ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը կմասնակցի Դուշամբեում անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 14, 2011 17:19

Եռօրյա աշխատանքային այցով այսօր Տաջիկստանի հանրապետություն է մեկնել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու հունիսի 14-ից 17-ը Դուշամբեում կայացող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (Խորհուրդ) 34-րդ նիստին:
ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների մակարդակով անցկացվող նիստում նախատեսվում է քննարկել նաև առանձին երկրներում մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունները: Կներկայացվեն նաև Խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի աշխատանքների արդյունքները:
Նիստի ընթացքում նախատեսված է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ, ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ Ա. Շաբոյանի ելույթը՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունների, մրցակցության կարգավորման ոլորտում կատարված աշխատանքների, իրականացվող վարույթների ընթացքի և այլ առանցքային հարցերի վերաբերյալ:
Խորհրդի ներքո գործող շտաբի աշխատանքներին կմասնակցի նաև ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը: Շտաբի օրակարգում են հեռահաղորդակցության, ավիափոխադրումների և մանրածախ առևտրի ոլորտում իրականացվող համատեղ վարույթների ընթացքի վերաբերյալ քննարկումները:
Հիշեցնենք նաև, որ ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստը կայացել է Երևանում:

 

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply