«Մաթեմատիկա» առարկայի միջին միավորը նվազագույն շեմից ցածր է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 14, 2011 16:17

Արդեն հայտնի են «Մաթեմատիկա» առարկայի միասնական ընդունելության քննության արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, «Մաթեմատիկա» առարկայի միջին միավորը 6.3 է’ նվազագույն շեմից էլ ցածր: 17.5-20 միավոր հավաքել է 5 դիմորդ կամ դիմորդների’ 0.5 տոկոսը: 13.5-17.25 միավոր հավաքել են մասնակիցներից 9-ը կամ 2.1 տոկոսը: 7.5-13.25 միավոր հավաքել է 131 մասնակից կամ 30.4 տոկոսը: Դրական շեմը չեն հաղթահարել 289 դիմորդներ կամ մասնակիցների 67.1 տոկոսը: Քննությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 544 դիմորդներ, սակայն քննությանը ներկայացել են 431-ը:

Գնահատականների ցածր լինելու հանգամանքը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Նրա խոսքով’ նմանատիպ իրավիճակի պատճառը ոչ թե այն է, որ թեստերը բարդ են եղել, այլ’ դիմորդների կրթական մակարդակը չափազանց ցածր է: «Նույնիսկ նրանք չեն կարողացել հաղթահարել բանաձեւային իմացություն պահանջող առաջադրանքները»,- նշեց Գ. Խաչատրյանը’ հավելելով, որ դրա պատճառն այն է, որ հասարակության լայն շերտերում կա անտարբերություն մաթեմատիկական մասնագիտությունների նկատմամբ: «Չպետք է մոռանալ, որ այսօր շուկան է թելադրում իր պահանջները»,- նկատեց ԳԹԿ տնօրենը:

Անդրադառնալով հարցին’ հնարավո՞ր է արդյոք’ այս տարի տվյալ առարկայի մասով լինի նվազագույն շեմի փոփոխություն’ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մաթեմատիկա» առարկայի միջին միավորը նվազագույն շեմից էլ է ցածր’ Գ. Խաչատրյանը բացառեց դրա հնարավորությունը:

 

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply