Գեղարքունիքում գարնանացանը նոր է ավարտվում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2011 10:36

Տեղումներով սկսված հունիս ամիսը դժվարություններ է ստեղծել Գեղարքունիքի մարզի երկրագործների համար’ խաթարելով ցանքի բնականոն ընթացքը: Մասնագետների գնահատմամբ’ գարնանացանի աշխատանքները Գեղարքունիքում ուշացել կամ ձգձգվել են առնվազն քսան օրով, եւ դրանք ավարտին հասցնելու համար տնտեսությունները ջանքեր են գործադրում նաեւ այս օրերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի’ գյուղատնտեսության աջակցության կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանը, մեկ ամսից ավելի է, ինչ մարդիկ հարկադրված են չնայել եղանակային ոչ բարենպաստ պայմաններին եւ ամեն գնով հողին սերմը պահ տալու եղանակներ են որոնում: Այսօրվա դրությամբ հիմնովին ավարտվել են գարնանացան հացաբույսերի եւ կերային մշակաբույսերի ցանքերը’ զբաղեցնելով համապատասխանաբար 30 հազար եւ 8 հազար հեկտար տարածք: Կարտոֆիլի ցանքը եւս կարելի է ավարտված համարել, բացառությամբ մի քանի հարյուր հեկտարների, որոնք առայժմ չեն ցանվում գերխոնավության պատճառով: Իսկ ընդհանուր առմամբ մարզում արդեն ցանվել է մոտ 14 հազար հեկտար կարտոֆիլ: Հողին պահ է տրվել ավելի քան 300 տոննա առաջին վերարտադրության բարձրորակ տնկանյութ: Ընթացքի մեջ են բանջարբոստանային մշակաբույսերի սածիլման եւ ցանքի աշխատանքները: Տնամերձ հողամասերում երկրագործները սածիլում են կաղամբ, ծաղկակաղամբ, լոլիկ, պղպեղ, ցանում լոբի, սիսեռ, ոլոռ, արեւածաղիկ, վարունգ, դդում, կանաչեղեն:

Բանջարբոստանային մշակաբույսերը կզբաղեցնեն 1600-2000 հեկտար տարածք, դրանց սածիլումն ու ցանքը կավարտվի մեկ շաբաթից: Վերջին օրերի ընթացքում նորատունկ սածիլները որոշ համայնքներում տուժել են կարկուտից, եւ այժմ վերասածիլման աշխատանքներ են ընթանում Մարտունի քաղաքում, Լիճք, Զոլաքար, Վաղաշեն համայնքներում: Պտղատու ծառերն արդեն պտղակալել են եւ առայժմ չեն տուժել ցրտից կամ կարկտահարությունից:

 

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply