Կազանի հանդիպման հետքերով կամ հայկական կողմի անորոշ պահվածքը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 14, 2011 17:47

Հայ հանրության շրջանում լուրջ մտավախություններ կան հունիսի 25-ին սպասվող Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպումից:

Ակնհայտ է, որ մեծ պետությունները շահագրգռված են որոշակի փոփոխություններ տեսնելու բանակցային գործընթացում: Պատահական չէ, որ Կազանի հանդիպման շուրջ ռեզոնանսները սկսվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների առաջնորդների դովիլյան հայտարարությունից հետո, որում նշվում էր, որ ՙուժի կիրառումը հանգեցրել է առճակատման ու այսօրվա անկայուն իրավիճակին՚, և առաջարկվում է կողմերին հունիսյան հանդիպման ժամանակ ավարտին հասցնել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը:

Այն, որ մեծ պետությունների շտապողականությունը կարող էր պայմանավորված լինել շփման գծում սրված խիստ անհանգիստ վիճակով, հավանական է, սակայն դա դեռ չի նշանակում, որ հնարավոր է առաջարկվող սկզբունքների շուրջ հաձայնություն ստանալ: Արդեն երկար ժամանակ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեղադրում են Մադրիդի սկզբունքների նորացված տարբերակը չընդունելու, միանշանակ պատասխան չտալու մեջ: Վերջին օրերին` Կազանի հանդիպման նախապատրաստման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելությունից հետո, հայտարարվեց, որ որոշ առանցքային հարցերում հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները: Բայց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ հայտարարեց, որ դեռ բաց հարցեր կան:

Այս առումով հիմնական ակնկալիքը կապված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Կազանի հանդիպման ժամանակ կտրուկ որոշումներ ընդունելու պատրաստակամությունից:  Ընդ որում նկատենք, որ երկու կողմերն էլ պնդում են, որ այս սկզբունքները բխում են իրենց շահերից: Սակայն խնդիրն այն է, թե ով է այդ ասում:

Ադրբեջանում այդ մասին խոսեց նախագահ Իլհամ Ալիևը` հայտարարելով, որ այս սկզբունքները թույլ կտան, որ  արցախյան կոնֆլիկտը”ՙարդար լուծում ստանա, կապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անվտանգության խնդիրները լուծում կստանան, օկուպացիոն ուժերը դուրս կբերվեն”:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա դովիլյան հայտարարությունից հետո արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը նկատեց, որ այդ հայտարարությունը ազդակ է` ուղղված Ադրբեջանին, որը փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, և ապա երկու անգամ շեշտեց, որ եթե Ադրբեջանը միանշանակ պատասխան տա առաջարկվող սկզբունքներին, ապա առաջընթաց կլինի:  Ոչ մի խոսք` առաջընթացը կբխի  հայկական շահերից, թե ոչ: Հայանպաստության մասին խոսելու պարտականությունը դրված էր ՀՀԿ պատգամավորների վրա: Սակայն հայանպաստության շուրջ մեկնաբանություններ ավելի շատ արվում էին դովիլյան հայտարարությանը հաջորդող առաջին օրերին, երբ հիմնական շեշտադրումն այն էր, թե իբր իր հայտարարություններով միջազգային հանրությունը փորձում է զսպել Ադրբեջանին: Հետո հանրապետականների ակտիվ հայտարարություններն այս հարցի մասին լռեցին, երբ պարզ դարձավ, որ հնարավոր է` Կազանի հանդիպումը հերթականը չլինի, ու կողմներն ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն:

Ի՞նչ են ենթադրում նորացված հիմնարար սկզբունքները. վտանգներ հայկական կողմի համար

Հասկանալու համար` ինչու է հայկական կողմը խուսափում ամենաբարձր մակարդակով տեղեկացնել բնակչությանը, թե ինչ է սպասվում Կազանում, և ինչ է հասկանում  հայկական կողմը առաջընթաց ասելով, պետք է նախ անդրադառնալ այն հարցին, թե ինչ են ենթադրում նորացված սկզբունքները:

Լեհական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն անկեղծացել էր այն կապակցությամբ, թե համանախագահներն այս պահին ինչ հարցերի շուրջ են փորձում ստանալ կողմերի համաձայնությունը` նշելով, որ համաձայնագրի ընդունման շրջանակը սկսել է մշակվել դեռ 2004-ից, և արդեն մեծ առաջընթաց են գրանցել, մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը. “Դրանք առնչվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների ազատմանը` բացառությամբ Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի, փախստականների վերադարձին, ինչպես նաև այն երկրների կողմից անվտանգության երաշխիքների տրմանը, ովքեր ի վիճակի են դա անելու, այսինքն` ՄԱԿ-ի Անվտանգության  խորհրդի անդամները։ Ապա մինչև վերջնական խաղաղության կնքումը, ինչը կարող է տեղի ունենալ այդ տարածքում հանրաքվեի անցկացումից հետո, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարց։ Հատուկ կարգավիճակը չպետք է էապես տարբերվի այն կարգավիճակից, որն այս պահին ունի ԼՂՀ-ն։ Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի այդ միջանկյալ կազմավորման միջազգային ճանաչումը”,-ասել է նա:

Որպես ամենախնդրահարույց հարց բանագնացը նշել է հանրաքվեի անցկացումը, որը, ըստ նրա, հայկական կողմը պատկերացնում է 1989 թ. մարդահամարի արդյունքների վրա հիմնված պարզ քվեարկության միջոցով, երբ հայերը գործնականում երեք անգամ գերազանցում էին ադրբեջանցիներին, իսկ Բաքուն էլ  պահանջում է այն անցկացնել ողջ Ադրբեջանի տարածքում: Իհարկե, այստեղ կարող է գործել այն սկզբունքը, որ համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ: Շահարկվում է նաև խաղաղապահների տեղակայման խնդիրը:

Սակայն իրականում հայ հասարակության ներսում խնդրահարույց հարցերը սկսում են ոչ թե հանրաքվեի անցկացումից, այլ ազատագրված տարածքների վերադարձի վտանգից: Հայաստանում հանրային կարծիքը լուրջ փոփոխություններ է կրել վերջին տարիներին, և խնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակների անհրաժեշտության շուրջ նախագահի բազմաթիվ ելույթներն անգամ չեն կարող հանրությանը համոզել, որ դրանց վերադարձն անխուսափելի է: Արդեն երկար ժամանակ է` խոսվում է մադրիդյան սկզբունքների ոչ հայանպաստ բնույթի ու մեծ վտանգների մասին, երբ սեփական անվտանգությունը սպառնալիքների ենթարկելով` հայկական կողմը ֆիզիկական տարածքների վերադարձի դիմաց ստանալու է թղթի վրա գրված երաշխիքներ, այն էլ այնպիսի անվստահելի կողմի ստորագրությամբ, ինչպիսին Ադրբեջանն է, որը բազմիցս ապացուցել է, որ իր իսկ դրած ստորագրությունն իր համար գրոշի արժեք էլ չունի: Այսօր կստորագրի, վաղը կխախտի համաձայնությունը և նորից կանցնի ուժային մեթոդների, ինչպես անտեսեց հենց վերջերս Սոչիում ձեռք բերված համաձայնությունը: Իսկ միջազգային հանրությունը, որ իբր պիտի ապահովի անվտանգության երաշխիքներ,  շարունակ անդեմ հայտարարություններով հավասարության նշան է դնում Հայաստանի ու մշտապես ագրեսիվ վարքագիծ ցուցաբերող Ադրբեջանի գործողությունների միջև:

Հետևաբար, ո±վ է ստիպելու Ադրբեջանին տարածքները ստանալուց հետո հանրաքվե անցկացնել,  մանավանդ որ ըստ էության նախատեսվում են խնդիրների կարգավորման փուլային լուծումներ: Եվ, առհասարակ, ի՞նչ երաշխիք կա, որ ազատագրված տարածքների վերադարձը նվազեցնելու է պատերազմի վտանգը և չի ազատելու Ադրբեջանի նման անկանխատեսելի պետության ձեռքերը` էլ ավելի վստահ դիմելու պատերազմի: Ստացվում է, որ հայկական կողմի պատկերացումները խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհի մասին ենթադրում է կարգավորում ցանկացած զիջումների գնով, վերադարձ նախապատերազմյան վիճակին, ընդ որում, առանց հայ փախստականների և Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական հողերի վերադարձի: Արդյոք սա համապատասխանո±ւմ է Սերժ Սարգսյանի այն հայտարարություններին, թե պետք է վերացնել ոչ թե կոնֆլիկտի հետևանքները, այլ պատճառները: Ո՞ր պատճառներն են վերացվում առաջարկվող փաստաթղթով, ի՞նչ նկատի ունի հայկական կողմը, երբ ասում է, թե հայկական կողմի ու միջազգային հանրության մոտեցումներն արցախյան հարցի հիմնահարցի կարգավորման շուրջ համընկնում են, արցախահայության ճակատագիրը միջազգային հանրության մոտեցումներո՞վ է  որոշվում: Հավանաբար հենց այս հարցերի պատասխանները չունենալն է ստիպում լռել իշխանություններին:

Նկատենք, որ վերջին օրերին մամուլում, սոցցանցերում ու բլոգերում տեղեկատվություն է շրջանառվում, որ ազատագրված տարածքները հանձնելու փորձի դեպքում ՀՀ զինված ուժերի տարբեր ուսադիրներ կրող պաշտոնյաներ ուղղակի չեն ենթարկվի բարձրագույն իշխանությանը: Եվ առհասարակ սա այն հարցն է, որի շուրջ փաստացի զիջումները կարող են հանգեցնել ավելիին, քան ուղղակի իշխանությունից զրկվելուն: Մամուլում համեմատություններ եղան նաև Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի հետ, որ սպանվեց տարածքներ հանձնելու շուրջ համաձայնության գալու համար: Ուրեմն, Սերժ Սարգսյանը կգնա± զիջումների` իշխանությունը կորցնելու վտանգը հաշվի առնելով, թե՞ ոչ:

Շատերը պնդում են, որ Կազանում կարող է լինել  ուղղակի հերթական հանդիպում, կամ կստորագրվի ինչ-որ սիմվոլիկ հայտարարություն, բայց ոչ ավելին: Ի դեպ, մի քանի օր առաջ ՀՀ-ում էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահն ու ԱԳ նախարարը: Իրենց հայաստանցի գործընկների հետ հանդիպումներից հետո նրանք կարծիք հայտնեցին, որ Կազանում կարող է լինել հայտարարություն, բայց կարող է լինել նաև փակուղային իրավիճակ: Նման մեղմ որակումները վկայում են, որ հավանաբար ՀՀ-ում ստացել են որոշ երաշխիքներ, որ ոչ մի լուրջ տեղաշարժ չի լինի Կազանում: Ինչևէ , ինչպես նշել է Հայաստանում Լիտվայի դեսպանը, Կազանի հանդիպման վերաբերյալ ցանկացած կանխատեսում անշնորհակալ գործ է, սակայն լուրջ շրջադարձի դեպքում էլ անկանխատեսելի զարգացումներ կլինեն հենց Հայաստանում:

Ներքաղաքական զարգացումներ

Առավել քան հետաքրքիր պատկեր է ստեղծվել ներքաղաքական դաշտում արցախյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացների շուրջ: Ակնհայտորեն քաղաքական հիմնական խաղացողները խուսափում են արտահայտվել այս թեմայով, ավելի շատ հնչում են փորձագիտական կարծիքներ:

Իշխող կուսակցության մասին արդեն վերը խոսեցինք: Շատ ավելի զավեշտալի իրավիճակ է ընդդիմության դաշտում: Հայ ազգային կոնգրեսը կարծես թե իր վրա է վերցրել Սերժ Սարգսյանի մեջքը պահելու խնդիրը: Տպավորություն է ստեղծվում, որ երկխոսության վերաբերյալ արդեն երկար ժամանակ շարունակվող հայտարարությունները, անհամաձայնությունները երկխոսության օրակարգի շուրջ և փոխադարձ մեղադրանքներն ավելի շատ միտված են հանրության ուշադրությունը շեղելու արցախյան խնդրի շուրջ տեղի ունեցող ակտիվ զարգացումներից: Ավելին, ՀԱԿ-ն առհասարակ խուսափում է Կազանի հանդիպման և հնարավոր արդյունքների մասին կարծիք հայտնելուց: Միայն հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց արցախյան հիմնախնդրի մասին այն համատեքստում, որ մոտենում է արցախյան խնդրի հանգուցալուծումը, և արտաքին քաղաքական ճնշումներին դիմակայելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է բնակչության աջակցությունը, իսկ եթե  փակագծերը բացենք, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը նկատի ուներ սեփական աջակցությունը Սերժ Սարգսյանին, ինչը, ըստ էության, հիմա ՀԱԿ-ը տրամադրում է` ունենալով համապատասխան ակնկալիքներ և չքննադատելով իշխանությանը (չնայած շատ բարդ է պատկերացնել քննադատություն, երբ արցախյան հիմնահարցի լուծման շուրջ ՀԱԿ-ի ու իշխանության պատկերացումները գրեթե համընկնում են): Պատահական չէ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում են, որ իրենք պատասխան են սպասում անձամբ Սերժ Սարգսյանից:

Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիր ուժերին, մասնավորապես`  “Ժառանգությանը” և Դաշնակցությանը, այս ուժերը նույնպես արցախյան զարգացումների շուրջ իրենց հայտարարությունները փորձում են ծառայեցնել ներքաղաքական խնդիրների լուծմանը և դիվիդենտների ձեռքբերմանը` պնդելով մասնավորապես, որ արցախյան հարցի շուրջ ՀԱԿ-ն ու իշխանությունը գնացել են ՙհանցավոր համաձայնության՚: Իսկ ավելի լայն կտրվածքով կարգավորման գործընթացի ներկայիս առաջարկների լուրջ վտանգների մասին հայկական կողմի համար առանձնապես չեն բարձրաձայնում:

Աստղիկ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 1606 անգամ:
Print Friendly

Leave a Reply