Ոստիկանների վնասազերծած կասկածյալը վիրահատությունից հետո մահացել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 14, 2011 23:11

Այսօր ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել էր մտնել Երեւանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը:

Քանի որ այս տարվա ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում ջրմուղի աշխատակցի անվան տակ մի շարք ավազակային հարձակումներ էին կատարվել, մասնավորապես, երեքը’ Կենտրոն, երկուսը’ Մալաթիա-Սեբաստիա եւ մեկական դեպք’ Ավան, Արաբկիր եւ Աջափնյակ համայնքներում, ոստիկանները կասկածել են, որ հնարավոր է’ վերջին դեպքը նույն շարքից է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողները, անմիջապես մեկնելով ահազանգի հետքերով, հետապնդել են ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողին, որը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը: Ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոցից հետո վնասազերծել են նրան:

Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է վիրահատության, սակայն գիտակցության չգալով’ մահացել է:

Պարզվել է, որ նա 1981 թ. ծնված Արման Ենգիբարյանն է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply