Արարատի քաղաքապետը կեղծել է նախկին քաղաքապետի ստորագրությունն ու մի շարք հաստատություններ յուրացրել. Նախընտրական կրքեր Արարատում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2011 13:03

Արարատի մարզի երկու քաղաքներում` Արտաշատում եւ Արարատում նույն օրը` հուլիսի 3-ին, տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Արտաշատում գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանից բացի իրենց թեկնածությունն են առաջադրել եւս երեք շարքային թեկնածուներ, իսկ Արարատում` պայքարի են ելել նախկին եւ ներկա քաղաքապետերը` Աբրահամ Բաբայանն ու Արարատը 8 տարի կառավարած Հակոբ Թովմասյանը: Արարատցիները սպասվող ընտրությունների մասին խոսելիս չեն բացառում հնարավոր բախումներն ու լարված իրադրությունները` հաշվի առնելով նախկին եւ ներկա քաղաքապետի միջեւ առկա լարված հարաբերությունները:

NEWS.am-ը նախընտրական իրավիճակի եւ ընտրությունների հնարավոր ելքի մասին զրուցել է Հակոբ Թովմասյանի հետ, ով նախկին ՀՀԿ-ական է (Նա ՀՀԿ-ից հեռացվել է կուսակցության որոշմամբ):

Պարոն Թովմասյան, ինչո՞ւ կրկին որոշեցիք առաջադրվել Արարատի քաղաքապետ:

Նկատեցի, որ պահանջարկ կա, դրա համար էլ առաջադրվեցի:

Եվ ինչպե՞ս է արտահայտվում այդ պահանջարկը: Ի՞նչ է, արարատցիները դիմել են Ձեզ ու խնդրել առաջադրվե՞լ, թե՞ այլ շահագրգիռ ուժեր են առաջարկել կրկին թեկնածու առաջադրվել:

Ոչ, ի՞նչ խնդրել, խնդրել չկա, ո՞վ է ում խնդրում, ո՞վ է ում պարտական: Պարզապես ինձ ասացին, որ իմ կարիքը, որպես քաղաապետ, զգացվում է:

Այս անգամ ի՞նչ նախընտրական ծրագրով եք հանդես գալու:

Իմ նախորդ նախընտրական ծրագրի շարունակությունն է լինելու, փորձելու եմ ավարտել իմ կիսատ թողած գործերը: Մասնավորապես`քաղաքի արտաքին քաղաքականության հետ կապված ծրագրերը, որոնց ուղղությամբ գործող քաղաքապետի քաղաքականությունը լիովին ձախողված կարելի է համարել: Խոսքը միջազգային կառույցների, դոնոր կազմակերպություններին քաղաքի կառավարման գործում ներգրավելու մասին է: Այդ ուղղությամբ գործող քաղաքապետը ոչ մի քայլ չի ձեռնարկում, ինչի մասին կարող են վկայել ոչ միայն քաղաքի բնակիչները, այլ նաեւ դեսպանատներն ու միջազգային կառույցները:

Գործող քաղաքապետի պաշտոնավարման տարիներին ի՞նչ գնահատական կտաք:

Ես չեմ որդեգրել իմ մրցակից թեկնածուին գնահատական տալով քարոզարշավ ծավալելու քաղաքականությունը, հետեւապես գնահատականներ չեմ տա, կխոսեմ միայն փաստերով: Համոզված եմ, որ կարելի էր այս ընթացքում անել 10 անգամ ավելին, քան արվել է: Ըստ իս, քաղաքում չի պահպանվել արժեքային համակարգը, որը ձեւավորվել էր տարիների ընթացքում, փակվել են մի շարք հաստատություններ: Բացի այդ, գործող քաղաքապետն իմ ստորագրությունը կեղծելով մանկապարտեզներ ու պատկերասրահ է յուրացրել, ինչպես նաեւ քաղաքապետարանի նիստերի դահլիճը: Իմ ձեռքի տակ կան դրանց մասին վկայող համապատասխան փաստաթղթեր, եւ բացի այդ, ես գլխավոր դատախազին հանցագործություն կատարելու մասին հաղորդում եմ ներկայացրել:

Ուզում եմ ընդգծել, որ ինձ համար գերնպատակ չէ քաղաքապետ դառնալը, այլ կրկին քաղաքին իր նախկին արժեքային համակարգը, որպեսզի մարդիկ կրկին ապրեն հանգիստ, ազատ ու առանց վախի:

Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ հարաբերությունների մեջ եք Բաբայանի հետ: Հիմնավո՞ր են արարատցիների կասկածներն այն մասին, որ ընտրությունների ժամանակ Ձեր եւ Բաբայանի կողմնակիցների միջեւ բախումներն անխուսափելի են լինելու:

Իմ կողմից նման բաներ մի սպասեք: Ես նրա բոլոր հայտարարություններին վերաբերում եմ հումորով: Իմ մասին նրա կողմից արվող բամբասանքները լսում եմ ծիծաղով, ու ասում եմ` դե տղա է, հիմա, թող ասի, բայց դրանք նրան պատիվ չեն բերում: Ես հակառակ մարտավարությունն եմ որդեգրել` իր մասին ոչ մի բան չեմ խոսում, կողքիններիս էլ խնդրել եմ անել նույնը:

Պարոն Թովմասյան, իսկ այս ընտրություններում Ձեզ ո՞վ է աջակցելու: Աբրահամ Բաբայանը ՀՀԿ-ական է, եւ վայելում է այդ կուսակցության աջակցությունը: Դուք որեւէ կուսակցության կողմից աջակցություն ակնկալո՞ւմ եք:

Ինձ կաջակցի ժողովուրդը, ընտրողը: Ակնկալում եմ նաեւ այլ կուսակցությունների աջակցությունը: Թեեւ պաշտոնական հայտարարություններ այդ մասին դեռեւս չեն արվել, սակայն առանձին մարդիկ մոտենում եւ հայտնում են իրենց աջակցության մասին: Ինձ համար կարեւորը նրանց քվեն է` կընտրե՞ն` բարի, կծառայեմ, չե՞ն ընտրի` ոչինչ, ինչով կարող եմ, կաջակցեմ նրանց:

Ժամանակ առաջ  լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հրապարակվեց, որ Դուք առեւանգել եք հարազատներ չունեցող, 4 երեխաների մայր Լուսինե Հարությունյանին, որպեսզի  վերջինիս բնակարանը գրանցել տաք Ձեր  քրոջ աղջկա օգտին: Ի՞նչ կասեք այդ մասին:

Դա բացարձակ զրպարտանք է, ես ո՞վ եմ, որ մարդ առեւանգեմ, ես այդ դաստիրակությո՞ւնն ունեմ: Այդ կինը, ում մասին ասում եք, իմ հորաքրոջ աղջկա տագեր կինն է: Ես այդ դեպքի հետ ընդհանրապես կապ չունեմ, եւ Լուսինե Հարությունյանին վերջին անգամ տեսել եմ 10 տարի առաջ: Այդպիսի խոսակցությունները նպատակ ունեն նախընտրական շրջանում վարկաբեկել ինձ, սակայն ես դրանց հումորով եմ վերաբերվում:

Հայտնի է, որ ընտրություններում մեծ դերակատարում ունեն ֆինանսները, որոնք հարկավոր են հազար ու մի խնդիրներ լուծելու համար: Դուք անհրաժեշտ ֆինանսներ կամ ֆինանսական դոնորներ ունե՞ք:

Ես կտրականապես դեմ եմ ֆինանսական լծակներով ընտրվելուն: Եթե ինձ մեկ միլիոն դոլար գրանտ տան ու ասեն` գնա փողով ընտրվի, ես միանշանակ դեմ կլինեմ, քանի որ եւ ընտրողը, եւ ընտրվողը այդպիսով կհայտնվի վատ վիճակում:

Ձեզ հայտնի՞ է, թե գործող քաղաքապետն ինչ միջոցներով է փորձելու վերանվաճել քաղաքապետի աթոռը, նա ունի՞ աջակիցների անհրաժեշտ բանակ:

Եթե կարծում է, որ եթե ունի, ապա թող արդար ընտրության գնա եւ արդյունքներն ակնհայտ կդառնան: Բոլորին է հայտնի, թե նա ինչպես է նախորդ անգամ ընտրվել:

 

Զրուցեց Ելենա Գեւորգյանը


 

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply