Հայաստանով մեծապես հետաքրքրված են գերմանացի, ճապոնացի, իսրայելցի զբոսաշրջիկները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 14, 2011 23:47

Այս տարի եւս տուրիզմը քանակապես աճ է ապրում մեր երկրում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը, յուրաքանչյուր տարի, բացառությամբ 2009-ի, ներգնա տուրիզմի քանակական աճ է գրանցվել Հայաստանում:

Տուրիստական սեզոնը Հայաստանում սկսվել է: Մայրաքաղաքի կենտրոնում եւ հանրապետության այլ հատվածներում գտնվող հյուրանոցներում ծանրաբեռնվածությունը տարբեր է: Հ. Հակոբյանի խոսքով’ կա ծանրաբեռնվածության ճիշտ բաշխման խնդիր: «Իհարկե, նոր հյուրանոցների ստեղծման կարիք եւս կա, քանի որ տուրիստների թիվն օրեցօր ավելանում է, սակայն եթե ճիշտ բաշխվեն, ապա միջոցները առավել օպտիմալ կօգտագործվեն»,- ասաց ասոցիացիայի նախագահը’ նկատելով, որ հանրապետության տարբեր վայրերում ճանապարհների խնդրի լուծման հարց կա:

«Մեր երկրի պայմանները պետք է բարելավենք»,- նկատեց Տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Մինասյանը’ շեշտելով, որ Հայաստանը անվտանգ երկիր է, իսկ հայ մարդը հյուրընկալ է: Ըստ Ռ. Մինասյանի’ անհրաժեշտ է պարզել, թե որքան է մեր հյուրանոցների ծանրաբեռնվածությունը, եւ ինչ ծանրաբեռնվածության կարող են դիմանալ դրանք: Նա նաեւ նկատեց, որ մեր հյուրանոցներում կարեւոր մի խնդիր կա. սպասարկող անձնակազմի 90 տոկոսից ավելին պատահական սկզբունքով ընտրված կադրեր են, մինչդեռ տուրիզմի զարգացման առումով շատ կարեւոր է կադրերի ճիշտ ընտրությունը:

Բանախոսը նշեց, որ ճապոնացիների, գերմանացիների, իսրայելցիների շրջանում մեծ հետաքրքրվածություն կա մեր երկրի հանդեպ: Բանախոսները համոզված են’ տուրիզմը եկամուտ է բերում երկրին եւ աշխատատեղ ստեղծում: Նրանց խոսքով’ Հայաստանում զբոսաշրջային սեզոնը կարճ է, ուստի պետք է մտածել այն առավել արդյունավետ կազմակերպելու մասին:

 

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply