մասնատվող այդ պետության լիակատար կազմալուծումը: Սակայն այդ ամսաթիվը եղավ նաեւ նախիջեւանյան կլանի բացահայտ բռնատիրության հաստատատման գործընթացի սկզբնակետը: Կլանը Ժողովրդական ճակատից վերցրեց միջնադարի վայրի ավանդույթների տարածման ծրագիրը:

Ավտորիտար պետության կառուցման ծրագիրն այժմ շարունակում է Իլհամ Ալիեւը: Սեփական բնակչության ապուշացման գործընթացը տարվում է հակահայկական հիստերիայի եւ այսպես կոչված «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի անձի պաշտամունքի ամրապնդման ուղղություններով:

Նախնադարյան հետամնացությունը, անբուժելի գավառականությունը, պատմական փաստերի խեղաթյուրումը Ադրբեջանի իշխանությունների առօրյան է: Տոնի գլխավոր խորհրդանիշը բոլոր հեռուստաալիքների եթերում Հեյդար Ալիեւի գլխով երկրորդ լոգոյի հայտնվելն է: Ադրբեջանում այսօր տոն է:

 

NEWS.am

 

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply