Կրակոցներ են հնչել մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում. ոստիկանը կրակել է զինված քաղաքացու վրա (ֆոտո)

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | հունիսի 14, 2011 16:17

Երեւանում այսօր` հունիսի 14-ին ժամը 13:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տարածքում գետնին ընկած է հրազեն, որի մոտ առկա են արյան հետքեր: Դա նշանակում է, որ ինչ-որ մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկությունների, եղել է մի քանի կրակոց:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ հրազենային վնասվածք ստացածը փորձել է ավազակային հարձակում կատարել: Երբ ոստիկանները հետապնդել են նրան, նա մետրոյի մոտ, մարդաշատ վայրում կրակել է ոստիկանների ուղղությամբ: Ոստիկաններից մեկը նախազգուշական կրակոց է արձակել օդ, որից հետո կրակել է նաեւ ավազակային հարձակում կատարողի վրա եւ վնասազերծել նրան: վերջինիս տեղափոխել են հիվանդանոց:

Այս պահին դեպքի վայրում է Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության (6-րդ վարչություն) Գագիկ Ավետիսյանը, Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանապետ Վահան Մամիկոնյանի տեղակալ Արթուր Օսիկյանը:

Այստեղ են հավաքված մեծ թվով քաղաքացիներ: Նրանց մուտքը նշված տարածք արգելել ու համար իրենց ծառայությունն են կատարում ոստիկանապության պարեկա-պահակային ծառայության աշխատակիցները` հրամանատար Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, նաեւ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարության պետ Աշոտ Կարապետյանը:

Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հրահանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչները` հատկապես կարեւորագույն գործերով վարչության պետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները:

Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը եւ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի ոստիկանության հենակետում զրուցում են այն ոստիկանի հետ, ով վնասազերծել է հանցագործին:

Վիրավորվածի ինքնությունն ու տեղի ունեցածի հանգամանքները պարզ կլինի մի փոքր անց:

 

Դիտվել է 2039 անգամ:

Leave a Reply