«ARMENIA EXPO 2011» տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորում` Երեւանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2011 11:52

Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 16-18-ը կանցկացվի «ARMENIA EXPO 2011» 11-րդ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը: Այն կազմակերպում է «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ընկերության լրատվության հարցերով պատասխանատու Արմինե Հակոբյանը,

ցուցահանդեսային ֆորումն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարություններին եւ արտացոլում է մեր երկրի այս տարիների տնտեսական նվաճումները:

«Յուրաքանչյուր ցուցահանդես համարվում է տվյալ երկրի տնտեսության հայելին: «ARMENIA EXPO»-ն, լինելով Հայաստանում կազմակերպվող կարեւորագույն եւ խոշորագույն ցուցահանդեսային ֆորումը, իրականում արտացոլում է պետության տնտեսական աճը եւ նվաճումները»,-ասաց Ա. Հակոբյանը: Նրա խոսքով’ «ARMENIA EXPO 2011»-ը իրավամբ համարվում է Հայաստանի գլխավոր եւ տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսային ֆորումը, որի անցկացման ծավալները եւ իրական նշանակությունը դժվար է չգնահատել:

Ըստ նրա’ այս ցուցահանդեսն ամեն տարի լայն հնարավորություն է տալիս մասնակից ձեռնարկություններին ներկայացնելու նոր տեխնոլոգիաներ, համակարգեր եւ բաղադրիչներ, ինչպես նաեւ նորագույն լուծումներ արդյունաբերության տարբեր ոլորտներում:

Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 180 տեղական եւ օտարերկրյա կազմակերպություններ 14 պետություններից, ինչպես նաեւ ընկերություններ եւ միություններ: Մասնակից երկրներներն են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Արաբական Էմիրությունները, Գերմանիան, Վրաստանը, Թուրքիան, Չինաստանը, Լեհաստանը, Իտալիան:

Ցուցահանդեսային ֆորումն իր մեջ ներառում է 9 զուգահեռաբար անցնող ցուցահանդեսներ’ «Արդյունաբերական Հայաստան EXPO 2011», «Շինարարություն EXPO 2011», «Սնունդ եւ ըմպելիքներ EXPO 2011», «Տրանս EXPO 2011», «Կոմպ EXPO 2011» «Պոլիգրաֆիա. Հրատարակչություն. Գովազդ EXPO 2011», «Կահույքի սրահ EXPO 2011», «Ֆինանսներ, վարկ, ապահովագրություն եւ աուդիտ EXPO 2011», «Հանգիստ եւ ժամանց EXPO 2011»:

 

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply