Ըստ Ռ. Կիրակոսյանի` «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում թուրքական կողմի թույլ տված սխալներն ամրապնդել են Հայաստանի դիրքերը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 14, 2011 16:02
Թուրքիան այժմ չի կարեւորում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման գործընթացի վերսկսումը. դա է ապացուցում նաեւ այն, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ոչ մի քաղաքական ուժ բացարձակապես չանդրադարձավ Հայաստանին, այդ թվում’ ղարաբաղյան հիմնահարցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը’ ընդգծելով, որ թե’ իշխող «Արդարություն եւ զարգացում», թե’ մյուս հիմնական քաղաքական կուսակցությունների’ իրենց նախընտրական քարոզչության ընթացքում Հայաստանին անդրադառնալուց հրաժարվելը պայմանավորված է հասարակական կարծիքի հետ հակասության մեջ չմտնելու հանգամանքով:
«Բացահայտ է այն, որ թուրք հասարակության մոտեցումն այլ է Հայաստանի նկատմամբ: Թուրքիայում հասկանում են, որ արձանագրությունների ստորագրումն ու դրան հաջորդած քայլերն ամբողջությամբ վարկաբեկել են թուրքական արտաքին քաղաքականությունը: Շարքային թուրքերի համար Հայաստանը չի ընկալվում որպես թշնամի պետություն, իսկ ահա պաշտոնական Թուրքիայի մոտեցումը նախապայմաններով բանակցելու մարտավարությունն էր, որն անընդունելի էր թե’ Հայաստանի, թե’ միջազգային հանրության համար: Ահա եւ ներքին քաղաքական պայքարում, հասարակության հետ հակասություններից խուսափելու համար Հայաստանը մոռացության մատնվեց»,- ասաց վերլուծաբանը’ նշելով, որ այժմ արտաքին քաղաքական գերակայությունների թվում Թուրքիայի համար ազդեցությունների խորացումն է Սիրիայում, Լիբիայում, Հորդանանում:
«Թե ի՞նչ ընթացք կստանա հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը նոր խորհրդարանի շրջանակներում, կտեսնենք ապագայում, սակայն միանշանակ է, որ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո ավելի հաստատուն է մնացել միայն հայկական կողմի դիրքը, եւ Էրդողանի կողմնակիցների’ հարցի հետագա քննարկումների համար առաջացել են բազմաթիվ նոր խոչընդոտներ, որոնք ի հայտ եկան «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում», – հավաստիացրեց Ռ. Կիրակոսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
