Ռ. Մելքոնյան. «Թուրքիայում սկսվում է քաղաքական առեւտրի մի նոր փուլ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 14, 2011 16:12

«Ինչպես եւ սպասելի էր, Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին իշխող կուսակցության հաղթանակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը’ հավելելով, որ չնայած դրան, այդ կուսակցությունը խորհրդարանում նախորդ ընտրությունների համեմատ կունենա ավելի քիչ պատգամավորական մանդատ: «Հետեւաբար իշխող կուսակցությունը ստիպված է լինելու բանակցել խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերի հետ, որպեսզի կարողանա հասնել իր ցանկացած սահմանադրական փոփոխություններին: Այսպիսով, կարելի է ասել, որ Թուրքիայում սկսվում է քաղաքական առեւտրի մի նոր փուլ»,- ասաց թուրքագետը: Նա հատկանշական համարեց այն հանգամանքը, որ քեմալական կուսակցությունը կարողացել է ավելացնել իր քվեները: Ըստ նրա’ եթե ազգայնական շարժումը չմտներ խորհրդարան, Ռեջեբ Թայիբ Էրդողանը հեշտությամբ կլուծեր իր առջեւ դրած խնդիրը’ ունենալով ավելի շատ մանդատ:

Ռ. Մելքոնյանը չհամաձայնեց այն կարծիքներին, թե ազգայնականությունը Թուրքիայում նահանջում է: «Այսօր Թուրքիայում ազգայնականության հստակ աճ կա: Դա են փաստում սոցիալական հարցումները: Ուղղակի քաղաքական ընտրություններում ազգայնականությունը վերաբաշխվել է տարբեր քաղաքական ուժերի միջեւ»,- ասաց բանախոսը: Նրա գնահատմամբ’ հստակ հաղթանակ են տարել նաեւ քրդերը, որոնց կուսակցությունը, չնայած չի հաղթահարել 10 տոկոսանոց շեմը, սակայն մեծամասնականով կարողացել է 36 պատգամավոր ունենալ նոր խորհրդարանում, ինչը, ըստ Ռ. Մելքոնյանի, աննախադեպ երեւույթ է:

Անդրադառնալով այն հարցին’ նախապատվությունը որ կուսակցությանն են տվել Թուրքիայի հայ համայնքը, Ռ. Մելքոնյանը հավաստիացրեց, որ, նախորդ ընտրությունների նման, այս անգամ էլ հայերը նախապատվությունը տվել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը: Թուրքագետն այս հանգամանքը բացատրեց նրանով, որ հայ համայնքն ունի շատ փոքր ընտրության հնարավորություն’ ընտրել է վատի եւ վատագույնի միջեւ: Ռ.Մելքոնյանը ցավով նշեց, որ այս խորհրդարանում տեղ են գտել պատմակեղծարարներ, որոնք հստակ զբաղվում են Հայոց ցեղասպանության հարցի ուրացման եւ պատմության մեջ կեղծարարությամբ, ինչը ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունները Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը շարունակելու են որակական նոր մակարդակով:

Արմենպրես

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply