Այսօր արյան դոնորի միջազգային օրն է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 14, 2011 18:06

2005թ. Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է Արյան դոնորի համաշխարհային օր:

Արյուն առաջին անգամ փոխներարկվել է մարդուց մարդուն 1819թ. Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդկային կյանք:

Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2010թ. կատարվել է մոտ 15 000 արյունատվություն: Սակայն մենք ունենք հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր:

Ըստ ՀԱԿ-ի երաշխավորագրերի` արյան բաղադրամասերով և պատրաստուկներով երկրի պահանջարկն ապահովելու համար Հայաստանում, ելնելով բնակչության քանակից, անհրաժեշտ է իրականացնել 60000 արյունատվություն:

Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ տվյալ հիվանդների հարազատները ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ այս հիվանդները չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասերը:

Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են կադրային դոնորները` 43.6%, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անվարձահատույց կամավոր դոնորները, որոնք Հայաստանում կազմում են 6.6 %: Այս խնդրի լուծումն անհատույց կամավոր դոնորության քարոզչությունն է հասարակության լայն շրջաններում, հատկապես երիտասարդության մեջ:

Այսօր ՙՔեթրին՚ հասարակական կազմակերպության անդամները այցելել են Արյունաբանական կենտրոն և իրականացրել անհատույց դոնորության ակցիա:

Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Շատ կարևոր է, որ այս գաղափարը սերմանվի մեր հասարակության մեջ հնարավորինս վաղ հասակից: Պետք է ձգտենք, որ Հայաստանում, ինչպես զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր և անհատույց:

Կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ` պետք է նշել, որ անհատույց դոնորությունը ազգային պատվի և սեփական արյունը նվիրաբերելու մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզվի, լուսաբանվի մեր հասարակության մեջ և խրախուսվի:

 

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply