ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը վերականգնում է ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի ջրամատակարարման համակարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հունիսի 15, 2011 11:51

Այստեղ եւս շուտով կվայելեն հոսող ջրի բերկրանքը
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ ԱՄՆ արեւելյան ափի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում մեկնարկել Է խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը:
Նախորդ դարի 30-ականներին կառուցված ջրամատակարարման ներքին ցանցն ամբողջովին շարքից դուրս է եկել եւ շահա•ործման համար պիտանի չէ: Գյուղապետ Սամվել Հակոբջանյանի խոսքով` կենցաղային կարիքները հոգալու համար գյուղացիները ջուրը կրում են գյուղի աղբյուրներից:
Ծրագրով նախատեսվում է գյուղի համար նոր ներքին ցանց կառուցել: Կվերանորոգվեն Տնջրի եւ Հաչա աղբյուրների աղբյուրակապերը, կկառուցվի 100 մ3 եւ 150 մ3 տարողությամբ երկու օրական կարգավորման ջրամբար, 11 կմ երկարությամբ ութ ջրատարերի միջոցով ներքին ցանցը կմիացվի աղբյուրներին եւ առանձին ջրագծերով ջուրը կհասցվի տներ: Ներկայումս կատարվում են Տնջրի աղբյուրակապից մինչեւ գյուղ տանող ջրատարի կառուցման աշխատանքները:
ՙՋրի հարցը Հայաստանի ու Արցախի շատ գյուղերում դեռեւս մնում է հրատապ լուծում պահանջող խնդիր, եւ պատահական չէ, որ այս տարի եւս Հիմնադրամի հանգանակած գումարների զգալի մասը կուղղվի գյուղական համայնքներում ջրամատակարարման ծրագրերի իրականացմանը՚,- ասում է ՙՀայաստան՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Արդեն 2012 թ. սկզբին գյուղի 270 ընտանիքները (ավելի քան 1050 բնակիչ) կապահովվեն կանոնավոր ջրամատակարարմամբ:

Դիտվել է 815 անգամ:

Leave a Reply